Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Ղազարյանը՝ Ռուբիկ Հակոբյանին. «Ընդդիմությունն էլ երեւի իր ձեռքը կրակն է ընկել, որոշել է գլուխն ազատի նման պերսոնաժներից… ընտրություններից հետո միշտ էլ բալաստ է մնում»

Հունվար 26,2022 20:07

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում թեժ կռիվ եղավ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանի ու ՔՊ պատգամավորների միջեւ:

Կռվից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացնելիս Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերությանը եւ մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանին, որի հետ միջադեպ էր ունեցել. «Պետրոս Ղազարյանը հոգեխանգարմունքի մեջ էր հայտնվել, ասում էր՝ ջուր խմեք, կհանգստանաք, ես էլ ասացի՝ ջուրը կշփեմ ձեր երեսին: Հաղորդավարը ինքը այս բանավեճում հստակ կողմ էր եւ սադրում էր: Նա այդ պահին որպես լրագրող չէր հանդիսանում, այլ որպես ՀՔԾ-ի քննիչ, որը մարդկանց հարցաքննության է տանում: Ես ասում եմ, որ պետք է այս այլասերվածությունից մաքրվի Հանրային հեռուստատեսությունը»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն արձագանքեց. «Շատ դժվար է նման մարդկանց մասին պարզաբանումներ տալ, որովհետեւ իրենք երբ խոսում են, կա՛մ հայհոյանք է, կա՛մ պիտակավորում է, կա՛մ զրպարտություն է, կա՛մ կռիվ ու ղալմաղալ է, ոնց որ այսօր տեսանք: Եթե թողնենք մի կողմ այդ անմակարդակությունը ու վերաբերվենք գործին լուրջ, ապա այն մարդը այնտեղ, որտեղ ցանկանում է ընտրվի, իմ կարծիքով որեւէ կետով չի համապատասխանում: Ես ընդամենը 3 փաստ բերեմ՝ այդ հանձնաժողովում աշխատող մարդը պետք է լինի անաչառ, իսկ Ռուբիկ Հակոբյանը մեղմ ասած անաչառ չի, հետեւաբար նա չի կարող ուղղակի այնտեղ աշխատել: Երկրորդ՝ այնտեղ աշխատող մարդը պետք է պարկեշտ լինի, չպետք է պիտակավորի, վիրավորի, հայհոյի, որովհետեւ մենք գործ ունենք հանրային արժեհամակարգի հետ առնչվող ինստիտուտի հետ եւ նման մարդկանց պետք է կիլոմետրերով հեռու պահել այնտեղից: Մարդիկ, որոնք հայհոյում են, պիտակավորում են, հրապարակային խոսքը դարձնում են հայհոյախոսություն: Երրորդ՝ մասնագիտական ունակությունը, որն ուղղակի խայտառակ մակարդակի վրա է, այնտեղ քննարկելու բան էլ չկա: Ամենաքիչը այս երեք պատճառներով է, որ չի կարելի այդ մարդուն մոտիկ թողնել հանձնաժողովին: Ցավում եմ, որ ընդդիմությունն էլ երեւի իր ձեռքը կրակն է ընկել, որոշել է ինչ-որ մի բան բերի ու գլուխն ազատի նման պերսոնաժներից, որովհետեւ ես վստահ եմ, որ եթե ընդդիմությունը մի քիչ լուրջ վերաբերվեր այս ընտրությանը, հաստատ շատ ավելի արժանավոր մարդկանց առաջ կքաշեր եւ հասարակությունը դրանից կշահեր: Բայց դե գիտեք, ընտրություններից հետո միշտ էլ բալաստ է մնում եւ այդ բալաստից պետք է փորձեն ազատվել, երեւի ընդդիմությունը այդպես ուզել է ազատվել»:

Հարցին՝ դուք անաչառությունից եք խոսում, Ռուբիկ Հակոբյանն էլ մատնանշում է ՔՊ-ի թեկնածու Արթուր Մանուկյանին, ասում է՝ երբ տեսա, թե ովքեր են առաջադրվել ՔՊ-ի կողմից, որոշեցի ես էլ առաջադրվել՝ Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Ինքը իրեն գնահատական է տվել: Եթե ինքը կարծում է, որ Արթուր Մանուկյանը սարսափելի կերպար է այդ պաշտոնի համար, դրանից հետո որոշել է որպես կոնտր սարսափելի, ինքն էլ առաջադրվել, այդ մարդն արդեն ամեն ինչ իր մասին ասել է: Ես կարծում եմ Հակոբ Մովսեսը շատ արժանապատիվ թեկնածու է այդ հանձնաժողովի համար, մնացածին այդպես մոտիկից չեմ ճանաչում»:

Այն, որ ՔՊ-ի թեկնածուներն էլ քաղաքականապես անկողմնակալ չեն՝ Պետրոս Ղազարյանն արձագանքեց. «Հակոբ Մովսեսի քաղաքական դիրքորոշման մասին ես չեմ լսել, բայց լսել եմ նրա հանրային հարցազրույցները տարբեր ոլորտների մասին եւ կարծում եմ՝ այդ մարդն ունի բավարար գիտելիքներ եւ պարկեշտություն՝ օբյեկտիվ լինելու ու նաեւ  գործից հասկանալու համար»:

Հարցին՝ իսկ Արթուր Մանուկյանի մասին լռո՞ւմ եք՝ Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Ես նրան չեմ ճանաչում, անկեղծ ասեմ, այնքա՜ն պատգամավոր կա, որ չեմ ճանաչում ե՛ւ այնտեղից, ե՛ւ այնտեղից: Բայց հայհոյախոսող մարդկանց պետք է այն ոլորտները, որոնք հանրային նշանակություն ունեն, այդ ոլորտներից հեռու պահել: Առանց այդ էլ մեր մոտ ամեն ինչի նշաձողն այնքան է ընկել: Այս պարագայում, եթե ընդդիմությունը կարեւորեր մի քիչ ու արժեւորեր, հենց իրենց մեջից  շատ ավելի արժանապատիվ ու արժեքավոր թեկնածուներ կառաջադրեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31