Հունվարի 25-ին ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվեց Անի Հովակի անհատական ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ փետրվարի 20-ը: Ցուցահանդեսի գաղափարի հիմքում փախուստն է, փախուստ՝ դեպի ինքդ քեզ, ավելի մոտ, քան պատկերացրել ես: Այն դողի ու սառը քրտինքի պես անսպասելի պոկում է ոտքերդ գետնից ու հայտնվում ես ուրիշ իրականության մեջ, որը կարծես թվացյալ է, բայց շատ ավելի իրական է ու հաճախ ցավոտ:
Ցուցադրված գործերը դիտողներին ստիպում էին անվերջ նայել ու խորհել՝ ինչ է ուզում ասել հեղինակը: «Վերջին ցուցահանդեսս եղել է 2019 թվականին, որից երկար ժամանակ անց որոշեցի նորից ցուցահանդես անել եւ ՀայԱրտը սիրով աջակցեց ինձ այդ հարցում: Գործերումս պատկերված են մի աղջկա հույզեր, ապրումներ, տրամադրությունն ու աշխարհը: Այս պահին էլ որեւէ գործ չեմ կարող առանձնացնել, թե որն եմ ավելի սիրում, չեմ կարող ասել, բոլորն էլ ինձ համար թանկ են, եւ ամեն մեկն ունի իր ստեղծման պատմությունը: Գիտեք, երբ ուզում եմ ստեղծագործել՝ հասկանում եմ, որ ստեղծագործելու եւ ոգեշնչվելու աղբյուր ամենուր կա՝ սկսած մարդկանց էներգետիկ դաշտից մինչեւ ֆիլմեր»,-Aravot.am-ի զրույցում ասում է Անի Հովակը:
Նա ընդգծում է, որ ստեղծագործող մարդը միշտ ոգեշնչված է ու հատուկ մոտիվացիա պետք չէ ստեղծագործելու համար: Անի Հովակի խոսքով, արվեստը փրկում է տարբեր իրավիճակներից: Նա կարծում է, որ պետք է գեղեցիկը տեսնել ամենուրեք, հարգել իրար, սիրել արվեստը, որովհետեւ դրանով կարող ես փրկվել:
Նշենք, որ ցուցահանդեսին զուգահեռ հնարավոր է ձեռք բերել Անի Հովակի բացիկները եւ փոքրիկ հուշանվերներ ու գործեր:
Հավելենք, որ Անի Հովակը կոնսերվատորիական կրթություն ունի, նա երգչուհի է, ֆլեյտաահար: Կարծում է, որ երաժշտությունն ու նկարչությունը գեղեցիկ են ներդաշնակվում:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ