ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այսօր Վերաքննիչ դատարանի շենքի առջեւ էին: Նրանք եկել էին իրենց աջակցությունը բերելու «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, որին ապօրինի կալանքի տակ պահելու բողոքը պետք է քննարկվեր դատական նիստում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանությունների՝ հայրենասեր մարդկանց լռեցնելու փորձեր անելու մասին հարցին՝ ասաց. «Այս իրականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը արժանապատիվ ղեկավար չունի, քանի դեռ Հայաստանի, այսպես կոչված, ղեկավարի համար ավելի մեծ առաջնահերթություն է միջազգային կառույցներից ստանալ իրեն գովերգող, գովաբանող բարեբեր զեկույցներ, քան Արցախի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կայացրած ոտնձգությունների հետ կապված միջազգային գնահատականները:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, երեկ ԱԺ-ում ընտրվեց ոչ թե ՄԻՊ, այլ ինչպես պատգամավոր Աննա Մկրտչյանը նկատեց, իշխանությունների իրավունքների պաշտպան, կամ ինչպես Ռուբեն Մելիքյանը նշեց, ՆԻՊ-ը, որը պնդեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ես տիկին Գրիգորյանի ուշադրությունը հրավիրում եմ պարոն Իսագուլյանի, Նարեկ Մանթաշյանի, Առուշ Առուշանյանի, Աշոտ (Երկաթ) Մինասյանի, Մամիկոն Ասլանյանի, պայքարի մեր բոլոր ընկերների վրա, որոնց անվանական չնշեցի: Քանի դեռ նրանք անազատության մեջ են, խոսել Հայաստանում ժողովրդավարության մասին, անիմաստ է»:
Հայկ Մամիջանյանը դատավորներին եւ ուժային կառույցներին հորդորեց, որ այս իշխանության հետ ապագա չկա, բայց նրանցից հետո կյանք կա: «Մենք ապրում ենք մի այնպիսի երկրում, որտեղ չէի ուզենա, որ ուժայինների որոշ ներկայացուցիչների եւ որոշ դատավորների երեխաները ամոթից աչքերը գետնին գամած ապրեն: Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Փաշինյանի բոլոր ասածները հլու-հնազանդ կատարելով իրենց ապահովագրում են, խորհուրդ կտամ՝ մեկ անգամ էլ միացնեն եւ ուշադիր նայեն Երեւանի ավագանու նախավերջին նիստը ու տեսնեն, թե հլու-հնազանդ Հայկ Մարությանի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ցույց տվեց Փաշինյանի կողմից սանձերով կառավարվող թիմը: Նիկոլ Փաշինյանը ունի մեկ սկզբունք. սեփական կաշին փրկելը: Իսկ հիմա ավելացել է երկրորդ սկզբունքը՝ սեփական իշխանությունը պաշտպանելը: Եվ սա որքան շուտ հասկանան դատավորները, ուժայինների մեր սիրելի գործընկերները, այնքան լավ առաջին հերթին իրենց համար»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաեւ Արմեն Սարգսյանի հրաժարականին: «Ես դավադրական տեսություններ շատ եմ կարդացել սրա հետ կապված: Դեռ դրանցից որեւէ մեկը չեմ պաշտպանի կամ չեմ հերքի: Համենայն դեպս, Արմեն Սարգսյանը իր հրաժարականի տեքստը իմ կարծիքով անտրամաբանական էր կառուցել: Լիազորությունների երգը, որ ինքը չորս տարի երգում էր, նախագահի ինստիտուտի հանդեպ խորին հարգանքով, իմ համար մեղմ ասած անընկալելի է: Ինքը գիտեր ուր էր գալիս, Սահմանադրությունը, որի վրա երդվել է, կարծում եմ, կարդացած կլինի, իր պաշտոնավարման ընթացքում ինքը կամովին հօգուտ Ազգային ժողովի նախագահի, հրաժարվեց իր պնդմամբ սակավ գործիքակազմի գործիքներից մեկից, ինքը անմասն եղավ, երբ Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծում բռնաբարվում էր Սահմանադրությունը ԱԺ լիագումար նիստերի դահլիճում: Ուստի իր հեռացումը մեծ իրադարձություն Հայաստանի ներքաղաքական կյանքում չի լինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փաստորեն ապրեցինք և հասանք այս օրվան երբ Շանթ Հարությունյանին քաղաքական դրդապատճառներով կալանավորած և քաղ բանտարկյալներ ունեցած ռեժիմի ճուտիկը հիշեց բարոյականության, քաղբանտարկյալների ու սերունդների պատասխանատվություն մասին։ Իյա իրո՞ք։