«Այո, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է: Այդ որոշումը ե՛ս եմ կայացրել, բայց Սուրեն Պապիկյանը չի գնացել այնտեղ, ոչ էլ Տիգրան Ավինյանը՝ այնտեղ ՔՊ-ացնելու, այլ գնացել են՝ բուհերին պաշտպանեն կուսակցականացումից: Սա է գործիքը: Գնացել են, որ բուհերից արմատախիլ անեն բոլոր կուսակցական, խմբային, կոռուպցիոն եւ ենթակոռուպցիոն երեւույթները, դրա համար մանդատ ենք ստացել»,- այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին առցանց ասուլիսում: Մինչդեռ 2018-ի ապրիլին հայտարարել էր, թե՝ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն ու որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի:
Aravot.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանին հարցրեց՝ Փաշինյա՞նը պետք է որոշի ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահին, թե՞ դրա համար հոգաբարձուների խորհուրդ կար ու խորհուրդը պետք է որոշեր: Նա պատասխանեց. «Արդեն 3 տարի է՝ մենք հասկացել ենք, որ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը իրենց նախկին էության, իրենց հաստատումների, համոզումերի 180 աստիճանով խեղված իրականությունն են պարտադրում հայ ժողովրդին: Ավելի քան տրագիկոմիկ էր Նիկոլ Փաշինյանի շուրթերից լսելը, թե՝ Հայաստանի բրենդային պատկերը ժողովրդավարությունն է: Նրանք դեռ հավատում են, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»:
Երբ փոխանցեցինք՝ Գագիկ Մելքոնյանն ասում է՝ Բրյուսել են կանչում, մեզ մարդատեղ են դնում, նշանակում է՝ ժողովրդավար ենք՝ Գալստյանը արձագանքեց. «Չգիտեմ ինչպես կառուցեմ խոսքս, որ անձնական վիրավորանքի դաշտ չտանեմ, բայց պարոն Մելքոնյանին, որ հայտնվել է խորհրդարանում ՔՊ ցուցակով, երեւի ինչ-որ առիթով եվրոպական կառույցների, արժեհամակարգերի, կանոնադրությունների նաեւ մեր անդամակցության վերաբերյալ որոշակի նյութեր կտամ ու կհասկանա, որ Երեւան-Բրյուսել, Երեւան-Ստրասբուրգ տոմսի գոյությունը, կամ նույնիսկ ժողովրդավարության, պառլամենտարիզմի մայրաքաղաք Լոնդոն մեկնելը դեռ չի նշանակում, որ դու այդ ինստիտուտի բաժնեկից եւ ժողովրդավար ես»:
Ինչ վերաբերում է բուհերի քաղաքականացմանը, Լիլիթ Գալստյանը նշեց, որ այս իշխանությունները «զոռբայությամբ» «Կրթության մասին» օրենքում փոփոխությունները բերեցին ու անցկացրեցին արագընթաց. «Բուհերի կառավարման թափանցիկ ու ժողովրդավարական մեխանիզմներ ունեինք: Ըստ էության, բուհերի կառավարման խորհուրդը դարձրեցին 5 եւ 3-ը նշանակվում են լիազոր մարմնի կողմից: Սա եւս զավթման մասին է խոսում: Այն Փաշինյանը, որն իբրեւ ընդդիմադիր պատգամավոր այստեղ բոցաշունչ ելույթներ էր ունենում կրթության համակարգի քաղաքականացման եւ իշխող քաղաքական ուժերի ձեռք տակ պահելու մասին էր խոսում, այսօր ոչ միայն բուհերն են քաղաքականացվում Պապիկյանի, Տիգրան Ավինյանի նշանակումով: Այստեղ խոսում են բարոյականության մասին, բայց երկրորդ վայրկյանին հակառակն են ապացուցում: Գլխիվայր այսօր էլ շրջում են դպրոցի կառավարման մոդելը և, ըստ էության, նույնը վերաբերում է դպրոցի տնօրեններին, այլեւս տնօրենի համար նախատեսել են նշանակովիության ինստիտուտը: Հայաստանը դառնում է մեկ մարդու կամքից, քաղաքական քիմքից, արժեհամակարգից ու պատկերացումներից կախված երեւույթ»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ իրենք էլ ձեզ են քննադատում, որ դպրոցների տնօրեններին կուսակցականացրել էիք, դուք էլ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկեր էիք՝ Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Ներողություն, շատ հաճախ անպատասխանատու գնահատականներ ենք շպրտում: Եթե հանրակրթության մեջ խնդիրներ կան, գնում ենք ամեն ինչ ոչնչացման ճանապարհով, չենք գնում լուծման ճանապարհով: Սրանք մերժումն ու ուրացումը բերեցին հավասարեցրեցին: Նախ, վերջին իշխանությունների օրոք մենք ընդամենը մեկ տարի եւ մի քանի ամիս ենք եղել իշխանության մաս, բայց դա չի նշանակում, որ ես մերժում եմ դա: Հայրասպանության վերածվող ուրացումի են գնացել սրանք՝ կուզի կրթական համակարգին վերաբերի, արտաքին քաղաքականությանը, բանակին: Դրա համար ունենք պարտված, նվաստացած, զգետնված Հայաստանը, Եռաբլուրն է նրանց կնիքը: Տկլոր, սին մեղադրանքները երբեւէ տեսե՞լ եք, որ փաստերով ամրագրեն: Այո, ունեցել ենք խնդիրներ, 3 տարի դուք եկել եք Հայաստանը նորովի կառուցելու, բայց որտեղ ձեռք տվեցին, այնտեղ ավեր եւ քանդում»:
Փոխանցեցինք՝ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասում է, որ Եռաբլուրը ձեր մեղքն է, քանդեցիք երկիրը՝ Լիլիթ Գալստյանը հակադարձեց. «Մենք պետականություն ենք կառուցել, մենք երկիր ու հայրենիք ենք ազատագրել, ՀՅԴ-ն մասնակցել է հայոց պետականաշինությանը: Կարելի՞ է այդպես մերկապարանոց հայտարարություն անել, ո՞նց արձագանքենք, ասենք՝ տգիտություն է, չեմ պատասխանում այդ տգետ հայտարարություններին: Իսկապես տգետ է, ո՞նց կարելի է: Եվ այդ հայտարարողը պատմության ուսուցիչ է, ո՞նց կարելի է այդքան սնամեջ լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ