Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկավարժը պետք է ստանա պատգամավորի աշխատավարձին մոտ աշխատավարձ, որ պահանջենք». Տիգրան Գալստյանի ելույթը ծափերի արժանացավ

Հունվար 25,2022 21:01

Այսօր «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագիծը ու այն հիմնական փոփոխությունները, որոնք սպասվում են:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Տիգրան Գալստյանն ասաց, որ խորհրդային դպրոցի կառավարման մոդելը շատ պարզ ու պրակտիկ էր, անցած 30 տարիներին դպրոցի վրա տարբեր փորձեր են արվել, որոնք եղել են շատ դեպքերում վնասակար. «Ես ինքս մանկավարժ եմ եղել, աշխատել եմ դպրոցում 28 հազար դրամ աշխատավարձով, 56 հազարով, բայց միայն էնտուզիազմով մանկավարժը չի կարող տալ այսօրվա օրենքներին համահունչ կրթություն»:

Ըստ Գալստյանի, առաջարկվող փոփոխությունները բավարար չեն, չեն գործելու ու առաջացնելու են խնդիրներ. «Պետք է պարզապես տնտեսվարների հաստիքը փոխել, դարձնել ֆինանսատնտեսական տնօրեն: Տնօրենից պատասխանատվություն պահանջել: Բուն կրթական խնդիրները թողած՝ այս փոփոխություններով միայն կառավարման նոր մոդել ենք ստեղծում, ճիշտ ճանապարհով մենք չենք գնում: Առաջին հերթին պետք է ուսուցչի մասնագիտական ունակությունների վրա հիմքը դնենք, որ լճացում չլինի եւ պետք է տալ բարձր աշխատավարձ: Մանկավարժը պետք է ստանա պատգամավորի աշխատավարձին մոտ աշխատավարձ, որ պահանջենք»:

Գալստյանին դահլիճից ծափահարեցին, բայց նիստը վարող ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը արձագանքեց. «Հուսով եմ, ավագանիում որոշումներն այսպես չեք ընդունում: 30 րոպե խոսվեց, թե ինչ ծրագրեր կան, այդ թվում՝ ձեր մատնանշած խնդիրների մասին»:

Ծափերի արժանացավ նաեւ իրավաբան, ուսուցիչ Վահե Գրիգորյանի ելույթը: Նա խոսեց այն մասին, որ ինչ օրենք էլ ընդունեն, միջազգային կոնվենցիաների եւ օրենքների հակասության դեպքում նախապատվությունը միջազգային պայմանագրերին են տրվում: Վահե Գրիգորյանն ասաց, որ ուսուցիչները, անկախ պետական հարկադրանքից, պետք է իրենց պարտքը համարեն հայ մարդ մեծացնելը, պետք է շարունակեն կրթել հայեր, որովհետեւ եթե ուզում ենք մի կտոր Հայաստան ունենալ, պետք է այնտեղ կրթվեն հայեր, ոչ թե «անհասկանալի ծագմամբ եւ միայն անձնագրի մեջ արձանագրված հայի ազգանունով տարօրինակ արարածներ»:

Դպրոցի տնօրեն Լիլիա Արեյանն ասաց, որ խնդիր կա լավագույն մասնագետների, որովհետեւ մանկավարժը չի ցանկանում մտնել դպրոց. «Չե՞ք կարծում, որ չպետք է ծանրաբեռնել ուսուցիչներին, այս փոփոխություններով ծանրաբեռնվում են, կատարում են լրացուցիչ աշխատանք, սակայն չեն վարձատրվում»: Նա ասաց, որ չեն կարող վերցնել ու կիրառել այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են: Կամավոր ատեստավորում են առաջարկում, ինչ է թե ուսուցչի աշխատավարձը 50%-ով բարձրանա, բայց նախ պետք է շահագրգռել ուսուցչին, որ մտնի՛ դպրոց:

Անուշ Ասլանյանն էլ ասաց, որ ուսուցչի մասնագիտությունը այլեւս գայթակղիչ չէ. «Մոտակա մի քանի ամիսների ընթացքում կոլապսի ենք սպասում բոլորս: Ես երեւանյան դպրոցի տնօրեն եմ, պատկերացնում եմ մարզերում ինչ իրավիճակ է, որովհետեւ եթե մենք սեպտեմբերի 1-ը սկսել ենք 4-7 ուսուցչի դեֆիցիտով, ընթացքում գնացել են եւս 3-4-ը, որեւէ մեկը չի ուզում այլեւս դպրոցում աշխատել, պատվաբեր չէ այլեւս»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31