Մարտակերտի բնակիչ, պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, գործարար Աշոտ Հայրապետյանն առաջիկա օրերին պատրաստվում է վաճառել գույքն ու արտագաղթել: «Մի քանի տուն ա սարքել, բայց դա գլուխ գովալու բան չի: Նենց չի, որ սաղ ղարաբաղցոց կարողանալու ա տեղավորի: Վարկերի տակ մարդիկ կռացած, մարդկանց ձեռքից ունեցվածքը խլում են: Ես մոյկա եմ աշխատացնում: Առաջ, մինչեւ պատերազմը, հա, լավ էր, տուն էի պահում, երեխեքին մեծացրել եմ, պսակել եմ դրանով, բայց հիմա էլ գործ չկա»,- ասում է Հայրապետյանը:
Պատերազմի ժամանակ նրա ավտոլվացման կետն անվճար սպասարկել է շրջանի բնակիչներին, նրանց համար հաճախ որպես թաքստոց է ծառայել, բայց հրետակոծվել է: Հայրապետյանը չի կարողացել մարել վարկը, սակայն ո՛չ վարկերը զրոյացնելու պետական ծրագրից է օգտվել, ո՛չ էլ որեւէ փոխհատուցում ստացել: 3 մլն պարտքը բանկին դարձել է 4 մլն: Հիմա Աշոտ Հայրապետյանին պատկանող գույքը հարկադրանքի տակ է: Բանկը ժամանակ է տվել՝ մինչեւ հունվարի վերջ մարել պարտքը, հակառակ դեպքում գույքը կբռնագանձվի։
«Ես ձայն չեմ տվել իրեն: Իր մարդկանց Արայիկը լավ էլ գումարներ է տալիս, 60-100 մլն-ով վարկեր ունեն վերցրած, սաղ ջրել ա, նոր գումարներ ա տվել, ուղղակի, որ մենք իրեն չենք ընտրել, մենք իր համար յա եղած, յա չեղած»: Աշոտ Հայրապետյանի փեսան եւ եղբայրը զոհվել են պատերազմի ժամանակ: Գեղեցիկ, նոր վերանորոգված տան վրա ռումբ է ընկել, ավիրել: Միակ օգնությունը, որ ստացել է պետությունից՝ տանիքի նորոգումն է եղել: Աշոտ Հայրապետյանն ասում է, որ կոպեկներով վաճառելու է իր օբյեկտներն ու գնա: «Ճիշտ է, ես 92-ին վիրավորված տղա եմ, բայց ես ոչինչ չեմ ուզել պետությունից, նույնիսկ կարգ չեմ ստացել, ասել եմ՝ մեկ ուրիշի տվեք էդ կարգը: Բայց հիմա ես գնում եմ: Ու շատերն են գնում հիմա: Եթե վարկերը հեչ անեն, ժողովուրդը կմնա: Բայց գնում են, որովհետեւ վարկերի վրա ահռելի տոկոսներ են ավելացած: Մարդիկ ո՞նց ապրեն: Գույքն էժան տալիս՝ գնում են: Մենք կռվել ենք հայրենիքի համար, որ հիմա մեզ էշի տե՞ղ դնեն»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: