Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին սիրո երգը» ստալինյան ժամանակների գաղափարական կինոյից հետո վերադարձ էր դեպի մարդը». Դավիթ Մուրադյան

Հունվար 26,2022 17:02

Կինոյի տանը տրվեց ականավոր ռեժիսոր Յուրի Երզնկյանի հոբելյանական միջոցառումների մեկնարկը: Հայաստանի կինոգործիչների միության նախաձեռնությամբ հայտնի «Բուխարու սրահում» կայացավ «Յուրի Երզնկյան» երկլեզու հրատարակության շնորհանդեսը եւ ֆիլմ ցուցադրվեց:

«Այսօր հայրիկը 100 տարեկան է դառնում, եւ շատ ուրախ օր է: Հենց այսօրվանից տրվում է իրեն նվիրված միջոցառումների մեկնարկը»,-ասաց Յուրի Երզնկյանի դուստրը՝ կինոգետ Անետա Երզնկյանը: Նրա խոսքով, նախատեսված միջոցառումները չէին իրականանա, եթե չլիներ ԿԳՄՍ նախարարության աջակցությունը:

Տիկին Երզնկյանը ներկայացրեց երկլեզու գիրքը, որտեղ ներկայացված են ռեժիսորի հուշերը, սցենարը, որը չի նկարահանվել: Նախաբանը, որը անձնական որակեց, ինքն է գրել:

«Իհարկե բոլորի հայրերն էլ յուրահատուկ են, բայց կարծում եմ, որ հայրս իրականում հետաքրքիր անձնավորություն է եղել՝ ուսանելով Ռուսաստանում եւ այստեղ, սովորելով Բորիս Բառնետի ու Սիմոնովի մոտ, նա իր ինքնուրույն եւ ինքնատիպ քայլերն է արել կինոյում: Ինքը շատ ուշադիր էր դեպի պատկերը, լուծումները եւ գրական հենքը: Հիմնականում գրական գործեր է էկրանավորել, ինքը համարում էր, որ գրական հենքը շատ կարեւոր է ապագա ֆիլմի համար:

Հայրս ականավոր քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանի որդին էր, որը ստալինյան ռեպրեսիաների արդյունքում 1936թ բանտարկվել է, ու տասնչորսամյա Յուրան միայնակ է մեծացել, քանի որ մորը եւս կորցրել էր: Իր ոչ հեշտ դպրոցական տարիներն անցկացրել է միայնության մեջ, հետագայում արդարացվել է իր հայրը, նրա անունով դպրոց է անվանակոչվել:

Երբ հայրս փոքր էր, տանը հավաքվում էին Չարենցը, Թամանյանը եւ այլ անհատներ: Ինքն այդ միջավայրում է մեծացել: Արամայիս Երզնկյանը իր համար Փարիզից բերել էր լուսանկարչական սարք, եւ երբ 10-11 տարեկան էր, նաեւ լուսանկարչությամբ է զբաղվել: Ես կարծում եմ, որ հորս սերը դեպի պատկերը հենց այդտեղից է գալիս»,-ընդգծեց Անետա Երզնկյանը:

Հավելեց, որ լինելով ուշադիր հայր՝ նա երբեք չի բռնացել իրենց՝ որոշումներ ընդունելու վրա:

Հոր ֆիլմերին էլ անդրադարձ եղավ: Յուրի Երզնկյանի դուստրը նշեց, որ սիրում է հոր բոլոր ֆիլմերը, սակայն կուզենար առանձնացնել հատկապես «Սգավոր ձյունը» եւ «Առաջին սիրո երգը»:

«Ինքը շատ բարի, բայց սուր հումորով մարդ էր: Նա միշտ իր կարծիքը հումորով էր արտահայտում: Սուրեն Հասմիկյանը միշտ ասում էր, որ եթե Յուրի Արամայիսովիչը ռեժիսոր չդառնար, կլիներ շատ լավ քննադատ, ինքը կարողանում էր հրաշալի վերլուծել եւ իր, եւ գործընկերների ֆիլմերը»,-ասաց տիկին Երզնկյանը:

Կինոգետ Դավիթ Մուրադյանը խոսելով «Առաջին սիրո երգը» ֆիլմի մասին, ասաց, որ դա ստալինյան ժամանակների գաղափարական կինոյից հետո վերադարձ էր դեպի մարդը, դրա համար էլ ժողովուրդը սիրեց այն. «Հայ կինոն վերադարձավ դեպի մարդկային պատմություններ, դա այդ սերնդի բերած կենսափիլիսոփայությունն էր»: Նրա խոսքով, խոսքով, երզնկյանական ֆիլմերը հայ կինոյի պատմության կարեւորագույն եւ արժեքավոր էջերից են, դրանք կարող են աշխատել նաեւ վաղը, վաղը չէ մյուս օրը, հետո…

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31