«Ինձ համար անընկալելի է՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ վաստակաշատ դիվանագետները կամ ԱԱԾ վաստակաշատ սպաները չեն սաստում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին»,- «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ մանրամասնելով, որ իր առցանց ասուլիսներով, արդեն որեւորդ անգամ, Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով ադրբեջանական դիվանագիտական թեզերի բացահայտ քարոզ է տանում:
Նա հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ արդեն որերորդ անգամ, Հ1-ի եթերով, Նիկոլ Փաշինյանն ընտրողաբար է ներկայացնում Արցախի հարցի կարգավորման թեզերը՝ առաջնայնություն տալով մեկին՝ տարածքային ամբողջականության սկզբունքին, որը բացառապես Ադրբեջանի շահերից է բխում, Ադրբեջանի «կապույտ երազանքն» է:
Հայկ Մամիջանյանը հիշեցնում է Ալիեւի՝ օրերս արած այն հայտարարությունը, որ իրենք հետեւում են, թե Հայաստանն ինչպե՞ս է բանակաշինություն իրականացնում եւ եթե խնդիրներ նկատեն, իրենք պատրաստ են հարվածել Հայաստանին՝ խորը թիկունքում, ինչին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը արդարացնում է Ադրբեջանին՝ ասելով, թե այդ հայտարարությունները Հայաստանից տարիներ շարունակ հնչող հայտարարությունների հայելային արտատպումն են: Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, որ ՀՀ որեւէ նախագահ, երբեք նման ռազմատենչ հայտարարություններ չի արել:
Հակադարձելով Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությանը, որ ինքը ՀՀ ԶՈՒ-ի առջեւ հող նվաճելու խնդիր չի դրել, Հայկ Մամիջանյանը հարցնում է՝ ինչու ՀՀ որեւէ ղեկավար ՀՀ ԶՈՒ-ի առջեւ հող նվաճելու խնդի՞ր է դրել:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսպիսով մեծ նվեր է մատուցում թշնամի պետությանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ առաքելության մեջ ՀՀ ԶՈՒ-ի Ղազախստան գործուղելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Հայկ Մամիջանյանն ասաց. «Պատկերացնում ե՞ք մի ֆենոմեն, որը սեփական ԶՈՒ-ի ներգրավվածությունը միջազգային առաքելության մեջ նկարագրում է հետեւյալ բառերով՝ «ինչ վատ բան են արել, հացի փուռն էին պաշտպանում»:
Այդ ասուլիսում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ Հայկ Մամիջանյանն անհեթեթություններ է որակում, որոնք, ըստ նրա՝ կհերքվեն մոտ օրերս՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում:
Բանախոսը նաեւ պնդում է իր նախկին հայտարարությունն այն մասին, որ «մարտի 1»-ի զոհերի արյունը Նիկոլ Փաշինյանի վրա է: Թե ինչո՞ւ շատ հանգամանքների ՄԻԵԴ-ը չի անդրադարձել եւ հօգուտ Նիկոլ Փաշինյանի վճիռ է կայացրել, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պատճառն այն է, որ 2018-ին կառավարությունում արդեն գործող իշխանության ներկայացուցիչներն էին, որոնք փաստերը ՄԻԵԴ չեն ներկայացրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ