Պաշտոնական Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում «3+3» գործակցության ձևաչափի զարգացմամբ: Այս մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:
«Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը կարող է զբաղվել վստահության բարձրացման միջոցառումներով, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային-մարդասիրական ոլորտներում գործակցությամբ, ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելով»,- ասել է Բոչարնիկովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Դեսպանը հերթական անգամ շեշտել է, որ թեև Վրաստանը չի մասնակցել Մոսկվայում այդ ձևաչափով անցկացված առաջին հանդիպմանը, նրա տեղը կպահպանվի, և նա միշտ կարող է միանալ հարթակին:
«Անգամ եթե Վրաստանի համար սկզբում բարդ է միանալ որոշակի հանգամանքների բերումով, Վրաստանի համար դուռը միշտ բաց կլինի, նրա տեղը բանակցությունների սեղանի շուրջ կմնա պատրաստ: Չենք բացառում, որ Վրաստանը կմիանա բանակցություններին, երբ կտեսնի հարթակի աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է դեսպանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան- Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Բոչարնիկովն ասել է, որ Մոսկվան կիսում է Ադրբեջանի նախագահի մոտեցումն ու տեսլականն այդ հարցում: «Այդ ձևաչափը միանգամայն արդյունավետ է, ընդհանուր լեզու ենք գտել: Բանակցություններն ընթանում են լավ, պրոֆեսիոնալ: Մենք Ռուսաստանում բարձր ենք գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման, տնտեսական կապերի կարգավորման վերաբերյալ, որոնք օգտակար կլինեն բոլոր կողմերին համար: Լիովին կիսում ենք այդ տեսակետը»,- ասել է նա:
Դեսպանը հավելել է, որ եռակողմ աշխատանքային խումբը միտված է շուտափույթ կերպով հստակեցնելու համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերը և Հարավային Կովկասում տալ տրանսպորտային-լոգիստիկ նախագծերի մեկնարկը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ