Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի բուն բովանդակությանը, ապա այն կարելի է որակել կարճ ու կոնկրետ ձևակերպմամբ՝ «արդեն մշտական դարձած ստերի ու մանիպուլյացիաների հերթական դոզա»:
Օրինակ՝ նա հայտարարում է, թե «Արցախը կոմունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։ Բնականաբար, հարց է ծագում. երբ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է, թե փակելու է Լաչինի միջանցքը, այսինքն՝ Հայաստանի հետ միակ կապն ապահովող ուղին, ապա այդ ինչպե՞ս է Արցախը շահելու կոմունիկացիաների բացումից։ Իսկ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օգտագործման մասին խոսք լինել անգամ չի կարող։
Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստումներին, ապա դրանք, ինչպես միշտ, այդպես էլ մնում են «սառույցին գրված»։ Օրինակ՝ նա հայտարարում է, թե 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինն ընդհանրապես չի փոխվելու: Մարդը հույս ունի, որ մոռացել ենք, թե ինչպես էր ժամանակին էլ խոստանում, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանալու, այնինչ արդեն թանկացել է մոտ 20 դրամով։
Նույն շարքին պետք է դասել նաև Փաշինյանի խոստացած պղնձաձուլարանի կառուցման թեման։ Մասնագետներն արդեն իսկ հայտարարում են, որ դա պարզապես իրականություն չի կարող դառնալ:
Կարդացեք նաև
Վերադառնանք Արցախի խնդրին: Ասել, որ Փաշինյանի դիտարկումներն այս առումով շատ տարօրինակ ու անհասկանալի են, նշանակում է ոչինչ չասել։ Օրինակ՝ նա հայտարարում է, թե Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դեռ մի կողմ թողնենք հարցի ձեռնածության ողջ մասշտաբը: Այս հարցում էլ է նա մեծ վարպետ: Պարզապես հարց է ծագում՝ ինչքանո՞վ է պատեհ, որ նա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարություն անի, երբ Ալիևը Արցախյան հիմնախնդիրը համարում է փակված ու Հայաստանի նկատմամբ էլ պահանջներ է ներկայացնում։
Չնայած, իզուր էլ զարմանում ենք. Փաշինյանն իր խոսքում հատուկ ճիգեր էր գործադրում Հայաստանի նկատմամբ Ալիևի հոխորտանքներն արդարացնելու նպատակով, այն է՝ ադրբեջանցիները հայտարարում են, թե Երևանն ադրբեջանական է, քանի որ հայերն էլ 1994 թվականին են հայտարարել, թե Բաքուն հայկական է։ Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, թե Փաշինյանը մենախոսություն էր կազմակերպել՝ արդարացնելու թուրքադրբեջանական բոլոր նախապայմաններն ու հանրությանը հստակ նախապատրաստեր առաջիկայում սպասվող նոր կապիտուլյացիային:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում