Քիչ առաջ ԱԺ-ում թեժ կռիվ սկսվեց, այն աստիճան, որ հաշված րոպեների ընթացքում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի սենյակում հայտնվեցին ՔՊ-ական մոտ մեկ տասնյակ պատգամավորներ՝ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը եւ այլք:
Նիստում շարունակվում էր քննարկվել ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում վեճ եղավ ՔՊ-ի ու ընդդիմադիրների միջեւ: ՔՊ-ականները ասում էին, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքականապես չեզոք չէ, խտրական մոտեցումներ ունի:
Ռուբիկ Հակոբյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանին. «Նարեկ Բաբայանն ասում է՝ ձեզ չեմ հարգում: Լավ եք անում, ուրախ եմ, որ չեք հարգում ու ոչ ավել, ոչ պակաս, վիրավորանք է հասցնում, որ ընդդիմադիր դաշտում եղել եք ռումբ: Ռումբեր են պետության համար բոլոր նրանք, ովքեր քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն ու խցկվել են Ազգային ժողով՝ որպես իր կնոջ օժիտ»:
Կարդացեք նաև
Սա լսելուն պես՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հորդորեց դադարեցնել ելույթը ու սկսվեց վեճ ու կռիվ: Գաբրիելյանն ասաց. «Ձեր տարիքը հարգելով եմ ասում, նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար ձեր ելույթն ընդհատվում է»:
Նա փորձեց Հակոբյանի թեկնածության հարցը դնել քվեարկության: Ռուբիկ Հակոբյանը սկսեց կանխել. «Մի րոպե սպասի, ես հանում եմ իմ թեկնածությունը, էդ տոնով ինձ հետ մի՛ խոսիր: Ձենդ կտրի՛, ասում եմ»:
Կողքից ՔՊ պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը միջամտեց. «Կարո՞ղ է այստեղ էլ մի հատ ջուր շփեք: Հարգանք ունեցեք, ձեր ֆեյսբուքյան էջում չեք»:
Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց. «Կշփե՛մ: Այն խուլիգանությունը, որն անում են ԱԺ-ում՝ մատը պտտացնելով չգիտեմ որտեղ հայտնվելով՝ նույնը ուզում է անի ու ղալա՛թ կանի»: Դիմելով Սիսակ Գաբրիելյանին՝ նա ասաց. «Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ: Ես եմ էս կանոնակարգը գրել, գիտեմ ինչ է պահանջում կանոնակարգը, իրավունք չունեք ընդհատել ինձ: Այն ժամանակ, երբ ինքն ասում էր՝ ընդդիմության մեջ ռումբ եք, այդ ժամանակ ընդհատեիք: Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ, լսո՞ւմ ես»:
Սիսակ Գաբրիելյանը հունից դուրս եկավ ու անցան հայհոյանքների. «Անտակտ խուլիգանը ծնողդ ա, լսո՞ւմ ես, քո ծնողն ա, որ քեզ էսքան տարի մեծացրել ա»: Ռուբիկ Հակոբյանն էլ նետեց. «Մատդ, որ պտտացնում ես, քամակդ պետք է մտցնեմ…»:
Պատգամավորները ոտքի կանգնեցին, փորձում էին անցնել ծեծկռտուքի ու ձեռնամարտի, Արծվիկ Մինասյանը կանգնեց մեջտեղում ու փորձեց կանխել: Է՛լ իրար «ոչխա՛ր», «էշից էլ չես տարբերվում, անասո՛ւն», ինչ ասես չասացին:
Հաշված րոպեների ընթացքում նիստերի սրահում հայտնվեցին ՔՊ-ական պատգամավորները: Ռուբիկ Հակոբյանը բորբոքված էր, ասում էր՝ պետությունը գլխատել եք` հերիք չի, եկել եք ԱԺ-ում նստել եք ձեր անբարո վիճակով:
Սիսակ Գաբրիելյանն ասում էր. «Պարոն Հակոբյան, ձեզ խորհուրդ կտամ ալկոհոլ չօգտագործեք»:
Միջամտեց ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը, թե՝ «էդ ի՞նչ տոնով ես խոսում»: Անդրանիկ Քոչարյանը հորդորեց ԱԺ շենքից դուրս հանել Ռուբիկ Հակոբյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ