Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարգսյան. Հայաստանում դեռևս առկա չեն դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 26,2022 11:46

Հայաստանին սպառնո՞ւմ է դեֆոլտի վտանգը, ինչքանո՞վ է, ընդհանրապես,  հավանական ռիսկը։ Վերջերս տնտեսական ոլորտի շատ մասնակիցների հետ ենք խոսել այս թեմայի շուրջ։ Կա մտահոգություն Իսկ չմտահոգվող կողմը հղում է անում դարձյալ նույն Համաշխարհային բանկին՝ մեջբերելով այն փաստը, թե  2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս է մնացել GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից հենց այն պատճառով, որ համարվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։ Փորձենք, սակայն, խնդրին խորքային՝ մասնագիտական տեսանկյունից մոտենալ՝ հասկանալու համար մեր երկրի մասով դեֆոլտի ռիսկը եւ հնարավոր այն քայլերը, որոնք թույլ կտան խուսափել այդ ռիսկից։

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում բացատրեց, որ խնդրո առարկայի շուրջ հայաստանյան իրավիճակը հասկանալու համար նախ պետք է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում աշխարհում։

Ըստ մեր զրուցակցի՝ տնտեսական գործունեության կտրուկ կրճատմանը աշխարհի պետություններն արձագանքել են լայնամասշտաբ հակաճգնաժամային միջոցառումներով, որոնք, բնականաբար, հանգեցրել են նաեւ պետական պարտքի կտրուկ աճի ամբողջ աշխարհում: Պետական եկամուտների կրճատման եւ ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը եւս անխուսափելի էր, եւ աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին։ «Միայն նշեմ, որ 2020 թ.  համաշխարհային համախառն պետական պարտքի ծավալն աճել էր 15 տոկոսով եւ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. վերջին կանխատեսվում էր, որ այն կհասնի համաշխարհային ՀՆԱ-ին՝ ընդհուպ գերազանցելով այն: Միայն զարգացող երկրների պարտքի վճարումները 2010-2021 թթ. աճել են 120 տոկոսով, եւ ներկայումս ամենաբարձրն են 2001-ից ի վեր: Կառավարությունների եկամուտների մասնաբաժինը, որն ուղղվում է արտաքին պարտքի վճարմանը, աճել է 2010 թ. 6.8 տոկոսից մինչեւ 14.3 տոկոս 2021 թ.»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Գանք Հայաստանին։ Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար մասնագետը թվային պատկեր ներկայացրեց։ Ըստ այդմ, պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով, ինչպես նաեւ 44-օրյա  պատերազմական գործողություններով, 2020 թ. պետական պարտքի մակարդակը եւս կտրուկ աճել է: 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ՝ ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսով, ընդ որում՝ նշված աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի ընդլայնման հաշվին։ Հայաստանի պետական պարտքի ծավալը 2021 թ. վերջին կազմել է 9 մլրդ 225.7 մլն դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 15.8 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 26 տոկոսով: ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 8 մլրդ 767.9 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 16.8, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 28.3 տոկոսով: ՀՀ կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 6 մլրդ 185 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.5, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ՝ 16.8 տոկոսով: ՀՀ կառավարության ներքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 35.3 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 68.1 տոկոսով: ՀՀ ԿԲ արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 457.7 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0.5 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 6.5 տոկոսով:

ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքը 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 481.1 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 3.95 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճելով 4.05 տոկոսով, 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի կառուցվածքում՝ 1) միջազգային կազմակերպությունների բաժինը կազմել է 77.38 տոկոս, ինչն ավելի է 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից 0.47 տոկոսային կետով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի ցուցանիշից ավելի է 2.21 տոկոսային կետով, 2) օտարերկրյա պետությունների բաժինը կազմել է 22.24 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է 0.41 տոկոսային կետով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է 2.11 տոկոսային կետով, 3) առեւտրային բանկերի բաժինը կազմել է 0.38 տոկոս, ինչը 2020 թ. եւ 2019 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է համապատասխանաբար՝ 0.06 եւ 0.1 տոկոսային կետերով։

Կարեն Սարգսյանը մանրամասն վերլուծել է նաեւ նշված ժամանակահատվածում կառավարության պարտքի գծով վճարված ներքին ու արտաքին տոկոսավճարները, ընդհանրապես՝ պարտքի կառուցվածքը, ժամկետները Համարում է, որ «ներկա դրությամբ Հայաստանում դեռեւս առկա չեն դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր՝ հաշվի առնելով հենց նաեւ պետական պարտքի երկարաժամկետ բնույթը, որը կազմում է միջին հաշվով 9 տարի»։ Սակայն, ըստ մեր բանախոսի, մյուս կողմից՝ տնտեսությունը հետճգնաժամային փուլում վերականգնելու եւ 44-օրյա պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար ակնհայտորեն դեռ մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճին։ Սակայն պետական պարտքի ծավալի աճին զուգընթաց, Հայաստանում պետք է ապահովվի նաեւ տնտեսության կառուցվածքի էական փոփոխություն եւ վերջինիս ներառականության աճ, խթանվեն ներդրումների ներհոսքերը, ինչի շնորհիվ պարտքի մարումները կիրականացվեն տնտեսության մեջ ձեւավորված հավելյալ արդյունքի, այլ  ոչ նոր պարտքերի ներգրավման հաշվին:

«Պետական պարտքի ծավալը մեր տնտեսական իրողությունների դեպքում արդեն իսկ մոտեցել է «կարմիր գծին»։ Եվ եթե չփոխվեն տնտեսության կառավարման մոտեցումները, ապա էլ ավելի լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ կարող ենք հայտնվել շատ մոտ ապագայում»,- եզրափակեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31