«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։
«Ես չեմ կարողանում հանրությանը, մեր քաղաքական ուժերին, անգամ իմ ընկերներին համոզել, որ այս մարդը վախեցած է և օգնության կարիք ունի։ Ինքն օգնության աղերսով դիմում է մեզ, որ իրենք փրկենք»,- ասաց նա՝ նշելով, որ լավ է ճանաչում վարչապետին։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար. «Մենք պետք է մեզ թափ տանք։ Ես ամեն օր ինձ ամոթանք եմ տալիս, որ չեմ կարողանում ինքնակազմակերպվել և այս հարցը լուծել։ Ես անընդհատ կրկնում եմ՝ նոյեմբերի 9-ից հետո ամեն օրը, որ մենք ապրում ենք, անբնական է, հակատիեզերական է։ Չէր կարող նման բան լիներ։ Ու մենք ապրում ենք չիրականության մեջ, որը չպետք է լիներ. Հունիսի 20-ի ընտրությունները չպիտի լինեին, նոյեմբերի 9-ից հետո մեր պայքարը, հրաժարականի պահանջը չպետք է լիներ, որովհետև տիեզերական օրենքներով, բոլոր օրենքներով այս մարդը նոյեմբերի 9-ից հետո անգամ մի ժամ չպիտի պաշտոնավարեր։ Աշխարհում նման բան չկա»։
Գեղամ Նազարյանը խոսեց նաև նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին. «Արմեն Սարգսյանը շատ խելացի մարդ է, և հասկացավ, որ այդ ստորագրությունը կարող է ջարդվի իր վրա»։
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է հրաժարական տար հենց այն օրը, երբ Ազգային ժողովը որպես վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին. «Ինձ համար երկու ընդունելի վարկած կա, որ խելամիտ եմ համարում։ Առաջինը, որ Արմեն Սարգսյանը չցանկացավ մասնակից դառնալ այդ հայ-թուրքական խաղին, և խաղաղություն կոչված պայմանագրին մասնակցություն չունենալ։ Երկրորդն էլ, հենց այն վարկածն է, որ արդեն իսկ նախաձեռնվել են սահմանադրական փոփոխություններ։ Նա ասաց, որ ավելի լավ է՝ ես գնամ, քան ինձ ասեն, որ ես գնամ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ