Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսում հարյուրից հարյուրը նշում են, որ աշխատողներ չունեն. Վահրամ Միրաքյան

Հունվար 26,2022 17:39

Բիզնեսի համար թիվ մեկ խնդիրն այն է, որ կրթական համակարգը չի սպասարկում տնտեսությանը: Այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ մարտահրավերներ կան գործարարների համար, որքանո՞վ են իշխանությունները կարողանում լուծել ու օպերատիվ արձագանքել բիզնեսի խնդիրներին ասաց «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը:

Նրա խոսքով,  3 տարիների ընթացքում միությունը միավորել է 140 գործարարների: Ասում է՝ միավորված ավելի կարող ուժ են, եւ կարող են արդյունավետ պայքարել գործարարների համար ծագող խնդիրների դեմ:

Ինչ վերաբերում է տնտեսության խնդիրներին, Վահրամ Միրաքյանն ասաց. «Մեր պետությունն այսօր մի ահռելի բյուրոկրատական կառույց է, որը ստեղծված է 70-80-ականներին՝ պետության կառավարման սկզբունքների հիման վրա, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում խնդիրներն արդյունավետ լուծելու տեսանկյունից»:

Ըստ միության նախագահի, սակայն, էկոնոմիկայի ներկա նախարարը՝ Վահան Քերոբյանը, «Մանթաշով» ակումբի անդամ է եղել եւ այսօր, երբ նա նախարար է՝ կարողանում են արդյունավետ աշխատել էկոնոմիկայի նախարարի հետ:

«Հանդիպումների ընթացքում շատ հարցեր են վեր հանվում, լուծվում: Համար մեկ խնդիրն այն է, որ կրթական համակարգը չի սպասարկում տնտեսությանը, այն ստեղծված է Խորհրդային Միության տնտեսությանը սպասարկելու համար, եւ հիմա շատ չնչին բան է փոխվել, հետեւաբար՝ բիզնեսում հարյուրից հարյուրը նշում են, որ աշխատողներ չունեն: Դա տարբեր պատճառներ ունի. չկա համապատասխան մասնագետ, համապատասխան արդյունավետությամբ աշխատող մասնագետ, կան մասնագետներ, բայց բիզնեսը չի կարողանում իրեն թույլ տալ այդքան վճարել»,-ասաց Վահրամ Միրաքյանը:

Ասաց նաեւ, որ այսօր կա վաճառքի մասնագետի, սպասարկման մասնագետի պակաս։

Նրա խոսքով, մեր երկրում արտադրողականությունը շատ ցածր է, օրինակ՝ համեմատությամբ Ռուսաստանի, 2 անգամ ցածր է.

«Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ փուլի, եթե ռուսական ռուբլին շարունակի անկում ապրել, այն գործարարը, որը արտադրություն է դրել Հայաստանում, կհասկանա, որ Ռուսաստանում նրա բիզնեսն ավելի շահավետ կարող է լինել, քանի որ մարդկանց արտադրողականությունը կրկնակի ավելի է: Եթե Հայաստանում այդ գործը անում են 200 հոգով, Ռուսաստանում անում են 100 կամ 120 մարդով: Թուրքիայի հետ համեմատած ավելի ցածր է, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ՝ էլ չասած»:

 

Ըստ պարոն Միրաքյանի, բիզնեսի համար խնդիր է նաեւ էժան փողերի բացակայությունը. «Տնտեսությունը, բիզնեսը աճում, զարգանում են գումարի միջոցով՝ ինչքան խողովակներ լինեն, որ բիզնեսը գումար ներգրավի, այնքան ավելի արագ կաճի: Հիմա, մեզ մոտ մեկ միջոց կա՝ վարկային միջոցներ բանկերից: Աշխարհում շատ այլ միջոցներ կան, բայց Հայաստանում առայժմ դա է: Այսինքն՝ պետք է բիզնեսը կարողանա էժան փող ներգրավի, որ տնտեսության համար կարողանա հավելյալ արժեք ստեղծել»:

Միության նախագահը խնդիր համարեց նաեւ բիզնեսների կրթական պատրաստվածությունն ու հավակնությունները. «Ցավոք, աշխարհի տնտեսության տեսանկյունից մենք ծայրամաս ենք եւ այն որոշակի մտածելակերպ է ձեւավորում, օրինակ՝ չեմ կարող գրավել աշխարհը, բացել մասնաճյուղեր այլ երկրներում, եղածով բավարարվում են, լավ մեքենա ունեն, լավ տուն, տարին երկու անգամ գնում են արտասահման: Այսինքն՝ գիտելիքի եւ ամբիցիաների բացակայությունը թույլ չի տալիս ստեղծել միջազգային կառույցներ, որոնք կզարգացնեն իրենց բիզնեսը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31