«Հետքի» մեր գործընկերների տեղեկություններով` Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվելուց առաջ եղել է Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նեւիսի կոչվող պետության քաղաքացի: Այդ հրապարակմանն ի պատասխան` պաշտոնապես հայտարարվել է, որ տեղեկությունը ստուգվում է ԱԱԾ-ի կողմից: Դա, իհարկե, անհրաժեշտ է, չնայած ավելի լավ կլիներ, որ Փաշինյանը նման հանձնարարություն տար 2018 թվականի մայիսին, ոչ թե ասեր, որ նախագահի թղթերի հարցում ամեն ինչ նորմալ է:
Ուշագրավ է, որ այժմ նախագահի աշխատակազմը հայտարարում է, թե «Հետքի» հրապարակումը կեղծ օրակարգ է ստեղծում, բայց չի հերքում այս հրապարակման բովանդակությունը, ինչը, բնականաբար, խորացնում է կասկածները:
Սակայն, անկախ նրանից, թե որոնք են նախագահի հրաժարական տալու իրական պատճառները, այդ քայլի հետեւանքները քիչ թե շատ ակնհայտ են: Ինչպես ՀՀԿ-ն ընտրել էր իր համար հարմար նախագահ, որն, իր կարծիքով, չէր խոչընդոտի իր ծրագրերի իրականացմանը, այդպես էլ ՔՊ-ն հիմա օգտվելու է նույն հնարավորությունից:
Ինչի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Գործող Սահմանադրությամբ` նախագահի միակ համեմատաբար լուրջ իրավասությունը ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները չստորագրելը եւ դրանք Սահմանադրական դատարան ուղարկելն է: Հիմա պատկերացրեք, որ մեր խորհրդարանն ընդունում է օրենք, ըստ որի, ապրիլի 24-ն այլեւս սգո օր չէ: (Վերցնում եմ ծայրահեղացված օրինակ, բայց ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունը «հայ-թուրքական կարգավորման» շրջանակներում այդպիսի մի քայլի ստիպված կլինի գնալ): Հայաստանի քաղաքացիների մեծ մասի կողմից նման քայլը, որքան հասկանում եմ, նորմալ կընդունվի՝ միայն թե «նախկինները» չվերադառնան: Սփյուռքում այդպիսի մոտեցումներն, իհարկե, ցասում են առաջացնում: Նախկին նախագահը, որը սերտորեն կապված էր Սփյուռքի հետ, այդ բովանդակությամբ օրենք չէր ստորագրի եւ այն կուղարկեր Սահմանադրական դատարան: Վերջինս էլ, քանի որ ամբողջությամբ Փաշինյանի գրպանում չէ, դեռ պարզ չէ, թե ինչ որոշում կկայացներ: Մի խոսքով, գլխացավանք կլինի: ՔՊ-ի կողմից նշանակած նախագահն առանց որեւէ գլխացավանքի կստորագրի ցանկացած «հայ-ադրբեջանական» կամ «հայ-թուրքական» փաստաթուղթ: Այդպիսով, ներկա իշխանության ծրագրերն իրականացնելու համար «ընթացակարգային» որեւէ խոչընդոտ չի լինի:
Իսկ թե անձնապես ով է լինելու ԱԺ բոլոր որոշումների «դակողը», դա այնքան էլ կարեւոր չէ, Հայաստանում հազարավոր մարդիկ կան, որոնք պատրաստ են այդ ոչ բարդ աշխատանքը կատարել` վայելելով ինչ-որ ձեւական, արտաքին հաճույքներ՝ նստավայր, թիկնազոր, էսկորտ եւ այլն: Ի՞նչ իմաստ կա սուրճի բաժակ նայելու՝ որոշելու համար, թե ինչ է լինելու այդ մարդու ազգանունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ