Այսօր «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել: Դպրոցների որոշ տնօրեններ վստահեցրին, որ այս փոփոխությունները նոր խնդիրներ են առաջացնելու:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան ամփոփիչ ելույթում ասաց. «Այժմ Տավուշի մարզում փորձարկում ենք նոր չափորոշիչները: Դա նշանակում է, որ մենք փոխում ենք նաեւ դպրոցի ֆինանսավորման ձեւը: Դասվարների համար այլ կառուցվածք ենք առաջարկում՝ շաբաթական 18 ժամ, միջին եւ ավագ դասարանների համար դա 20 ժամն է: Մենք պետք է ուսուցչին տանք ժամանակ, որ աշխատանքը անի, բայց պետք է վարձատրենք համարժեք»:
Ավագ դպրոցներում գյուղերում անհավասար իրավիճակ կա, նոր չափորոշիչն ասում է, որ անհատականացված դասացուցակի ենք անցնում. «Սա նշանակում է լրացուցիչ ծախս պետության համար»: Նա ասաց, որ երաշխավորելու են պետական դպրոցներում արտադասարանական գործունեության ֆինանսավորումը. «Ֆինանսավորումը այսօր դպրոցներին զարգացման հնարավորություն չի տալիս ու երբ ասում ենք ֆինանսավորման կարգը պետք է փոխվի, դա աշակերտների թվով ֆինանսավորումը չի, պետք է ֆինանսավորման նոր մոդել ներդնել: Նոր կարգը պետք է ընձեռի հնարավորություններ միջոցներ ստանալու այն բոլոր աշխատանքների իրականացման համար, որոնք խնդրահարույց են»:
Դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման կարգը կա օրենքով, բայց չի կիրառվել: Բարձր կատարողական ցուցանիշներ ունեցող դպրոցները կարող են լրացուցիչ ֆոնդեր ստանալ, որով զարգացման ծրագրեր կարող են իրականացնել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վարչատնտեսական մասի կարգավորմանը, որ դպրոցներն ունեն շենքային վատ պայմաններ, գույքային խնդիրներ, լաբորատորիաների պակաս, Անդրեասյանն ասաց. «Մենք ունենք դպրոցներ 5%, որոնք կոյուղի չունեն, ջրամատակարարում չունեն, ունենք դպրոցներ, որտեղ երեխաների գտնվելը անվտանգ չի, սեյսմիկ առումով կայուն չեն, ոչ մեկի համար գաղտնիք չի»: Անդրեասյանն ասաց, որ իրենց պարտավորությունն է, որ յուրաքանչյուր երեխա գնա բավարար պայմաններ ունեցող, անվտանգ դպրոց, իսկ դպրոցը պետք է այնպիսի քաղաքացիների կրթի, որոնք կարող են իրենց իրացնել երկրում, նաեւ նպաստել երկրի զարգացմանը: Դպրոցը պատասխանատու է նրա համար, թե ինչ արժեքային դիրքորոշմամբ մարդիկ է ձեւավորում դպրոցի ավարտին»:
12-ամյա կրթության մասին հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ այդ խոսակցություններն ավարտ չունեն, մինչդեռ մենք ոչ թե պետք է ասենք, թե քանի տարի պետք է սովորեն մեր երեխաները, այլ՝ ինչ ենք մենք սովորեցնում երեխաներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ