Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներքին Չարբախի բնակիչները տրանսպորտից զրկվել են. 41 երթուղու սպասարկումը դադարեցվել է

Հունվար 26,2022 13:30

Արդեն քանի օր է ուղեւորները մայրաքաղաքի կանգառներում ժամերով, անհույս սպասում են թիվ 41 միկրոավտոբուսին, սակայն, այն այդպես էլ չի գալիս: Որեւէ մի կառույց, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանը, որը պատասխանատու է մայրաքաղաքի երթուղագծերի ու առհասարակ հասարակական տրանսպորտի համար, որեւէ ձեւով քաղաքացիներին չի ծանուցում, որ երթուղին, այլեւս չի աշխատում, այսպես ասած՝ փակվել է եւ թիվ 41-ն այլեւս չի սպասարկելու, որ մարդիկ, այն էլ ձմռան այս ցրտին, իզուր չսպասեն: Այս երթուղին սպասարկում էր Արաբկիր վարչական շրջանում գտնվող Մամիկոնյաց փողոցից մինչեւ Ներքին Չարբախ թաղամասն՝ անցնելով Մոնումենտով, Աբովյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով, ապա՝ անցնում Արշակունյաց պողոտայով, Գարեգին Նժդեհ փողոցով եւ հասնում մինչեւ Ներքին Չարբախ: Այսինքն՝ հազարավոր ուղեւորների, մասնավորապես՝ Ներքին Չարբախում ապրող քաղաքացիների համար այն հարմար երթուղի էր, հատկապես՝ որ այդ թաղամասը սպասարկող հասարակական տրանսպորտ գրեթե չկա: 41 երթուղու շահագործումը դադարեցնելուց հետո Ներքին Չարբախի միակ տրանսպորտը մնացել է թիվ 25 միկրոավտոբուսը, որը սակայն, շատ սահմանափակ երթուղով է գնում՝ Էլեկտրոն գործարանից՝ Էրեբունու զանգված:

Անցնում է Շարուրի, Շիրակի, Արտաշիսյան փողոցներով, Բագրատունյաց պողոտայով, Գ. Նժդեհի հրապարակով, Ռոստովյան ու Ազատամարտիկների փողոցներով՝ հասնելով Էրեբունու Խաղաղ Դոնի փողոց եւ Էրեբունու զանգված: Հետադարձը` նույն ուղեգծով:

Այսինքն՝ այս միակ երթուղայինը, քաղաքի որեւէ կենտրոնական հատված չի հասնում: Բացի այդ, այս գիծն էլ, Ներքին Չարբախի բնակիչների խոսքով, սպասարկվում է հին, հատակն ու նստարանները մաշված շարժակազմով, եւ, միկրոավտոբուսների միջեւ երթուղու միջակայքերը ոչ թե այլ երթուղագծերի նման 4-5 րոպե է, այլ՝ 20 րոպե՝ չնայած՝ Երեւանի քաղաքապետարանի կայք էջում միջակայքը նշված է 5-ից 6 րոպե: Իսկ շարժակազմի թվաքանակն էլ երթուղում նշաված է՝ 14: Սակայն, ինչպես ուղեւորներն են ասում՝ այդքան սպասելուց հետո ոչ միշտ է հաջողվում նստել, քանի որ շատ ծանրաբեռնված է երթեւեկում:

Բացի այն, որ մի քանի տրանսպորտ փոխելն էլ դեպի Երեւանի կենտրոն եւ հետ գալու համար այս թաղամասի բնակիչների համար ծախս է, երեկոյան ժամերին, թիվ 25 միկրոավտոբուսները չեն էլ սպասարկում, եւ, մարդիկ, ստիպված են լինում Ներքին Չարբախ տաքսիներով հասնել:

«Առավոտի» հետ զրույցում Ներքին Չարբախի բնակիչները նշեցին, որ գոնե թիվ 41 միկրոավտոբուսն այդ առումով փրկություն էր:
Ուղեւորների խոսքով, նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին, այդ թաղամասը մի քանի տրանսպորտ էր սպասարկում՝ թիվ 31 ավտոբուսը, որը հասնում էր մինչեւ «Ռոսիա», 42 համարի ավտոբուսը, Ծերեթելիից էլ 67 համարի միկրոավտոբուսը երթեւեկում էր Ներքին Չարբախով եւ այլն, հիմա, երբ քաղաքային տրանսպորտի ցանցն ավելի զարգացած ու նորացված է, իրենք առանց տրանսպորտի են:
Այս թաղամասի բնակիչները համարում են, որ 41-ի շահագործումը դադարեցնելով, իրենք, ըստ էության, մնացել են առանց տրանսպորտ, քանի որ քաղաքի կենտրոնին եւ մյուս ծայրերին կապող տրանսպորտ ուղղակի չկա:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականին ուղեւորափոխադրումների փորձագետները, տրանսպորտի գծով հասարակական կառույցների ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնում, որ միաժամանակ տասնյակ երթուղագծերի միկրոավտոբուսների շահագործման ժամկետները լրանալու են, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու երթուղային ցանցի համար: 2018-ի դեկտեմբերին միանգամից լրացել է 117 միկրոավտոբուսների շահագործման ժամկետները: Այսինքն՝ շարժակազմի 15 տարին լրանալու առիթով դրանք դուրս են եկել շահագործումից: Ճիշտ է շատ երթուղագծերում այդ «գազելները» փոխարինվեցին ավտոբուսներով եւ ավելի թարմ միկրոավտոբուսներով, բայց այդ երթուղագծերից որոշներն էլ ընդհանրապես փակվեցին՝ կրկին առաջացնելով անհարմարություն ուղեւորների համար:

«Առավոտի» հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ թիվ 41 երթուղու միկրոավտոբուսների շահագործման ժամկետը նույնպես լրացել է, այդ պատճառով էլ երթուղագծի սպասարկումը դադարեցվել է: Այդ գծի միկրոավտոբուսները եղել են 2006 թվականի արտադրության: Ասացին, որ խնդրին տեղյակ են եւ ներկայում մշակում են՝ կա՛մ գործող այլ երթուղիներով բացը լրացնելու տարբերակը կա՛մ՝ նոր երթուղու: Այս պահին սակայն, չեն կարող ասել՝ որքան ժամանակ կպահանջվի խնդիրը լուծելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31