Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
«Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:
Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:
Առողջապահության նախարարություն