Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է լինելու իսկական հեղափոխություն

Հունվար 26,2022 14:00

Ինստիտուտների թուլությունը մշտական անկայունության աղբյուր է

Հաճախ, երբ ես գրում եմ 2018 թվականի հեղափոխության մասին, իմ ընթերցողները (հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող) առարկում են, որ դա ոչ մի հեղափոխություն էլ չէր: Այդ հարցը մի փոքր պարզաբանման կարիք ունի: Ամերիկացի քաղաքագետներ Դեյվիդ Ռապոպորտը, իսկ այնուհետեւ Սեմյուել Հանթինգթոնը պնդում էին, որ քաղաքական ռեժիմները ոչ միայն բաժանվում են «ավանդական» տեսակների՝ տոտալիտար, ավտորիտար եւ ժողովրդավարական, դրանք կարող են լինել քաղաքացիական (որտեղ ինստիտուտներն ավելի ուժեղ են, քան քաղաքացիների ակտիվությունը) եւ այսպես կոչված՝ «պրետորիական»: Նման համակարգը ենթադրում է, որ քաղաքական խնդիրները լուծվում են ոչ քաղաքական, ոչ ինստիտուցիոնալ ձեւերով, տարբեր խմբերի միջեւ չկա համաձայնություն՝ այդ խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ, համակարգը չի հարմարվում, չի ադապտացվում նոր խմբերին, այդ թվում՝ նոր սերունդներին: Այդ ամենը, բնականաբար, կարող է հանգեցնել անկայունության եւ, որոշ դեպքերում, հեղափոխական իրավիճակների:

Հայաստանում, կարծում եմ, հենց այդպիսի համակարգ է եւ, հետեւաբար, նման իրավիճակները ստեղծվում են պարբերաբար: Ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով նման իրավիճակ է նկատվում մի քանի տասնյակ այլ երկրներում: Բայց կարելի՞ է արդյոք նախկին խորհրդային տարածքում, ինչպես նաեւ, ասենք, Եգիպտոսում կամ Թունիսում տեղի ունեցող իրադարձություններն անվանել «հեղափոխություններ»: Այստեղ, ինձ թվում է, պետք է տարանջատել երկու հարց. 1/ ի՞նչ նպատակով էին մարդիկ դուրս եկել փողոց, ի՞նչ ակնկալիքներ ունեին նրանք, 2/ ինչի՞ են հանգեցրել այդ իրադարձությունները, արդյո՞ք ակնկալիքներն իրականացել են: Չեմ կարող ասել մյուս երկրների մասին, բայց Հայաստանի վերաբերյալ կարելի է արձանագրել ակնկալիքների մասնակի իրականացում: Պետք է ընդունել, որ դրանք տարբեր էին. մի մասը (ես՝ նրանց թվում) հույս ուներ, որ հեղափոխությունը վերջ կդնի հետխորհրդային ավտորիտար, կոռումպացված, բոլոր իմաստներով անարդյունավետ համակարգին, մյուս մասը պարզապես ցասմամբ էր լցված Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության հանդեպ եւ ցանկանում էր, որ նրանց գահընկեց անեն ու խստորեն պատժեն: Առաջին մասի ակնկալիքները բացարձակապես չիրականացան, երկրորդի իղձերը մասամբ բավարարվեցին: Այդպիսով, ներքին խթանիչ ուժերի, շարժառիթների տեսանկյունից 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները կարելի է, այնուամենայնիվ, «հեղափոխություն» անվանել:

Եթե հարցին նայենք արդյունքների, հետեւանքների տեսանկյունից, ապա համակարգերի փոփոխություն, անշուշտ, տեղի չի ունեցել. ինչպես եղել է անձնավորված ավտոկրատիա, այդպես էլ մնացել է, ինչպես կար նոմենկլատուրային-օլիգարխիկ կապիտալիզմ, այդպես էլ գոյություն ունի հիմա: Մենք ունեցել ենք եւ ունենք ոչ արդյունավետ բյուրոկրատիա, կախյալ դատարաններ, քաղաքական իշխանության պատվերը կատարող ոստիկանություն եւ այլն: Երկու տարի զսպվածություն դրսեւորելով, բարձրաստիճան բյուրոկրատները վերադարձան «նախահեղափոխական» շողոքորթությանը եւ իրենց աշխատասենյակներում կախեցին «սիրելի առաջնորդի» նկարը:

Հետագայի համար հետաքրքիր է հետեւյալ հարցը՝ ինչո՞ւ 2018 թվականին եկած իշխանությունը որեւէ բարեփոխում, որեւէ արդիականացում չի իրականացնում: Այդ հարցը կարող է ունենալ տարբեր պատասխաններ, եւ դրանցից առաջինը գոնե ինձ համար ակնհայտ է. որովհետեւ տվյալ իշխանությունն իրականում չունի դրական ծրագիր: «Բացասականը» պարզ է՝ խլել «նախկիններից» նրանց հարստությունը եւ այն բաժանել «աղքատներին»: Որպես հեղափոխական կարգախոս դա լավ է հնչում, սակայն, ինչպես տեսնում ենք, իրականացնելը բավականին բարդ է: Բայց հեղափոխությանը հետեւած լճացումն ունի ավելի հիմնավոր պատճառ. արդիականացում իրականացնելը ռիսկային քայլ է եւ սպառնալիք «բարեփոխիչ իշխանության» համար:

Դեռեւս նախորդ դարի առաջին կեսին ամերիկացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը ցույց էր տվել, որ հնարավոր չէ միաժամանակ զարգացնել ե՛ւ ազատությունը, ե՛ւ արդարությունը, ե՛ւ արդյունավետությունը: Պետք է ընտրել դրանցից որեւէ մեկը եւ համակերպվել այն մտքի հետ, որ մյուս երկուսը տուժելու են: Այդ օրինաչափությունն ընդունված է կոչել Քեյնսի եռանկյունի: Մեր հասարակության մեջ մեծ է արդարության պահանջը, ավելի ճիշտ՝ դրա այն տեսակը, որն առնչվում է եկամուտների վերաբաշխման հետ, ինչը եւ համապատասխանում է կառավարության «բացասական ծրագրին»: Բայց այդպիսով դժվար է արդյունքների հասնել՝ ընդ որում՝ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ քաղաքական բարեփոխումների ասպարեզում: Իսկ արդյունքների բացակայությունն իր հերթին կարող է բերել նոր դժգոհությունների, եւ այդ առումով բացառված չէ, որ վաղ թե ուշ կհայտնվի «հակավերնախավային» մի նոր ուժ, «կեղեքված ժողովրդի» մի նոր պաշտպան, որը կպնդի, թե ռեսուրսներն արդար չեն վերաբաշխվում, եւ հենց դա է պատճառը, որ «խեղճ ժողովրդի» վիճակը չի բարելավվում, եւ եթե ինքը՝ արդարության այդ նոր ջահակիրը, գա իշխանության, ապա նա հարստությունը ումից պետք է՝ կխլի, ում պետք է՝ կբաժանի, եւ ահա այդ դեպքում բոլորիս վրա կսփռվի երջանկության լույսը: Սակայն այդ քարոզչությունը հիմնված է մեթոդաբանական սխալի վրա. լճացման իրական պատճառն այն է, որ ռեսուրսների վերաբաշխմամբ եւ «ապօրինի գույքի բռնագանձմամբ», մեծ հաշվով, չեն լուծվում ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական խնդիրները:

Բայց մյուս կողմից, իշխանությունն ավելի մեծ ռիսկի կդիմեր, եթե ցանկանար ավելացնել քաղաքական եւ տնտեսական համակարգի արդյունավետությունը: Դա կառաջացներ ոչ միայն «արդարության ծարավ ունեցող» ազգաբնակչության, այլեւ օլիգարխիայի եւ բյուրոկրատիայի դժգոհությունը. արդիականացումը պահանջում է «յուրայինների» արտոնությունների վերացում եւ բյուրոկրատիայի կրճատում, ինչն այս իշխանությունը, ինչպես նաեւ նախորդ իշխանությունները, չեն համարձակվում անել: Ինչ մնում է «Քեյնսի եռանկյունու» երրորդ բաղադրիչին՝ ազատությանը, ապա նման պահանջարկ մեր հասարակության մեջ գրեթե չկա:

Այս շարադրանքից, հավանաբար, պետք է պարզ դառնա, որ եթե անգամ տեղի ունենա իշխանափոխություն, ապա իրական հեղափոխական տեղաշարժեր դարձյալ չարժե ակնկալել: Հաջորդ իշխանությունը նույնպես սպասարկելու է «արդարության» բաղադրիչը, որովհետեւ հենց այդպիսին է քաղաքացիների պահանջը: Գործնականում դա նշանակում է, որ դարձյալ փոխվելու են մի քանի օլիգարխների անունները, իսկ հիմնական մասը, բնականաբար, կմնա իր տեղում եւ կծառայի նոր իշխանությանը:
«Պադավատները», քարտուղարուհիները, գրասենյակային կահույքը, պարգեւավճարները, արտասահմանյան գործուղումները շատանալու են: Փոխարենը «շոուներ» են լինելու «նախկիններին» (այսօրվա «ներկաներին») պատժելու ուղղությամբ:

Բայց մի օր իսկական հեղափոխություն կլինի՝ հուսով եմ, դարձյալ խաղաղ, ոչ բռնի, թավշյա: Հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ մարդիկ փողոց դուրս կգան եւ կասեն. «Չենք ուզում, որ մեր ճակատագիրը կախված լինի մեկ մարդու քմահաճույքից, ուզում ենք ապրել ազատ եւ արժանապատիվ»: Հնարավոր է, որ նման հեղափոխություն տեղի ունենա իմ կյանքի օրոք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Մեր երկիրը դեռ թագավորի կարիք ունի,մարդիկ ուզում են ունենալ արդար թագավոր,մենք այդ փուլը դեռ չենք անցել,որպեսզի քաղաքացիները օրենք սովորեն և վստահ լինեն,որ իրենց պաշտպանը հենց այդ գրքում գրված օրենքներն են։Եթե մարդիկ ոչ թե օրենքի երկիր են ուզում,այլ արդար թագավոր
    , պարզ է,որ թագավոր չեն խաղում այլ թագավորին են խաղում,ուրեմն պետք է լինեն պադավատներ,շքախումբ, հարգանքի ցուցադրման ռեվերանսներ,թագավորի նկարներով աշխատասենյակներ և այլն։

  2. Aha says:

    It takes time for a critical mass of people to attain a level of political maturity that also translates into the government they elect. Remember, it took Western Europe centuries of feudal and monarchic rule (and countless wars) to eventually opt for democratic systems. Armenia simply needs stability, a sort of time-out from history. a similar but of course upgraded version of the stability offered by the Soviet Union. Not implying we need to return to communism or dictatorship but perhaps the security/stability umbrella offered by a more mature, powerful, sophisticated state entity might be more beneficial than full independence (and doesn’t necessarily have to be via joining Russia, I don’t think they want us anyway).

    In short, absolute independence is overrated! Are quality of life and the average citizen’s level of political maturity higher in Scotland, Catalonia, and Quebec than in Armenia? I think so.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31