Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դերն էլ եմ շատ սիրում, բայց իմ կոչումը միայն դա չէ…»

Հունվար 26,2022 12:30

Հարցազրույց ճանաչված ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հետ

– Օրերս եք վերադարձել Գերմանիայի Զալֆելդ քաղաք կատարած հերթական հյուրախաղերից։ Գիտենք, որ այդ երկիրը հարազատ է ձեզ, քանի որ ուսանել եք այնտեղ, այնպիսի բարձրակարգ երաժիշտների ու մանկավարժների ղեկավարությամբ, ինչպիսիք են Քրիստոֆ Պոպենը եւ Ջուլիա Ֆիշերը, որոնց արվեստին ծանոթ է հայաստանցի հանդիսատեսը։ Այս անգամ դիրիժորական վահանակի մոտ է եղել ձեր ամուսինը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Արտերկրում դա ձեր առաջին համատեղ բեմելը չէր…

– Իրականում բազմիցս հանդես եմ եկել մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ նաեւ արտասահմանում, այդ թվում՝ Լեհաստանում, Ռուսաստանում եւ այլն։ Իսկ Գերմանիա սա թվով մեր երրորդ հյուրախաղն էր։ Հանդես եկանք Thuringer Symphoniker-ի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Օլիվեր Վեդեր)։

Այդ նվագախումբը հարուստ տրադիցիաներ ունի, հիմնվել է 1600-ական թվականներին եւ մինչ օրս բուռն համերգային եւ հյուրախաղային գործունեություն է ծավալում։

– Կներկայացնե՞ք ինչ ծրագրով հանդես եկաք։

– Հարցի ենթատեքստը պարզ է. կուզեիք լսել հայ հեղինակի անուն։ Հնչեցրինք Տիգան Մանսուրյանի Ջութակի եւ նվագախմբի թիվ 1 կոնցերտը, որին գերմանացի հանդիսատեսը ծանոթ չէր։ Իսկ մենք այդ ստեղծագործությունը քանիցս կատարել ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում։ Հետո հանդես եկանք 20-րդ դարի հրեա կոմպոզիտոր Էռնեստ Բլոխի «Baal Shem» երկի կատարմամբ, որի հիմքում հրեական ավանդական թեմաներ են։ Նշեմ, որ դա էմոցիոնալ գործ է եւ վստահ եմ, որ հանդիսատեսը ապրեց այդ էմոցիաները։

– Բայց տարածված կարծիք կա, որ գերմանացիները սառը ժողովուրդ են…

– Օրինակ՝ Մանսուրյանի կոնցերտը, թվում է՝ դյուրամարս չի լինի, բայց հենց գերմանացիների կողմից կարծիքներ հնչեցին, թե ի՜նչ հարուստ ատմոսֆերայով, կոնտրաստներով գործ է եւ մարդկանց տանում է մի այլ աշխարհ… Ուրախ եմ, որ այս երկը նման ընդունելության արժանացավ Գերմանիայում։ Այն կատարել ենք նաեւ ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում։ Մաեստրո Թոփչյանը նախկինում էլ՝ շուրջ 20 տարի առաջ, իր ղեկավարած «Սերենադ» նվագախմբի հյուրախաղային երկացանկում ունեցել է այս գործը։


– Իսկ ինչպե՞ս ընդունեց մեր մաեստրոյին գերմանական նվագախումբը։

– Ձեր խոսքերով՝ սառը ժողովուրդը Բրամսի 4-րդ սիմֆոնիայի ավարտին (այս ստեղծագործության տեւողությունը 50 րոպե է), երբ մաեստրոն խոնարհվեց՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ու բարձրացնելով, ոտքի հանելով նվագախումբը, երաժիշտները ծափահարում էին ոչ միայն ինչպես ընդունված է՝ գործիքների աղեղներով, այլ նաեւ ոտքերով։ Հանդիսատեսն էլ պարզապես չէր հեռանում դահլիճից։

– Ուղիղ ասած՝ ձեզ եւ ձեր ամուսնուն առանձնապես ներկայացնելու հարկ չկա։ Բայց հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք համատեղում ընտանիք- երեխաներ, հայաստանյան ու արտասահմանյան ելույթներ…

– Ցանկության դեպքում անհնար ոչինչ չկա, մանավանդ որ շրջապատված ես հոգատար մարդկանցով, որոնց վստահում ես նույնիսկ երեխաներիդ դաստիարակությունը։

– Այնուամենայնիվ, բարդ է։ Ձեր դեպքում՝ երեխաների մայրը, կինը հաճախ է մեկնում հյուրախաղերի, այն էլ շաբաթներով…

– Մեր ընտանիքի դրվածքը այնպիսին չէ, որ կինը պետք է լինի միայն տնային տնտեսուհի, զբաղվի երեխաներով, խոհանոցով… Անկեղծ ասած՝ ես այդ դերն էլ եմ շատ սիրում, բայց իմ կոչումը միայն դա չէ…

– Վերադառնանք ձեր կարիերային։ Մեր դիտարկմամբ՝ Անուշ Նիկողոսյանին ավելի շատ ենք հանդիպում կամերային համերգներում։

– Ես շատ եմ սիրում կամերային երաժշտություն նվագել, ունեմ հիանալի գործընկերներ, որոնց հետ սիրով ու հաճույքով եմ համագործակցում՝ ներկայացնելով կամերային ստեղծագործություններ։ Առաջիկայում՝ փետրվարին, Դվորժակի ստեղծագործություններով հանդես կգանք կամերային երաժշտության երեկոյով։

– Ձեր նվագացանկում միանշանակ գերիշխում են համաշխարհային երաժշտական գրականության նմուշները։

– Այստեղ էլ, միանշանակ, ենթատեքստ կա։ Սիրով պատասխանեմ. Ջութակի երկացանկը բավականին մեծ է եւ ներառում է համաշխարհային երաժշտական գրականությունից տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ կոնցերտներ, սոնատներ, բազմաթիվ այլ գործեր։ Յուրաքանչյուր ջութակահար պարտավոր է նվագել այդ ստեղծագործությունները… Իսկ հիմա ասեմ այն, ինչ կուզեիք լսել. Հայկական գործեր մշտապես եւ սիրով եմ կատարում։ Իմ նվագացանկում են Խաչատրյանից, Բաբաջանյանից մինչեւ Չթչյան, Չաուշյան, Երկանյան, Զաքարյան…

– Վերադառնանք մաստրո Թոփչյանի ղեկավարությամբ ձեր բեմելներին։ Հասկանալի է, որ գերագույն պատասխանատվությամբ եք մոտենում յուրաքանչյուր համերգին, անկախ նրանից, թե ով է կանգնած դիրիժորական վահանակի առջեւ՝ ամուսի՞ն, թե՞ այլ երաժիշտ…

– Այդ հարցին փորձեմ կարճ պատասխանել. Էդուարդ Թոփչյանը պերֆեկցիոնիստ է, ինչի շնորհիվ մեր համատեղ բեմական գործունեությունը հաջողվում է։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31