Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ սկսվեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի դատավարությունը։
Վերջինս մի քանի անձանց հետ մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման եւ իշխանությունը յուրացնելու մեջ։ 2021 թվականի դեկտեմբերին այդ քրեական գործը կարճվեց։
Կարդացեք նաև
Սակայն Աշոտ Մինասյանը մեղադրվում է նաեւ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ:
Դատական նիստում քննարկվեց Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը։ Միջնորդությունը ներկայացրեց Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Աշոտ Մինասյանը չի ընդունում մեղադրանքը։ «Իմ կալիբրի մարդը չէր կարող զենք-զինամթերքը այդպես ակնհայտ տաներ, լցնել մի տեղ ու չթաքցներ։ Ես այդ մարդը չեմ։ Ես չեմ վախենում դատվելուց, եթե արդարացի դատեն»,-ասաց Մինասյանը։
Մեղադրող կողմն էլ հայտարարեց, որ Աշոտ Մինասյանի «զենքերի մեջ եղել են պայթուցիկ նյութեր, որոնք չեն կարող սիրողական մակարդակի լինել»։ «Սա վկայում է , որ դուք որևէ նախաձեռնություն ունեիք»,-դիմելով Աշոտ Մինասյանին՝ ասաց դատախազը։ Մինասյանը հակադարձեց՝ կրկնելով որ այդ զենք-զինամթերքից տեղյակ չի եղել, դրանք իրեն չեն պատկանել։
Դատարանը քիչ առաջ, մոտավորապես ժամը 17-ի սահմաններում՝ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն, ինչպես հայտարարեց դատավոր Բորիս Բախշիյանը, կհրապարակվի պատրաստ լինելուն պես։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ