Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը Հայաստանում մեդիա սպառման մասին հետազոտություն է իրականացրել: Հարցում է անցկացվել ՀՀ քաղաքացիների շրջանում՝ բացահայտելու տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները, ճշգրտման մեխանիզմները եւ վերաբերմունքը լրատվամիջոցների ու նրանց կողմից ստեղծվող բովանդակության նկատմամբ:
Ի՞նչ աղբյուրներից եք օգտվում հարցման արդյունքների պատկերը հետեւյալն է. առավել հաճախ օգտվում են տեղական եւ հանրապետական սփռում ունեցող հեռուստատեսություններից, այնուհետեւ առցանց ռեսուրսներից, միջազգային հեռուստաալիքներից, եւ ամենաքիչն օգտվում են թերթերից:
Ըստ հետազոտության արդյունքների, համացանցի ռեսուրսները եւ սոցիալական ցանցերը կիրառման զգալի աճ են ունեցել այս տարիների ընթացքում, մասնավորապես 2015թ. 32 %-ից 2021թ անցում է կատարվել 67 %-ի: Հեռուստատեսությունը 2015թ. 82 %-ից նվազել է մինչեւ 59%` 2021թվականին:
Ո՞ր կայքէջերից են հարցվողներն առավել հաճախ օգտվում: Ըստ հետազոտության արդյունքների, 2017, 2019, 2021թ. news.am-ը միշտ առաջին տեղում է եղել, եւ եթե 2017-ին Shamshyan.com-ն էր նաեւ հաճախ հիշվում, ապա՝ 2021թ lurer.com-ը:
Կարդացեք նաև
Հարցվածների 4 %-ը բաժանորդագրված է որեւէ վճարովի առցանց ռեսուրսի, 13%-ը հետաքրքրություն է հայտնել բաժանորդագրվելու, վճարելու պատրաստակամություն հայտնածների 80 %-ը պատրաստ է վճարել ոչ ավել, քան 4000 դրամ՝ արժանահավատ տեղեկատվություն ստանալու համար:
Արդյո՞ք օգտվում են սոցիալական մեդիա հարթակներից, այս հարցին ի պատասխան տարիքի հետ նվազում է օգտագործումը: Մասնավորապես, 60 եւ բարձր տարիք ունեցողների 45 %-ն է դրական պատասխան տվել, մինչդեռ 18-25 տարեկանների 95 %-ը օգտվում է սոցցանցերից:
Ինչպե՞ս եք օգտվում առցանց լրատվամիջոցներից: Այս հարցի պատասխանը հետեւյալ պատկերն ունի՝ անմիջապես առցանց լրատվամիջոցների ինտերնետային կայքերի միջոցով՝ 24%, սոցիալական ցանցերի միջոցով՝ 76 %: Ամեն օր լրատվամիջոցների կայքեր այցելում է 14 %-ը, երբեք՝ 54 %-ը, 13 %-ը՝ շաբաթը երկու անգամ, եւս 13 %-ը հազվադեպ է այցելում, ամիսը մեկ-երկու անգամ այցելում է 6 %-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ