Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր է լուծել դժվա՛ր խնդիրները… Երբ ամեն ինչ կա՝ հետաքրքիր չէ»

Հունվար 27,2022 13:00

Այս կարծիքին են ռուսաստանցի ճանաչված արվեստագետները

Ընթացիկ թատերաշրջանի սկզբից Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական աժիոտաժը՝ պայմանավորված նոր տնօրինության նշանակումով, ակնհայտ է։ Մեկը մյուսի հետեւից վերականգնվում են ներկայացումներ, օրինակ՝ իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադին վերականգնեց Վերդիի իր «Աիդան», հրավիրվեցին ճանաչված դիրիժորներ Մարկ Կիսոցին (Շվեյցարիա), Ալեսանդրո Բոնատոն (Իտալիա), Միհրան Աղաջանյանը (ՌԴ), ինչպես նաեւ ճանաչված երգիչներ… թվարկումը երկար ժամանակ կպահանջի։

Բայց իսկապես աննախադեպ մի երեւույթի արժե հաճախ անդրադառնալ. դա հանրահայտ Գեորգի Կովտունի խորեոգրաֆիայով Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բեմադրությունն է, որի պրեմիերան կայացավ Ամանորի շեմին։ Աննախադեպ է այն, որ գոնե մեր իրականությունում, երբեւէ չի եղել դեպք, երբ պրեմիերայից մեկ ամիս առաջ վաճառվեն բոլոր տոմսերը։ Ընդ որում, այդպես է նաեւ հիմա՝ պրեմիերայից հետո։ Մի աշխատաոճ էլ է որդեգրել տնօրինությունը. երբեւէ չէինք հանդիպել, որ խորհրդատվության համար թատրոն հրավիրվի անվանի, այս դեպքում՝ լեգենդար արվեստագետ։ Խոսքը բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի մասին է, որը հենց Երեւանում որոշում կայացրեց իր ծննդյան հոբելյանը նշանավորել մեր օպերային թատրոնում իր խորեոգրաֆիայով Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ։

Այս օրերին թատրոնում են նույնպես ճանաչված դեմքեր Ռուսաստանից՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունեւը ու Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Մոսկվայի Գելիկոն-օպերայի ռեժիսոր եւ մեներգիչ Վյաչեսլավ Ստարոդուբցեւը։ Նրանց հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ հրավիրված են Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի բեմադրական աշխատանքները նախաձեռնելու նպատակով։

Օկունեւ ազգանունը ծանոթ է մեր հանդիսատեսին «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացումից. նրա հայրը՝ Վյաչեսլավ Օկունեւը, այդ բեմադրության սցենոգրաֆն ու զգեստների նկարիչն է։ Որդին՝ Պյոտր Օկունեւը, ասաց, որ Երեւանի օպերային թատրոնում իր առաջին կնոջ՝ նույնպես դիզայներ, Օլգա Շայշմելաշվիլիի համահեղինակությամբ 2005թ. իրականացրել են Ռախմանինովի «Ալեկո» օպերան՝ Իռկին Գաբիտովի ռեժիսուրայով։ Հավաստիացրեց նաեւ, որ առաջիկայում ռեժիսորը կժամանի Երեւան՝ օպերան վերականգնելու նպատակով։ Ափսոսանք հայտնեց, որ «Ալեկո»-ի երեւանյան պրեմիերային ինքը ներկա չի եղել՝ գերծանրաբեռնվածության պատճառով. «Ըստ էության սա իմ առաջին այցն է Երեւան։ Իսկ «Ալեկո»-ն բեմադրելիս կնոջս հետ աշխատում էի օնլայն ռեժիմով»։

Դիտարկմանը, թե ռուսաստանյան ԶԼՄ-ներն անդրադառնալով իր արվեստին, նշում են, որ դիզայների իրականացրած աշխատանքների թվում են շուրջ 50 օպերային, բալետային եւ դրամատիկական ներկայացումներ՝ ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արտերկրյա թատրոններում, մեր զրուցակիցը նախ ժպտալով ասաց, թե օպերային եւ բալետային ներկայացումները ոչ թե 50, այլ 60-ն անց են եւ, իսկապես, բեմանկարչական աշխատանքներ է կատարել Մոսկվայի «Լենկոմ», Սանկտ Պետերբուրգի «Կոմիսարժեւսկայա, Միխայլովյան, Նովոսիբիրսկի NOVAT թատրոններում եւ այլն։ Խնդրեցինք նշել օպերային ներկայացումների անվանումները։ Արվեստագետը բարձրաձայնեց տարբեր օպերային թատրոններում որպես բեմանկարիչ հետեւյալ աշխատանքները՝ «Ռիգոլետո», «Տանհոյզեր», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Կարմեն», «Տոսկա», «Պատերազմ եւ խաղաղություն»… հետո էլ կատակեց՝ դիմելով մեզ. «Ստուգում եք, թե ինչ օպերաների բեմադրական աշխատանքների մասնակից եմ եղել, որ գոնե մոտավոր կարծի՞ք կազմեք, թե ինչպիսին կլինի երեւանյան «Տուրանդոտը»…»։ Պյոտր Օկունեւին փոխանցեցինք մեզ հետ զրուցած իր գործընկերների մտահոգությունը, թե կգա մի օր, որ արագ փոփոխվող ժամանակակից տեխնիկան լիովին կփոխարինի իրենց։ Մեր զրուցակիցը համամիտ չէր ասվածին. «Նույն բեմադրության մեջ մեկտեղել եւ տրադիցիոն բեմանկարչությունը, եւ մուլտիմեդիայի տեխնոլոգիաները՝ ինչը նախատեսել եմ երեւանյան «Տուրանդոտում», հնարավոր է։ Բայց իմ գործընկերների մտահոգությունը, միանշանակ, չեմ կիսում, թեեւ չեմ բացառում, որ կլինեն եւ կան որոշ ներկայացումներ, որոնք արվում են զուտ տեխնիկայով։ Կրկնում եմ՝ դրանք, գոնե դեռեւս, հատուկենտ են»։

Վյաչեսլավ Ստարոդուբցեւն էլ ասաց, թե ծանոթ է հայազգի օպերային ձայներին. «Բառերով չեմ կարող արտահայտել, հավանաբար բնությունն է օժտել նման բացառիկ տեմբրով… Ծանոթանում էի «Տուրանդոտում» ներգրավված ձեր թատրոնի մեներգիչներին եւ իսկապես հիացած եմ, կարծես ընկել եմ հիանալի ձայների օվկիանոս։ Եվ մի շատ կարեւոր փաստ. ճիշտ է, դեռեւս ծանոթանում եմ մեներգիչների հետ, բայց զգում եմ նրանց աշխատասիրությունը, նվիրվածությունն իրենց գործին»։

Արվեստագետը տեղեկացրեց, որ ուղիղ 20 տարի է, որ որպես ռեժիսոր Գելիկոն-օպերայում է եւ իրականացրել է բազմաթիվ ներկայացումներ՝ սկսած համաշխարհային գրականության նմուշներից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործություններ, որոնցից մի քանիսը թվարկեց. Ռիմսկի-Կորսակով՝ «Սադկո», Պուչինի՝ «Տուրանդոտ», Շտրաուս՝ «Չղջիկը», Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին», Վերդի՝ «Աիդա», «Ֆալստաֆ», Մոցարտ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը»… Դիտարկմանը՝ շատ է խոսվում, թե երիտասարդ դիրիժորներն այսօր չեն կարողանում աշխատանք գտնել, ինչը խնդիր է նախկին խորհրդային երկրներում, ռեժիսորը ժպտալով ընդամենն ասաց, թե հետաքրքիր է լուծել դժվար խնդիրները։ Իսկ Պյոտր Օկունեւը, նույնպես ժպտալով, ավելացրեց՝ «Երբ ամեն ինչ կա՝ հետաքրքիր չէ»։

Քանի որ հաճախ չենք հանդիպում ռեժիսորի՝ այն էլ գլխավոր, որը նաեւ օպերային երգիչ է, հետաքրքրվեցինք Գելիկոն-օպերայում հանդես եկած իր կերպարներով։ «Ստույգ չեմ կարող ասել, հավանաբար դրանք շուրջ քսանն են՝ սկսած Լենսկու դերերգից՝ «Եվգենի Օնեգինում», մինչեւ ժամանակակից հեղինակների գործերում դերերգեր»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Պյոտր Օկունեւը եւ Վյաչեսլավ Ստարոդուբցեւը՝ Երեւանի օպերային թատրոնում։

«Առավոտ» օրաթերթ
26.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31