Գյումրու պատմական կենտրոնում՝Շիրազի և Ջիվանու փողոցը հատող հատվածում կբացվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ։
Մենք այսօր պատահաբար նկատեցինք, որ Սամվել Բալասանյանի տան հարևանությամբ, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պատկանող «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի դեմ դիմացի սեփական տներից մեկը վերածվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի գրասենյակի։
Մեր տեղեկություններով, գլխավոր հյուպատոս կնշանակվի ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ այն քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է, զբոսաշրջիկների սիրելի տեղանքներից, որտեղ Ծաղիկովներին պատկանող գարեջրի գործարանի, Գյումրու ամենահին և կոլորիտային ռեստորանի՝ «Պոլոզ Մուկուչ»-ի կողքին հետաքրքիր կլինի նաև դիվանագիտական կառույց ունենալը։
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը գլխավոր հյուպատոսություն ունի Երևանում։
Ուրուգվայն ազդեցիկ հայ համայնք ունեցող երկրներից է, նրանց թիվը հասնում է 15 000-20 000-ի։
Ըստ կայքի, նրանց մեծ մասը գործարարներն են, կոշիկի գործարանատերեր, ճանաչված առևտրականներ, բժիշկներ, հաշվապահներ, պետական ծառայողներ, մշակույթի գործիչներ, արհեստավորներ, հայերն ակտիվ են նաև քաղաքական կյանքում։
Այստեղ հայ ավանդական կուսակցություններն ունեն տեղական կազմակերպություններ, գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, հայկական ամենօրյա վարժարաններ, տարբեր հայրենակցական միություններ։ Գործում են նաև հայկական պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, թատերախումբ, հեռարձակվում է հայկական 3 ռադիոժամ, տպագրվում է հայկական թերթ:
Ի դեպ, Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թ.-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ