Դատական գործերի էլեկտրոնային մակագրման մեթոդը չի գործում 2021-ի ամռանից, երբ ԱԱԾ-ում հարուցված մի քրեական գործով առգրավվեցին Վարչական, Սնանկության, Վերաքննիչ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի եւ կառավարման բանալիները, ինչից հետո դատարանների նախագահները գործերը մակագրում են ձեռքով՝ այբբենական կարգով։
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն անդրադառնալով այս խնդրին` ասաց, որ սերվերի առգրավումից հետո գործերի մակագրումը պատճառաբանվում է, թե անհաղթահարելի ուժով է այդպես կատարվում, չի կարող դիտարկվել անհաղթահարելի ուժ․ «Որովհետեւ օրենքով անհաղթահարելի ուժը ջրհեղեղներն են, աղետներն են։ Այն, որ սերվերն առգրավվել են եւ «անհաղթահարելի ուժ»-ի պատճառաբանմամբ ձեռքով են մակագրում, առնվազն օբյեկտիվ դիտորդի մոտ առաջացնում է կասկած, որ անաչառության սկզբունքի խախտում է տեղի ունենում»։
Ըստ իրավապաշտպանի, փաստաբաններն էլ պետք է չհամակերպվեն այս իրավիճակին․«Մենք գիտենք ՄԻԵԴ-ը մի շարք որոշումներով, Վենետիկի հանձնաժողովը այս ձեռքով մակագրումների վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել՝ օրենսդրորեն պետք է սահմանվեն չափանիշներ, ասենք՝ Վերաքննիչում երեք դատավորների կազմն է, ինչպես է ձեւավորվել կազմը, ինչ չափանիշ է գործել, այբբենական հաջորդականությունն արդյոք պահպանվել է կամ վիճակահանությամբ է ընտրել, թե ոչ, եթե՝ ոչ, ուրեմն դատավարության կողմերից մեկի մոտ կասկած է առաջանում անաչառ դատարանի սկզբունքի հետ կապված, եւ եթե պետությունն այդ կասկածը չի փարատում, մենք խնդիր կունենանք եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ կապված։ Համոզված եմ, եթե այս հիմքով դիմենք, միանշանակ 6-րդ հոդվածի խախտում կարձանագրվի»։
Դատական գործերը ոչ էլեկտրոնային մեթոդով մակագրելու վերաբերյալ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց էր հրապարակել։ Արա Ղարագյոզյանի կարծիքով՝ ՄԻՊ զեկույցը պետք է ազդակ լիներ ԲԴԽ-ին եւ իշխանություններին․ «Սակայն, իմ կարծիքով, ԲԴԽ-ին այս պահին ձեռնտու չէ քայլերի գնալ»։
Կարդացեք նաև
Իրավապաշտպանի խոսքով՝ ԲԴԽ-ն չի ապահովում դատարանների անկախությունը․«ԲԴԽ-ն պետք է լուծարել քանի որ չի իրականացնում իր առաքելությունը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»