Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պապիկյանի պաշտոնի օգուտը՝ բուհին

Հունվար 27,2022 14:00

Ըստ ՔՊ-ական Նարեկ Բաբայանի, բուհը կուսակցականացնում էին ռեկտորները, պրոռեկտորները, դեկանները, ուսխորհուրդները, բայց ոչ Պապիկյանը

«Այո, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է: Այդ որոշումը ե՛ս եմ կայացրել, բայց Սուրեն Պապիկյանը չի գնացել այնտեղ, ոչ էլ Տիգրան Ավինյանը՝ այնտեղ ՔՊ-ացնելու, այլ գնացել են՝ բուհերին պաշտպանեն կուսակցականացումից: Սա է գործիքը: Գնացել են, որ բուհերից արմատախիլ անեն բոլոր կուսակցական, խմբային, կոռուպցիոն եւ ենթակոռուպցիոն երեւույթները, դրա համար մանդատ ենք ստացել»,- այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին առցանց ասուլիսում: Մինչդեռ 2018-ի ապրիլին հայտարարել էր, թե՝ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն ու որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի:

«Առավոտը» ՔՊ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանին հարցրեց՝ ո՞նց է Փաշինյանը որոշել, որ Պապիկյանը դառնա ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ, բա ո՞ւր մնաց հոգաբարձուների խորհուրդը, օրենքով խորհրդի անդամնե՞րը պետք է որոշեին, թե՞ Փաշինյանը, նա այստեղ չի՞ վերազանցել իր լիազորությունները: Բաբայանը պատասխանեց. «Ինձ թվում է, սխալ ընկալման հարց է: Ես վարչապետի ասածը հետեւյալ կերպ եմ ընկալում, որ եթե Պապիկյանի առաջադրումը համաձայնեցված է, ինքը դեմ չի եղել առաջադրմանը: Իսկ մենք գիտենք, թե ով է ընտրում: Օրինակի համար կարող է վարչապետը դեմ լիներ առհասարակ առաջադրմանը: Միայն Պապիկյանի դեպքը չի, Տիգրան Ավինյանն էլ օրերս ընտրվեց Պոլիտեխնիկի կառավարման խորհրդի նախագահ»:

Ինչ վերաբերվում է բուհերի քաղաքականացմանը, Բաբայանն ասաց. «Ես չեմ կարծում, որ բուհը քաղաքականացվում է դրանով, որոշ չափով ուղղակի ավելի օգտակար է լինում ոչ թե կուսակցականության բերումով, այլ ուղղակի դիրքի, պաշտոնի բերումով, որ ով բարձր դիրքեր է զբաղեցնում ու ունի լայն կապեր, կարողանա օգուտ տալ բուհին: Այս տրամաբանությունն է: Որովհետեւ շատ ավելի կուսակցականացված եղել են ժամանակին: Կարող է կառավարման խորհրդի նախագահը լինի ոչ կուսակցական, առհասարակ ոչ քաղաքական դեմք լիներ, բայց ամբողջ բուհը կուսակցականացված լինի: Իրականում կուսակցականացվում էր ավելի ուսխորհուրդների միջոցով»:

Դիտարկմանը՝ դուք քննադատում էիք նախկիններին, այսօր ՔՊ վարչության նախագահին բերում եք բուհ ու ասում՝ ապաքաղաքականացվա՞ծ են բուհերը՝ Բաբայանը պատասխանեց. «Ես ասացի, թե կուսակցականացնելն ինչպես էր լինում: Պաշտոնի բերումով շատ ավելի օգտակար կարող են լինել»:

Հարցին՝ այն ժամանակ էլ ՀՀԿ-ականները կարող էին պաշտոնի բերումով օգուտ տալ բուհին, բա ինչի՞ էիք բողոքում՝ Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Իմ բողոքը եղել է այն բանից, որ ուսխորհուրդները եղել են կուսակցականացված եւ առհասարակ հնարավոր առաջխաղացումները բոլոր ձեւերով եղել են կուսակցությունների հարող լինելու բերումով: Հիմա այդպես չի, ես վստահ եմ»:

Նարեկ Բաբայանն ասաց, որ նախկինում դեկաններին, ուսանողներին կուսակցականացրել էին: Հարցրեցինք՝ 2018-ի ձեր հեղափոխությանը փողոցները փակում էին հիմնականում ուսանողները, եթե կուսակցականացված էին, ո՞նց էին ձեզ հետ՝ Բաբայանը պատասխանեց. «Բոլորին չէին կուսակցականացրել, երկրորդը՝ միայն ուսանողներով չի հարցը: Երկար տարիներ եղել են պրոցեսներ, մարդիկ դրանց դեմ են եղել եւ ինչ-որ մի օր այնպես է ստացվել, որ այդ ընդվզումը հաջողել է: Ես ինքս միտինգներին սկսել եմ մասնակցել 2003-ի կեղծված ընտրություններից հետո, որովհետեւ իմ ընտանիքի անդամը տեսել է, թե ոնց են բերել ու փորձել 500 քվեաթերթիկ լցնել: Ես այդտեղ ապացույցների կարիք չեմ ունեցել: Իմ կուրսեցիները տեսել են, որ իրենց գյուղում ոչ ոք չի ընտրել օրինակ Ռոբերտ Քոչարյան, բոլորն ընտրել են Ստեփան Դեմիրճյան, բայց տեսել են, որ հակառակ պատկերն է հրապարակվել: Մարդիկ, որ դուրս էին գալիս միտինգի, պետք չէր իրենց որեւէ ձեւով ասել: Բուհերի կառավարման խորհրդի նախագահը չի կարող ազդել եւ կուսակցականացնել միջավայրը: Այդ միջավայրը կուսակցականացնում էին ռեկտորները, պրոռեկտորները, դեկանները եւ ուսխորհուրդները ամենաշատը: Ի վերջո դա ունեցավ հակազդեցություն, երբ կուլմինացիա եղավ ու 2018-ին այդ կուլմինացիան ջարդեց, փշրեց ամեն ինչ: Բայց հիմա մեզ մոտ չկա փորձ մեր կողմից անել նույնը, ինչ արվել է: Մենք չենք ուզում ընտրություններ կեղծել, որեւէ բան անել: Այն սկզբունքները, որ ունեցել ենք, այդ սկզբունքներին չենք դավաճանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31