Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) հունվարի 26-ին հրապարակեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բողոքի հետ կապված որոշումը:
Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերեւույթ հանցագործության հատկանիշներով:
Արծվիկ Մինասյանն Aravot.am-ին տեղեկացրեց՝ դատարանը մերժել է իրենց հայցը:
Հիշեցնենք՝ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը դատական նիստերի ընթացքում հայտարարել էր, որ դատախազությունն անգործության է մատնված եղել: Նրա փաստմամբ՝ հանցագործության մասին հաղորդումը, եթե քննվում է, պետք է կայացվի երեք որոշում՝ քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ ըստ ենթակայության ուղարկելու որոշում:
Կարդացեք նաև
Հակոբ Մարտիրոսյանի կարծիքով՝ և՛ առիթը կա, և՛ հիմքերը, բայց տարակուսելի է, որ հիշյալ ամբողջական բողոքը տրոհել են մասերի, մի մասն ուղարկել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ ընթացքը լուծելու, մյուս մասը ՀՔԾ-ում քննվող գործի հետ ընթացքը լուծելու:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ սպասում են դատարանի գրավոր որոշման հրապարակմանը: Ըստ նրա՝ այս որոշումը սխալ և ապօրինի են համարում, սակայն, թե ինչ է դատարանը դրել այդ որոշման հիմքում, կերևա որոշումից: Նա նշեց՝ բողոքը կտանեն մինչև վերջ՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային