Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը։
Մեղադրող-դատախազ Արտակ Կարապետյանը նախ հրապարակեց օպերլիազորի զեկուցագիրը, որում ասվում է, թե Սաշիկ Սուլթանյանն օտարերկրյա հատուկ ծառայության հետ հնարավոր համագործակցությամբ իրականացնում է քարոզչություն, որը կարող է նպաստել հայ-եզդիական հարաբերություններում թշնամանքի հարուցմանը։
Ապա դատախազն ընթերցեց նաեւ քաղաքացի Նարեկ Մալյանի կողմից արված հանցագործության մասին հաղորդումը, որում հաղորդում տվողը, անդրադառնալով Սուլթանյանի կողմից իրաքյան «Եզդի Նյուզ» ԶԼՄ-ին տրված հարցազրույցին, տեսակետ է հայտնել, որ հարցազրույցը պարունակում է հայերի եւ եզդիների միջեւ ազգային թշնամանք հարուցող տեղեկություններ։
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հ/կ ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։
Կարդացեք նաև
Հրապարակված փաստաթղթերի առնչությամբ Սուլթանյանի պաշտպաններից Արա Ղազարյանը հայտարարեց՝ դրանց ժամանակագրությունից պարզ է, որ ԱԱԾ-ի կողմից Սուլթանյանի հանդեպ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել դեռեւս նախորդ տարվա ապրիլից․ «Մինչեւ քրեական գործի հարուցումը ու Նարեկ Մալյանի կողմից վիճահարույց հաղորդումը տալը՝ կես տարի առաջ, Սուլթանյանի հանդեպ արդեն սկսվել էր թիրախավորվումը։ Նրա հեռախոսազրույցները գաղտնալսվում էին մի հիմքով, որը կապ չուներ քրեական գործի հետ՝ սահմանադրական կարգի տապալման փորձ։ Սա մեզ հիմք է տալիս մտածելու, որ նա հետապնդվել է իր գործունեության համար, որովհետեւ հետագա բոլոր փաստաթղթերում նշվում է, որ նրա գործունեությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը»։
Արա Ղազարյանի խոսքով․ «Կա այլ փաստաթուղթ, որով փաստվում է, որ Սուլթանյանի հանդեպ քրեական հետապնդումը հարուցվել է ԱԱԾ-ի հակահետախուզության կողմից։ Ի՞նչ կապ ունի հակահետախուզությունն իրավապաշտպանի գործունեության հետ։ Սուլթանյանի հանդեպ հետախուզում է կատարվել նրա գործունեության համար, որովհետեւ չկա որեւէ փաստաթուղթ այն մասին, որ մինչեւ Մալյանի հայտարարությունը Սուլթանյանի գործունեությունը սպառնում էր ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը։ Մինչեւ քրեական գործի հարուցման հիմքերի ի հայտը գալը նրա հանդեպ իրականացվել է հետապնդում»։
Մեղադրող դատախազ Կարապետյանը չհամաձայնեց ու ասաց, որ գաղտնալսումների արդյունքում հրապարակված տեղեկությունները դրվել են քրեական գործի հիմքում․ «Գաղտնալսում անելու համար օրինական հիմք է եղել։ Կասկած է եղել, որ առերեւույթ հանցագործություն է եղել, որից հետո լսվել են նրա հեռախոսային խոսակցությունները»։
Պաշտպան Արա Ղազարյանը նաեւ դատարանին հայտնեց՝ առկա է Սաշիկ Սուլթանյանի նամակն ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանին, որով նա վերջինիս տեղեկացրել է, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հայեցակարգի առնչությամբ քննարկում իրականացնելու նպատակով ցանկանում է հանդիպել․ «Այս նամակն ինչպե՞ս հայտնվեց ԱԱԾ հակահետախուզության մոտ, հետո՝ քննչական մարմնում։ Սա լուրջ մտորումների տեղիք է տալիս։ ԱԱԾ-ն շարքային քաղաքացու նամակը, որը հասցեագրվել է էլեկտրոնային համակարգով, կցվել է քրեական գործին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մինչեւ քրեական գործի հարուցումը ԱԱԾ-ում Սուլթանյանի մասին կա «դոսյե»՝ կապված նրա ազգանվան հետ։ Այդ «դոսյե»-ից օգտվել են քննչական մարմինները։ Այս նամակն ինչո՞ւ են որոշել կցել գործի նյութերին։ Սրանից մենք ենթադրում ենք, որ ապրիլից սեպտեմբեր նրա հանդեպ գաղտնալսում է արվել ոչ թե Մալյանի հայտարարության առնչությամբ, այլ որովհետեւ դա կապված է եղել նրա իրավապաշտպան գործունեության հետ։ Նրան դիտել են որպես վտանգավոր քաղաքացի։ Այս փաստերը պետք է դուրս գան քրեական գործից, իսկ ապօրինի գաղտնալսումները՝ ոչնչացվեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ