Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը չի հրաժարվում «ավանդական» դարձած իր ձեռագրից. նոյեմբերի 9-ի հայտարարությունից մինչև 2022 թ. հունվարի 1-ը արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 26,2022 10:25

Ցավոք, որքան էլ ազդու լինեն հանցավորության դեմ խաղաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի զինվորների կանխիչ գործողությունները, թշնամին չի հրաժարվում «ավանդական» դարձած իր ձեռագրից ու շարունակում է լարված պահել իրադրությունը՝ նոր դավեր նյութելով սահմանին: Ասվածի վառ վկայությունն է հակառակորդի կատարած հանցանքների վերաբերյալ ԱՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը, ինչը հիմնված է իրական, հավաստի փաստերի վրա եւ, ինչպես ասում են, պարզաբանումների կարիք չունի:

Ըստ գլխավոր դատախազության, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչեւ 2022 թ. հունվարի 1-ը ԱՀ վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 54 քրեական գործ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 5 դեպք (քաղաքացիական անձանց սպանության 3 դեպք), սպանության փորձի՝ 28 (որից 19-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության՝ 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման՝ 16 (որից 10-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի՝ 5, գողության՝ 3, կողոպուտի՝ 2, գերեզմանները ոչնչացնելու՝ 3, խոշտանգման՝ 4, սպանության սպառնալիք տալու եւ մարդու առեւանգման՝ 1-ական դեպքեր:

Սպանվել է 3 քաղաքացիական անձ եւ 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության են ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը: Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետեւանքով հափշտակությամբ (գաղտնի եւ բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ եւ մեկ տրանսպորտային միջոց):

Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետեւանքով խոցվել կամ թիրախավորվել են 9 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 9 տրանսպորտային միջոց (7-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել են 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ, պատճառվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Թվարկված դեպքերից բացի, 2020 թ. նոյեմբերից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու եւ Շուշիի շրջանների գյուղերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, ինչի հետեւանքով հաճախ գնդակները թափվում են բնակարանների տանիքներին կամ բակերում, խոցում բնակելի տների եւ այլ շինությունների պատերը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31