Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտություն կա՞, թե՞ չկա, խաղաղ կարգավորում պե՞տք է, թե՞ ոչ

Հունվար 27,2022 12:00

Եթե պաշտոնական Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել եւ սահմանագծման ու  սահմանազատման գործընթաց սկսել, միջնորդներն ինչո՞վ են զբաղվելու

Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում նշեց, թե Ռուսաստանը Բաքվից եւ Երեւանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։ «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձեւաչափի աշխատանքի շարունակմանը, առաջին հերթին իր մանդատին համապատասխան, հաշվի առնելով 2020-ից հետո ստեղծված տարածաշրջանային իրողությունները», – ասել էր նա, հավաստիացնելով, որ ռուսական կողմի մոտեցումը կիսում են ԵԱՀԿ ՄԽ-ի գործընկերներ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։

Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից տպավորություն է ձեւավորվում, որ հայկական կողմը կենտրոնացած է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կոնկրետ պայմանավորվածությունների գալու ելքով, չնայած այն բանին, որ պաշտոնական Երեւանը հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության շարունակման կողմնակից:

Առցանց ասուլիսում Փաշինյանն ասաց. «Ռացիոնալ դաշտում խոսք է գնում այն մասին, թե ՀՀ-ն ճանաչի՞, թե՞ չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ճիշտ չի ընկալվում խոսակցությունն այդ մասին, բայց մենք պետք է ընկալենք մի բան՝ ՀՀ օրենսդրության մաս կազմող ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Այդ համաձայնագիրը վավերացվել է դեռեւս 1992 թվին»: Հարցին՝ մենք ի՞նչ սահմաններով ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն ի պատասխան շարունակեց միտքը. «Մադրիդյան սկզբունքները, երբ որ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են՝ որպես բանակցությունների հիմք: 1992-ից դե յուրե ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների եւ տարածքների շրջանակում: Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվում: Եվ այո, սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան շատ կարեւոր է: ՌԴ ԱԳ նախարարը վերջերս հայտարարեց, որ սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են»: Փաշինյանն այնուհետեւ հավելեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի ու Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին:

Փաշինյանի բառապաշարից բացակայում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին եւս նա չի հիշատակում: Փաշինյանը, կարծես, առավելապես կենտրոնացել է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, եւ այն համարում է նախկիններից ստացած ժառանգություն, առանց հիշատակելու ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը պաշտոնական Երեւանը մինչեւ 2018թ. հետեւողականորեն առաջ է մղել եւ հասել որոշակի հաջողությունների, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող պետությունների պաշտոնյաները իրենց համատեղ հայտարարություններում այդ սկզբունքի մասին մի քանի առիթներով արձանագրել են:

Իսկ ի՞նչ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Հայաստանը սահմանազատման, սահմանագծման աշխատանքների հետ կապված, խոսելով այս մասին՝ Փաշինյանը նույն ասուլիսում նկատեց. «Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետեւյալի մասին՝ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ եւ գործը տանել դեմարկացիայի, դելիմիտացիայի»: Փաշինյանն այնուհետեւ հավելեց, որ հայկական կողմի առաջարկները գաղտնիք չեն, դա հայելային հետքաշման առաջարկն է: Բացի այդ հայտնի դարձավ, որ հայկական կողմը այդ առաջարկները ուղիղ փոխանցել է Ադրբեջանին, նաեւ Ռուսաստանին. «Մենք չենք փորձել փաստաթուղթ ձեւավորել, որը արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետները»: Փաշինյանի փոխանցմամբ՝ այն կազմվել է քննարկումների արդյունքում: Նրա խոսքով՝ որքան շուտ ձեւավորվի սահմանագծման, սահմանազատման հարցերի հանձնաժողովը, այնքան լավ: Իսկ թե ով է մասնակցել հայկական կողմի առաջարկների ամփոփմանը՝ Փաշինյանը հայտնեց, որ ՌԴ-ն ունի մասնակցություն, նաեւ Ադրբեջանի դիտարկումներն են ներառել ու վերջապես Հայաստանի:

Պաշտոնական Երեւանը նաեւ սահմանագծման, սահմանազատման հարցում Բաքվի հետ, գրեթե նույն շտապողականությունն է ցուցաբերում: Դեռ հունվարի 19-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում պատասխանում էր պատգամավորների հարցերին, եւ հայտնեց, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել եւ փոխանցել ռուսական եւ նրանց միջնորդությամբ նաեւ ադրբեջանական կողմին, եւ պաշտոնական Երեւանը սպասում է արձագանքի։ Միրզոյանը փաթեթի վերաբերյալ մանրամասներ չփոխանցեց. «Բնականաբար, մանրամասները չեմ կարող հրապարակել, եւ իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության եւ վարչապետի կողմից նախապես եւ մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման եւ հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից»։ Ասվեց, որ փաթեթը ներկայացվել է նաեւ Անվտանգության խորհուրդ։

Այստեղ էլ տպավորություն է ստեղծվում, որ Բաքվի պահանջը՝ անհապաղ սահմանագծման, սահմանազատման գործընթաց սկսել, զուգորդվում է հայկական կողմի համար խիստ անհրաժեշտ՝ սահմանային իրավիճակի կարգավորմանը ուղղված միջոցառումների կյանքի կոչման գործընթացի հետ:

Հիշեցնենք, որ այդ փաթեթի մասին նախ տեղեկացանք ՌԴ ԱԳ նախարար Լավրովից, որը հունվարի 14-ի իր ասուլիսում խոսեց նաեւ հնարավորինս արագ այս հարցով հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Միրզոյանն անցյալ շաբաթ խորհրդարանում հայտնեց, թե հանձնաժողովի ձեւավորման ժամկետների մասին ընկալումն այնպիսին է, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։ «Մենք հիմա աշխատում ենք էն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները, մտադրված կամ պատահական երբեմն, այսինքն՝ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում»։

Ուշագրավն այն է, որ եթե պաշտոնական Բաքուն հստակ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակման մասին, ապա պաշտոնական Երեւանը չի ներկայացնում այն օրակարգը, որով կցանկանար, որ միջնորդները ժամանեին տարածաշրջան:

Հունվարի 19-ին Միրզոյանն ԱԺ-ում նշել էր, թե հայկական կողմն ակնկալում է, որ առաջիկայում ի վերջո կկայանա համանախագահների այցը տարածաշրջան, որն ըստ նրա`«պարբերաբար հետաձգվել է», նախատեսված էր սեպտեմբերին, տեղափոխվել է նոյեմբեր, այնուհետեւ հունվարի կես ու կրկին չի կայացել։ «Ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից` կանխել այդ այցի տեղի ունենալը, եւ մեր համոզմունքն այն է, որ համանախագահները եւ համանախագահող երկրները չպիտի տրվեն ադրբեջանական կողմի ճնշումներին։ Այդ այցը, այնուամենայնիվ, պիտի կայանա», – ասաց նա:

Դեկտեմբերի սկզբին Ստոկհոլմում նախատեսված եւ այդպես էլ չկայացած հանդիպմանը արդեն կար հստակ օրակարգ, որով պետք է շարունակվեին բանակցությունները, եւ հնարավոր լիներ խոսել խաղաղ գործընթացի վերսկսման մասին Մինսկի խմբի ձեւաչափով, ԱԺ-ում հայտնեց Միրզոյանը. «Եվ կարող էինք արդեն խոսել, ըստ էության, խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման մասին: Ես վստահ եմ` վաղ թե ուշ Ադրբեջանը պիտի այս ձեւաչափում շարունակի խաղաղ գործընթացը, հատկապես երբ որ իրենք են շարունակաբար խոսում խաղաղ կարգավորման մասին, համաձայնագրի մասին եւ այլն: Ահա սա այն հարթակն է, այն ձեւաչափն է, որտեղ դա պետք է եւ կարող է քննարկվել»:

Ի դեպ, Միրզոյանն ակնարկեց, թե միշտ չէ, որ Ալիեւի հրապարակային հայտարարությունները համընկնում են փակ դռների ետեւում հնչեցված դիրքորոշումներին. «Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ մի քիչ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, եւ Լեռնային Ղարաբաղ ոչ հիմնախնդիր, ոչ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, չնայած այս փորձերին, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չի, եւ իրականությունն էլ այդպիսին չի: Հերթական ապացույցը կարող եք գտնել անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներին»: Միրզոյանն էլ շեշտեց, թե միջազգային հանրության համար միանշանակ է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափով, քանի որ վերջինս միակ ֆորմատն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորում։
Հետեւաբար, եթե միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի արագ գործարկման կողմնակից է, այսինքն՝ այս հարցում գոնե Հայաստանն ունի գործընկերներ, պաշտոնական Երեւանն էլ շեշտում է, որ սա միակ ֆորմատն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորում, ՀՀ իշխանություններն ունե՞ն մշակված մոտեցումներ, թե ինչ օրակարգ պետք է առաջարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Հնարավոր է, որ եթե միջնորդները ժամանեն տարածաշրջան՝ դատարկաձեռն չգան, կամ եթե նրանք գալու են ծանոթանալու կողմերի դիրքորոշմանը, Բաքվի դիրքորոշումը պարզ է, Երեւանի դիրքորոշումը ո՞րն է, միջնորդները ո՞ր հարցերով ու խնդիրներով են զբաղվելու: Եթե պաշտոնական Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել եւ սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսել, միջնորդներն ինչո՞վ են զբաղվելու:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31