Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետք է հստակ արձանագրել փոփոխությունը

Հունվար 26,2022 10:00

Վարչապետի հերթական «ասուլիսը» առանձնապես նորություններ չէր պարունակում նախորդ՝ դեկտեմբերի 24-ի նմանատիպ միջոցառման հետ համեմատ։ Դա վերաբերում է թե՛ ձեւին եւ թե՛ բովանդակությանը։ Ձեւի տեսակետից «անհարմար» հարցերը կա՛մ շրջանցվում էին կա՛մ վերաձեւակերպվում։ Ի դեպ, անցած կիրակի  «Առավոտը» հարց չէր ուղարկել, որովհետեւ նախորդ անգամ մեր հարցը չէր հնչեցվել:  Իսկ  այդ՝  անպատասխան մնացած հարցում մենք հիշեցնում էինք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Փաշինյանը հայտարարել էր, որ «100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը», եւ, հետաքրքրվում՝ ի՞նչ է փոխվել:

«Ասուլիսի» անցկացման անհաջող ձեւը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ երկրի ղեկավարը պետք է ունենա մամուլի քարտուղար եւ նորմալ աշխատող լրատվական ծառայություն, որը նախօրոք, պաշտոնապես եւ ցանկալի է՝ աշխատանքային օրերի ընթացքում տեղեկացնի ԶԼՄ-ներին այդ ասուլիսի մասին:

Բովանդակության տեսակետից, ըստ էության, նորություն էին Արմեն Սարգսյանի հրաժարականի հետ կապված դատողությունները, որոնք հիմնականում տրամաբանական էին:

Տրամաբանական չէին մի շարք այլ պնդումներ (վերծանում եմ դրանք՝ ազատելով հռետորաբանական պատմուճաններից) ։

1.Բարձրաստիճան կուսակցականները գնում են բուհերի ղեկավարությունը վերահսկելու՝ բուհերի ապակուսակցականացումն ապահովելու համար։

2.Ալիեւն ասում է, որ Երեւանն ադրբեջանական քաղաք է այն պատճառով, որ 1994 թվականից հետո Հայաստանում խոսում էին այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է (տեսնես, ովքե՞ր էին Հայաստանի ղեկավարներից նման բաներ ասել):

3.Եթե ձեզ դուր չի գալիս, որ ՔՊ-ական պատգամավորը վիրավորում է լրագրողներին, ուրեմն դուք նրա խոսքերը ձեզ եք վերագրում եւ, հետեւաբար, հենց այն եք, ինչ պատգամավորն ասում է: Եվ այլն:

Բայց դրանք, իմ ընկալմամբ, մանրուքներ են, հռետորական հնարքներ՝ հարցերի տակից դուրս գալու համար: Քաղաքական առումով կարեւորն այն է, որ Հայաստանի վարչապետը ՉԻ ԱՍՈՒՄ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ ՉԻ ԱՍՈՒՄ, որ Հայաստանը շարունակելու է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պետական քաղաքականությունը: Մնացած թեզերը (օրինակ`որ 1992 կամ 2016 թվականին ամեն ինչ հանձնած-պրծած էր) «համեմունքներ» են՝ դրա մասին թող «ներկաներն» ու «նախկինները» վիճեն: Էականն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգն էապես փոխվել է 2020 թվականի նոյեմբերից 9-ից հետո: Դա պետք է հստակ ու միանշանակ արձանագրվի եւ դրվի քաղաքացիների քննարկմանը: Ինձ թվում է, որ քաղաքացիների մեծամասնության համար այդ փոփոխությունն ընդունելի է կամ առնվազն՝ հետաքրքիր չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nimar says:

    Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ կազմի մեջ կամ դուրս լինելը, ինչպես նաև բուն գոյության հնարավորությունը պայմանավորված չեն Հայաստանի ղեկավարի ասածով/չասմամբ։ Սա բոլորի համար պարզ էր նախկինում, իսկ նոյեմբերի 9-ից հետո եռակի ակնհայտ է։ Դատարկ հայտարարությունները, թե Հայաստանը երաշխավոր է մի բանի, որը դուրս է իր իրավասություններից, անհեթեթ են։
    Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման պետական ​​քաղաքականությանը, ապա ցեղասպանությունը ճանաչած երկրները դա արել են ոչ թե մեր պետական ​​քաղաքականության նկատմամբ հարգանքից ելնելով, այլ դրա նպատակահարմարության մասին սեփական պատկերացումներից ելնելով։ Եվ, իհարկե, ոչ այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարն այդ մասին ինչ-որ բան ասել/չասել է: Սրա հետ կապված պատրանքներ չպետք է լինեն։

  2. Լավատես says:

    Մեզ հայերիս նոր հստակ արժեհամակարգ է պետք, աստծո ընտրյալ ժողովուրդներն ունեն իրենց ազգային սուպերկրոնը եւ այդ ժողովուրդների յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ անկախ նրա կրոնից, լիովին ենթարկվում է իր ազգային սուպերկրոնի կարմիր գծերին՝ օրինակ, եղբորդ տոկոսով փող մի տուր ու նման բաներ: Որո՞նք են հայ ազգային սուպերկրոնի կարմիր գծերը, որոնց հատել հայի համար կնշանակի ուրանալ իր մեջ հային, անկախ նրանից նա քրիստոնեական, մահմեդական կամ այլ կրոնի ներկայացուցիչ է կամ էլ պարզապես աթեիստ:
    Սկսենք սեփականությունից, ոչ ոք՝ քո ազգի ներկայացուցիչը լինի թե այլ ազգի ներկայացուցիչը, սեփականության բացարձակ իրավունք չունի, ցանկացած Արարչի արարածի սեփականության հանդեպ բացարձակ իրավունք ունի միայն Արարիչը, իսկ մենք՝ Արարչի արարածներս☺️ունենք հարաբերական իրավունք մեր թե ուրիշի սեփականության հանդեպ եւ այդ հարաբերական իրավունքը կոչվում է աստվածահաճո վերաբերմունք սեփականության հանդեպ: Մեր հայ սուպերկրոնի հոգեւոր հայրերը պետք է այնքան խելոք ու փորձված լինեն, որ մեզ հայերիս՝ ազգին թե անհատապես ցանկացած իրավիճակում ցույց տան, թե ո՞րն է այդ հստակ իրադրության մեջ աստվածահաճո վերաբերմունքը:
    Մեր հոգեւոր հայրերը պետք է ազգային սուպերկրոնի կրոնագիրքը գրեն, որտեղ հստակ պետք է ներկայացվեն յուրաքանչյուր հայի կարմիր գծերը, որը հատելուց նա դադարում է հայ լինել: Ես մեր սուպերկրոնը կանվանեի Հայ դատ, որը կսրբացներ ազգի նվիրյալներին եւ փրկության ձեռք կմեկներ ազգի մոլորյալներին, իսկ մնացածին կդաստիարակեր եւ կկրթեր որպես ազգի ապագա նվիրյալներ:
    .. Ասենք գնում ես կամրջով, մեկ էլ տեսնում ես մեկն ուզում է իրեն վատ բան անել, գնում բռնում ես, որ չթռնի, սա էլ թե՝ Դուք խախտում եք իմ անձնական սեփականության իրավունքը, ես եմ իմ մարմնի սեփականատերը, ինչ կուզեմ, կանեմ: Հա՞յ ես, հարցնում ես, պատասխանում է՝ հա, բա խի՞ ես համը հանում եւ տանում հանձնում Հայ դատի գրասենյակին: 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31