Լրահոս
Օրվա լրահոսը

«Շշի Մելոյի» մահափորձի գործով՝ արդարացումներ

Հունվար 27,2022 13:30

Պաշտպանական կողմը ողջ դատաքննության ընթացքում վիճարկում էր դեպքի վայրի զննության արձանագրությունը տարբեր գրիչներով գրելու, հայտնաբերված «Արարատ» եւ «Վինսթոն» տեսակի ծխուկները, հետագայում այնտեղ դրված լինելու հանգամանքը, ավելին՝ դրա վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, կատարվել է քննություն, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Մասնավորապես, պաշտպանական կողմը վիճարկում էր, որ կատարվել է կեղծիք՝ փորձագետին տրամադրված հիշյալ երեք ծխուկները իրականում չեն հայտնաբերվել դեպքի վայրում, չեն հանդիսանում այն ծխուկները, որոնք քննիչը հայտնաբերել է, դրանք փոխված են ըստ էության նույն օրը ձերբակալվելուց հետո Պետրոս Էլբակյանի եւ Ջեմսիկ Մարտիրոսյանի կողմից այլ վայրում ծխած եւ թողնված ծխուկներով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Գ. Շահբազյան) հունվարի 10-ին ավարտվեց Արթուր Մխիթարյանի, Պետրոս Էլբակյանի, Ջեմսիկ Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը: Հրապարակվեց արդարացման դատավճիռը: Ամբաստանյալների պաշտպանությունն իրականացրած պաշտպանները՝ Գայանե Գրիգորյանը, Վահագն Մարտիրոսյանը, Գեորգի Մելիքյանը, Արմեն Մելքոնյանը եւ Էդգար Արամյանը հանդես էին եկել պաշտպանական ճառերով, հրապարակել այնպիսի փաստեր, որոնք լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս իրավապահների, նախաքննությունն իրականացրած մարմնի գործողությունների մասին:

Նախաքննական մարմինն ամբաստանյալների նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2 մասի 1, 6, 7, 8 կետերով, 235 հոդվածի 2-րդ մասով, 185 հոդվածի 2-րդ մասի 1, 2 կետերով:

Մեր հրապարակումը 2019 թվականի օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին Ազգայի ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան եւ նրան ուղեկցող Nissan Patrol մակինշի ավտոմեքենան պայթեցնելու գործի մասին է։ Երեք ամբաստանյալներն էլ հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները «գործով չպարզված անձանց հետ», «դեռեւս չպարզված ժամանակահատվածում» ստանալով ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» սպանության պատվերը, «հանցանքը կատարելու համար միավորվել են կազմակերպված խմբի կազմում: Հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, կայուն խմբի վերոհիշյալ անդամներից՝ Պետրոս Էլբակյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը հանդիսանալով Շիրակի մարզի բնակիչներ, դեպքին նախորդող ժամանակահատվածում բնակություն են հաստատել Երեւանում: Հանցավոր խմբի մյուս անդամ Արթուր Մխիթարյանը, հանդիսանալով Պետրոս Էլբակյանի մորեղբոր որդին, աջակցել է վերջինիս Երեւան քաղաքում կացության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»: Մեղադրական եզրակացության համաձայն, նրանք ձեռք էին բերել ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարք, ապա հետեւել Մելիք Մանուկյանին, թե երբ է «Սարանիստ» ՍՊԸ-ից դուրս գալիս, ներս մտնում, հետեւել ապակե տարաների արտադրամասի, կից ավտոկայանատեղիի անցուդարձը:

2019 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Մելիք Մանուկյանը, Մարկոս Մարկոսյանը եւ Վահան Եղիազարյանը, Մելիք Մանուկյանի կողմից վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 LL 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, իսկ Էդգար Եղիազարյանը եւ Մաթեւոս Կարապետյանը՝ Կարեն Ղազախյանին պատկանող «Նիսսան Պատրուլ» մակնիշի 35 MD 686 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, դուրս են եկել Աբովյան քաղաքի Կարմիր Բանակայինների 6/10 հասցեում գտնվող «Սարանիստ» ՍՊ ընկերության ապակե տարաների արտադրամասի տարածքից եւ երթեւեկել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի ուղղությամբ, որի ընթացքում Ջեմսիկ Մարտիրոսյանը, Պետրոս Էլբակյանը, Արթուր Մխիթարյանը եւ վերջիններիս հանցակիցները հետեւելով հիշյալ ավտոմեքենաների շարժին, ոտնձգելով Մելիք Մանուկյանի, Մարկոս Մարկոսյանի եւ Վահան Եղիազարյանի կյանքի դեմ, շատերի` «Նիսսան Պատրուլ» մակնիշի 35 MD 686 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ գտնվող Էդգար Եղիազարյանի եւ Մաթեւոս Կարապետյանի, ինչպես նաեւ տվյալ ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների կյանքի համար վտանգավոր եղանակով՝ էլեկտրական մարտկոցից լարերի միջոցով պայթուցիկ սարքին էլեկտրական իմպուլս փոխանցելու եւ դետոնացիա առաջացնելու միջոցով, գործարկել են պայթուցիկ սարքը՝ առաջացնելով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի պայթյուն՝ վնասելով «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ «Ռենջ Ռովեր» մակնիշի, 555 LL 05 հաշվառման համարանիշի եւ Կարեն Ղազախյանին պատկանող՝ «Նիսսան Պատրուլ» մակնիշի, 35 MD 686 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ավարտին չեն հասցրել դիտավորությամբ ընդգրկված հանցավոր արարքը, քանի որ վնասվել են միայն հիշյալ ավտոմեքենաները, որի արդյունքում «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի՝ 1.191.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ Կարեն Ղազախյանին՝ 1.513.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Պաշտանական կողմի դիտարկմամբ՝ քրեական գործում առկա ապացույցներով չփարատված կասկած է Մելիք Մանուկյանի ներկայությունը նշված ավտոմեքենայում:

Ըստ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանի, իր պաշտպանյալը 2019 թվականի օգոստոսի 2-ին գտնվել է տանը, նկատել, որ հարեւան՝ Արմենակյան փողոցի շուրջ հավաքվում են իրավապահ մարմնի աշխատակիցներ՝ ավտոմեքենաներով: Շան հետ զբոսնել է, վերադարձել երկու ժամ հետո, նկատել, որ իրավապահ մարմնի աշխատակիցները դեռ իր ծնողների տան մոտ են, սակայն նրան չեն մոտեցել: Գործով վկա Արթուրի կինը համացանցով դեռ առավոտյան էր տեսել Երեւան-Սեւան մայրուղու վրա պայթյունի մասին լրահոսը, ապա ցույց տվել ամուսնուն, այսինքն, ըստ պաշտպանի, Արթուրն այդ մասին տեղեկացել էր կնոջից: Արթուրը դստեր խնդրանքով գնացել էր մոտակա սուպերմարկետ հաց գնելու, նրան էին մոտեցել ԱԱԾ մի քանի աշխատակից, ստեղծել բերման ենթարկելու իմիտացիա, ինչին Արթուրը վրդովված ասել է՝ առավոտից տանս մոտ հավաքվել եք, ինչու եք խանութում հարեւանների ներկայությամբ նման բան անում: Դիմադրություն ցույց չտալով՝ նա, այնուամենայիվ, գնացել է իրավապահների հետ: Նա բերման է ենթարկվել 2019 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 23:10-ին, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Մխիթարյանը բերման է ենթարկվել առանց ծանուցագրի, առանց պատշաճ տեղեկանալու, թե ինչ հիմքով, ինչի համար է բերման ենթարկվում: Ի դեպ, դատական գործընթացի ժամանակ, պաշտպանը ներկայացրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում իր պաշտպանյալի, որը երրորդ խմբի հաշմանդամ է, հաշվառման մեջ գտնվելու մասին տեղեկանքը: Առանց պաշտպանի լինելով հանդերձ՝ Ա. Մխիթարյանը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ու այդ խնդիրներով անձին պահել են անմարդկային պայմաններում: Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, Արթուրը բողոքի ձեւ է ընտրել՝ կատարել է բազմաթիվ ինքնավնասումներ, նրան բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Դատական քննության ժամանակ, օպերատիվ տվյալներին ծանոթանալով, պարզվել է, որ Արթուրի անունն ընդհանրապես չի եղել հանցանքը կատարած անձանց անունների մեջ: Նրան ստիպել են, սպառնացել վնասել ընտանիքի անդամներին, որպեսզի ասի անուններ, ասի դեպքի մասին, իսկ պաշտպանի ահազանգից հետո Հատուկ քննչական ծառայությունում Արթուրը ճանաչվել է տուժող թիվ 62223819 քրեական գործով: Նրա խոշտանգումների մասին պաշտպանը տեղեկացրել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, հանրապետության դատախազին, վարչապետին… «Հրազդան» ՔԿՀ-ի ամբուլատոր քարտի համաձայն, Ա. Մխիթարյանի մոտ հայտնաբերվել էր աջ ուսահոդի եւ աջ կողատակի սալջարդեր, որոնք պատճառվել են բութ առարկաներով: Իսկ ՔԿՀ գրանցամատյաններում չեն եղել բավարար տվյալներ վնասվածքների նկարագրության վերաբերյալ:

Պաշտպանի ճառի համաձայն. «Այս առումով անդրադառնալով մեղադրողի ճառին, որը փորձում էր այդ վնասվածքների առաջացման պատճառը կապել պաշտպանյալիս մեղադրանքի հետ, հարկ է նշել, որ ի հակասություն մեղադրողի կողմից ներկայացված ենթադրությունների՝ այդ վնասվածքներով ոչ թե հաստատվում է պաշտպանյալիս առնչությունը իրեն մեղսագրված արարքին, այլ հաստատվում է այն փաստը, որ պաշտպանյալիս նկատմամբ ի սկզբանե իրականացվել է ապօրինի հետապնդում, վերջինս ներգրավվել է սույն քրեական գործով ընդամենը այն պատճառով, որ հավանաբար նախաքննական մարմինը կարծել է, որ հնարավոր է պաշտպանյալս տիրապետում է որոշակի տեղեկությունների եւ գործի դնելով հնարավոր օրենքի խախտումները, ամեն գնով պաշտպանյալիցս ստանալու են իրենց համար նախընտրելի ցուցմունքները: Ավելին, անհասկանալի է մեղադրողի կողմից այդ վնասվածքների առաջացման պատճառի կապումը Ա. Մխիթարյանին մեղսագրված արարքի հետ, քանի որ սույն գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ միանշանակ հերքվել է Ա. Մխիթարյանի մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքների առաջացումը պայթյունի հետեւանքով: Պաշտպանյալս չի տիրապետել որեւէ տեղեկության, ինչը եւ հայտնել է ի սկզբանե եւ մինչ օրս: Որպես ասվածի ապացույց նշեմ, որ պաշտպանյալիցս այլ անձանց մերկացնող ցուցմունքներ կորզելու ակնկալիքով, տեղյակ լինելով, որ պաշտպանյալս տառապում է հոգեկան առողջության խնդիրներով, ամեն կերպ խոչընդոտել են, որպեսզի ապահովեն Ա. Մխիթարյանի պաշտպանության իրավունքը: Իսկ Ա. Մխիթարյանին ենթարկել են խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, ինչը հաստատվեց արդեն ՀՔԾ հարուցված քրեական գործի շրջանակներում, երբ փորձագետը հետեւությունները բաժնում նշեց, որ Ա. Մխիթարյանի վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, այլ ոչ թե պայթյունի հետեւանքով»:

Պետրոս Էլբակյանը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ Մելիք Մանուկյանին չի ճանաչում եւ վերջինիս սպանության փորձի հետ առնչություն չունի: Դատաքննության փուլում Պետրոս Էլբակյանը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, եղել է Նորքում՝ իր հորաքրոջ տանը, առավոտից երեկո դուրս չի եկել տնից, շինարարական աշխատանքներ է կատարել, եւ իր ծխախոտի ծխուկները չէին կարող հայտնաբերվել այդ վայրից։ Մեղադրանքում նշված որեւէ հանգամանքի հետ ինքը կապ չունի, իր հեռախոսը միշտ միացված է եղել։ Հայտնեց, որ «Արարատ» տեսակի ծխախոտ է ծխում։ Երբ բերման է ենթարկվել, ոստիկանությունում 2 հատ նշված ծխախոտից է ծխել…
Նշեմ, որ դատարանը պաշտպան Գեորգի Մելիքյանի կողմից ներկայացված ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված թիվ 62225520 քրեական գործի նյութերը, որպես ապացույց, կցել է քրեական գործին եւ համարել հետազոտված:

Պաշտպանները դատարանի ուշադրությունն էին հրավիրել վաղուց մոռացված՝ «Ընթերակաների ինստիտուտի» գործողություններին. «Ընթերակաների դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, ըստ էության, նույնաբովանդակ էին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված ցուցմունքներին, տարբերությունն այն էր, որ վկա Գ. Լալայանը հայտնեց, որ A4 ֆորմատի թղթի վրա առկա են եղել կնիքներ, որոնց վրա քննիչի հորդորով ստորագրել է եւ դրանք փակցվել են դեպքի վայրից հայտնաբերված եւ փաթեթում տեղավորված փաթեթների վրա, իսկ Մ. Չափարյանը հայտնեց, որ քննիչի կողմից ներկայացվել է A4 ֆորմատի որեւէ կերպ չլրացված դատարկ թուղթ, որի վրա ինքն ու Գ. Լալայանը ստորագրել են՝ մեկ տող ինքը, մեկ տող՝ Գ. Լալայանը եւ տրամադրել են քննիչին: Բացի այդ, դատաքննության ընթացքում հայտնեցին, որ դեպքի վայրի զննության ընթացքում հիմնականում գտնվել են դրսում, ներկա չեն եղել իրերի հայտնաբերման եւ փաթեթավորման ընթացքին»:

Այս գործով պաշտպանական կողմը միջնորդություն էր արել, որպեսզի փորձաքննության ենթարկվի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:

Ըստ պաշտպանների՝ մեղադրական եզրակացությամբ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի ծավալը ամբողջությամբ արտատպված էր մեկը մյուսից եւ պարզ չէր, թե ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրյալներից հատկապես ով, երբ եւ ինչ արարք է կատարել. «Մեղադրական եզրակացությունը ընդհանրական է եւ ակնհայտ է, որ նախաքննական մարմինը որեւէ հետեւության չի հանգել մեղադրյալներից յուրաքանչյուրին մեղսագրված արարքի ծավալի հարցում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31