Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել Պատմաբանասիրականի այս տարվա վերջին՝ երրորդ համարը

Հունվար 27,2022 12:30

Լույս է տեսել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես» գիտական պարբերականի (հապավումը` ՊԲՀ, գլխավոր խմբագիր՝ Անուշավան Զաքարյան, գլխավոր խմբագրի տեղակալ՝ Աելիտա Դոլուխանյան) 2021թ. վերջին՝ 3-րդ համարը: Այն բաղկացած է «Հոդվածներ, հաղորդումներ», «Քննարկումներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», «Մեր երախտավորները», «Մեր հոբելյարները», «Գիտական կյանք» բաժիններից:

Համարը բացում է «Հոդվածներ, հաղորդումներ» բաժնի՝ «Հայր Ղեւոնդ Ալիշանի գիտական եւ գրական ժառանգությունը (Հայր Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակի առթիվ)» հոդվածը. հեղինակ՝ Վարդան Դեւրիկյան: Նախաբանից հետո հոդվածագիրն անդրադառնում է Ալիշանի՝ հայ հին գրականության հրատարակման ուղղությամբ կատարած աշխատանքին: Հակիրճ ներկայացնում է մեծ գիտնականի ու հայի անցած ճանապարհի հանրագումարը: Ցույց է տալիս պատմության եւ աշխարհագրության միահյուսումը նրա որոշ աշխատություններում: Անդրադարձ է կատարում նաեւ նահապետի՝ կյանքի վերջին շրջանի պատմաբանասիրական ուսումնասիրություններին: Հոդվածում ներկայացված է նաեւ բանաստեղծ եւ հոգեւորական թարգմանիչը՝ Ալիշանը: Վերլուծված են նրա նվագները եւ նահապետի երգերը: Վերջում արված են համապատասխան եզրակացություններ:

Վարդան Դեւրիկյանի հոդվածին հաջորդում է Դավիթ Գասպարյանի հոդվածը՝ «Պետրոս Դուրյանի գեղարվեստական աշխարհը (Պետրոս Դուրյանի ծննդյան 170-ամյակի առթիվ)»: Հոդվածը բնականաբար սկսվում է նախաբանով: Մի քանի էջով Սկյուտարի սոխակի կյանքը ներկայացնելուց հետո հեղինակն անցնում է նրա անմահ ստեղծագործությունների՝ քերթվածների ու թատերգությունների վերլուծությանը. հատկապես մեծ տեղ է հատկացված քերթվածների վերլուծությանը: Գրականագետն անդրադառնում է նաեւ Դուրյանի գեղագիտությանն ու արվեստին: Վերջում՝ եզրակացություններ:

Տարեվերջյան համարի հետաքրքիր հրապարակումներից է Վահե Սարգսյանի «Հայկական եկեղեցիների պատկանելության խնդիրը վրացական մամուլում (XXI դարի առաջին տասնամյակ)» հոդվածը: Վերջինս եւս սկսվում է նախաբանով: Այնուհետ հոդվածագիրը հանգամանորեն ներկայացնում է վրաց հասարակական-քաղաքական եւ գիտական շրջանակների դիրքորոշումը խնդրո առարկա հարցի վերաբերյալ: Հոդվածն ավարտվում է եզրակացություններով:

ՊԲՀ-ի սույն համարում տեղ է գտել նաեւ Ռուբեն Սահակյանի «Ալեքսանդրապոլի եւ գավառի թուրքական բռնազավթման մասին («Կոմունիստ» թերթի 1920-1921 թթ. հաղորդագրություններում)» հոդվածը: Սկզբում, ինչպես նախորդ հոդվածներում, նախաբանն է:

Ապա հեղինակը ներկայացնում է թուրքական բանակի մուտքն Ալեքսանդրապոլ եւ հեղկոմի կազմակերպումը: Ներկայացնում է նաեւ թուրքական հանցագործություններն Ալեքսանդրապոլում եւ գավառում: Խոսում է թուրքերի արած խուսանավումների եւ սադրանքների մասին: Բացահայտում է խորհրդային իշխանությունների երկակի մոտեցումները: Անդրադարձ կա նաեւ թուրքական «հանրաքվե»-ին եւ բռնությունների սաստկացմանը: Հեղկոմի լուծարմանն էլ է տեղ հատկացված: Վերջում հեղինակը գրում է թուրքական զորքի հեռացման եւ խորհրդային իշխանության մարմինների կազմակերպման մասին, որին էլ հաջորդում են հեղինակային եզրակացությունները:
Լուսինե Սահակյանը իր «Դիտարկումներ Կոմիտաս Վարդապետ եւ Հայ Առաքելական եկեղեցի առնչությունների շուրջ» հոդվածում, նախաբանը շարադրելուց հետո, բացահայտել է Կոմիտասի հսկայական դերն ու նշանակությունը հայ հոգեւոր մշակույթի համատեքստում: Ցույց է տվել, հոգեւորական լինելուց բացի, հանճարեղ գեղարվեստագետ Կոմիտասին: Խոսել է Կոմիտաս Վարդապետ եւ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կոմիտաս Վարդապետ եւ Խրիմյան Հայրիկ հարաբերությունների մասին: Առանձին մաս է հատկացված Կոմիտաս Վարդապետի՝ Էջմիածնից հեռանալուն: Հավարտ արված են եզրակացություններ:

Հետաքրքրությամբ է ընթերցվում նաեւ Ռաֆիկ Նահապետյանի «Հայկական ժողովրդական ավանդական բնակարանային համալիրների որոշ առանձնահատկությունների շուրջ (XIX դար-XX դարասկիզբ)» վերտառությամբ հոդվածը: Այս հոդվածում նախաբանին հաջորդում է հայկական ավանդական բնակարանի առանձնահատկությունների ծավալուն եւ արժեքավոր ուսումնասիրությունն ու վերհանումը: Վերջում հեղինակն արել է իր եզրակացությունները:

«Հոդվածներ, հաղորդումներ» բաժնի մաս են կազմում նաեւ հետեւյալ նյութերը՝ Աշոտ Մելքոնյան, «Ջալալ Տեր-Գրիգորյան (Սալլյումյան). Ջավախքի արցախցի զավակը», Արմենուհի Ղամբարյան, «Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքացիական առաքելությունն ԱՄՆ (1919 թ. վերջ -1920 թ. սկիզբ)», Սիլվա Մինասյան (Արցախ), «Հատուկ անուններից կերտված նորակազմությունների կաղապարները Հովհաննես Շիրազի ստեղծագործություններում», Աշոտ Մանուչարյան, «Արշարունյաց եպիսկոպոսական թեմը (IV–XI դդ.)»:

«Քննարկումներ» բաժնում տպագրված նյութերն են՝ Երվանդ Գրեկյան, «Հացահատիկի պաշարների կուտակումն ու վերաբաշխումը Ուրարտական թագավորությունում», Վարդան Պետրոսյան, «Հին հայերենի շչական բաղաձայնները (ապաժամանակյա եւ տարաժամանակյա հայեցակետեր)»:

«Հրապարակումներ» բաժնում Անուշավան Զաքարյանի հրապարակումն է՝ «Իրազեկի (Հ. Տեր-Հակոբյան) հոդվածաշարը Գողթան գավառի կարեւոր նշանակության մասին» (Իրազեկի ծննդյան 140-ամյակի առթիվ)»:

Հաջորդը «Գրախոսություններ» բաժինն է: Այն բաղկացած է Աելիտա Դոլուխանյանի «Սրբոց տոներին նվիրված գանձարանային կանոնները (խլաթեցիական եւ հետխլաթեցիական խմբագրության գանձարաններում)», Աննա Ասատրյանի «Պետրոս Ադամյանը ժամանակակիցների հուշերում (անգլերեն)», Թաթուլ Ասոյանի «Վիկտոր Կատվալյան. Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. գիրք 2. Կոտայքի մարզ», Արսեն Հարությունյանի «Արգամ Այվազյան. Հայաստանի հունարեն վիմագրությունները եւ 18-21-րդ դարի 10-ական թվականների հունական համայնքը», Վարդան Պետրոսյանի «Վազգեն Համբարձումյան. Հայերենը եւ կելտական լեզուները (համեմատական-տիպաբանական տարբերակայնություն)» գրախոսականներից:

«Մեր երախտավորները» խորագրի ներքո կա մեկ նյութ՝ Պավել Ավետիսյան, Ռուբեն Բադալյան, Արսեն Բոբոխյան, «Հարություն Մարտիրոսյան. անվանի հնագետի 100-ամյակի կապակցությամբ»:

«Մեր հոբելյարները» բաժնում տպագրվել են Մհեր Նավոյանի «Հենրիկ Հովհաննիսյան (ծննդյան 85-ամյակի առթիվ)», Անուշավան Զաքարյանի եւ Վահան Խաչատրյանի «Վաչե Հովակիմյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)» հոբելյանական դիմանկարային ակնարկները:
«Գիտական կյանք» բաժնում կարելի է ընթերցել Ռոբերտ Ղազարյանի, Գոռ Մարգարյանի եւ Ռուսլան Ցականյանի «Արեւելագիտության ինստիտուտը 50 տարեկան է», Լիլիթ Հովհաննիսյանի «Միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության եւ Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին», Քնարիկ Ավագյանի «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին». միջազգային երկրորդ գիտաժողովը», Նինետա Ադամյանի «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» հիմնադրման 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Բարեգործությունը հայոց մեջ» գիտական միջոցառումների լուսաբանմանը նվիրված հրապարակումները:

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ
(ՀՐԱՉՅԱ ԱՐՄԵՆՅԱՆ)

«Առավոտ» օրաթերթ
26.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31