Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Հարությունյան․ «ԲԴԽ-ն պետք է խնդիրը լուծի, հակառակ դեպքում կարելի է պնդել, որ հենց ԲԴԽ-ին է ձեռնտու, որ դատավորները կմնան կաշկանդված»

Հունվար 26,2022 16:11

2021-ի ամռանը ԱԱԾ-ում հարուցված մի քրեական գործով առգրավվեցին Վարչական, Սնանկության, Վերաքննիչ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի եւ կառավարման բանալիները, ինչի հետեւանքով դատական գործերը մակագրում են դատարանների նախագահները՝ այսպես ասած՝ ձեռքով, այբբենական կարգով եւ ոչ էլեկտրոնային մեթոդով։

Իրավապաշտպանները գտնում են, որ ձեռքով մակագրումներով խախտվում է դատավորների անաչառության սկզբունքը, եւ որոշ դեպքերում գործերը մակագրվում են կոնկրետ դատավորներին։

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասաց՝ այս խնդրի լուծման գործընթացում կարեւոր դերակատարում ունի բարձրագույն դատական խորհուրդը՝ ԲԴԽ-ն։

«2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, 2018-ին դատական օրենսգրքի փոփոխություններից հետո մի շարք կարեւոր ձեռքբերումներ եղան, որ դատավորների անկախության երաշխավորը ԲԴԽ-ն է։ Այսօր ստացվում է, որ ԲԴԽ-ն չի ապահովում այս սկզբունքը, ընդ որում հիմնական խնդիրը ուղղակիորեն բխում է ԲԴԽ գործունեությունից։ Մի՞թե այս վեց ամիսների ընթացքում համակարգը՝ ԲԴԽ-ի դեմքով, չկարողացավ խնդիրը լուծել։ Սա առաջինը հենց ԲԴԽ-ին պետք է անհանգստացնի, իր հոգածության ներքո պիտի լինի, որովհետեւ իր համակարգում գործող դատավորների անկախ գործունեության կարեւորագույն երաշխիքներից մեկն է խախտվել։ Վեց ամիսը բավարար չէ՞ր օրինակ այս «անհաղթահարելի ուժը», որ նշվում է, մեկ այլ տեխնիկական համակարգի միջոցով փոխարինել, գտնել այլ լուծումներ, որը կվերացներ մարդկային գործոնը եւ դատարանի նախագահը կամ աշխատակազմի ղեկավարը չէին ունենա պարտավորվածություն մակագրություն անելու, եւ դատավորների մոտ էլ չէր լինի այն անհանգիստ վիճակը, որ ինչու պիտի ձեռքով մակագրվեն գործերը, երբ կա դատավորների ծանրաբեռնվածության խնդիր, գործերի անհավասար բաշխման խնդիր կամ որոշակի գործեր նույն դատավորի մոտ գնալու խնդիր։ Սա մեզ լավ տեղ չի տանելու»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն պետք է սկզբունքային լուրջ մոտեցումներով հանդես գա, հակառակ դեպքում իրավիճակը թույլ է տալիս պնդել, որ հենց ԲԴԽ-ին է ձեռնտու ստեղծել մի իրավիճակ, որտեղ դատավորները կշարունակեն մնալ կաշկանդված եւ անկախության հետ կլինեն խնդիրներ․ «Ակնկալում եմ, որ ԲԴԽ-ն օր առաջ կկարողանա կյանքի կոչել իր սահմանադրական հնարավորությունը»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31