Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակարևորն այն է, որ 5000 զոհերի համար մեղավոր անձինք բացահայտվեն». Հակոբ Մարտիրոսյանը՝ իրենց ներկայացրած հայցի մասին

Հունվար 25,2022 20:40

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) հունվարի 25-ին շարունակվեց քննվել փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերեւույթ հանցագործության հատկանիշներով:

Դատական նիստերի դահլիճում Հակոբ Մարտիրոսյանը, դիմելով նախագահող դատավորին, հայտարարեց. «Հայցում ենք Ձեզ, որ այս խնդիրը բացահայտեք, որպեսզի վարույթն  իրականացնող մարմնին պարտականություն սահմանեք մեր խախտված իրավունքները վերականգնելու համար, և, ամենակարևորը, 5000 զոհերի համար մեղավոր անձինք բացահայտվեն: Մեղավոր կլինի վարչապետը, թող պատասխանատվության ենթարկվի, չի լինի, ուրեմն, կփաստվի, որ չի գործել այդ արարքը, առերևույթ էլ չկա: Ով մեղավոր է՝ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձ կլինի, թող նրանք պատասխան տան: Մի՞թե այս նվիրական ցանկությունը չկա,  որ բացահայտվեն մեր զավակների, պետության նկատմամբ դավաճանություն կատարած սուբյեկտների գործողությունները: Մի՞թե կա մեկը, որ այսօր չի ուզում դա: Մեր ներկայացրած բողոքը հենց դա է: Ի՞նչ է՝ սրա համար մեզ պետք էր հունիսի 11-ից մինչև այսօր ժամանա՞կ: Մեր բողոքներն այսպես ապօրինի շրջապտույտի մեջ է: Միևնույն է, վաղ թե ուշ սա քննարկվելու է»:

Հակոբ Մարտիրոսյանը կրկին պնդեց, որ դատախազությունն անգործության է մատնված եղել: Նրա փաստմամբ՝ հանցագործության մասին հաղորդումը, եթե քննվում է, պետք է կայացվի երեք որոշում՝ քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ ըստ ենթակայության ուղարկելու որոշում: Հակոբ Մարտիրոսյանի կարծիքով՝ և՛ առիթը կա, և՛ հիմքերը, բայց տարակուսելի է, որ հիշյալ ամբողջական բողոքը տրոհել են մասերի, մի մասն ուղարկել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ ընթացքը լուծելու, մյուս մասը ՀՔԾ-ում քննվող գործի հետ ընթացքը լուծելու:

Նա հորդորեց դատախազությանը ոչ թե վախենալ, այլ իրավական հիմնավորումներ ներկայացնել: Դատախազ Մուրադյանն էլ ի պատասխան ասաց. «Արդեն 5-րդ նիստն է, բայց դեռ բողոքաբերների կողմից իրավաբանության հետ որևէ աղերս ունեցող որևէ բան չի ասվել: Հետևաբար վախենալու բան չկա»: Անդրադառնալով Հակոբ Մարտիրոսյանի՝ դատախազության ցանկության հետ կապված հնչեցրած դիրքորոշումներին՝ դատախազն ասաց. «Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ ձևանալ»:

Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Գործ ունենք ակնհայտ անգործության հետ: Դատախազությունը 180-րդ հոդվածով նախատեսված երեք իրավաչափ որոշումներից որևէ մեկը տվյալ դեպքում չի կայացրել: Հարգարժան դատախազը, թեև ասաց, որ առերևույթ այդ հանգամանքները բավարարել էին, որ ընթացք տան: Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչն է խոչընդոտում, որ այս երեք իրավաչափ որոշումներից որևէ մեկը կայացվի, այլ ոչ թե մասնատվի մեր հաղորդումը. այն ամբողջականության մեջ է հաղորդում: Գործը կիսվել և ուղարկվել է երկու մարմինների, բայց փաստեր են ներկայացված, որոնք առերևույթ հանցագործության վերաբերյալ են:Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ գործ ունենք ակնհայտ անգործության հետ, քանի որ դատախազությունը 3 իրավաչափ որոշումներից որևէ մեկը չի կայացրել՝ քրգործ չի հարուցել, չի մերժել և չի ուղարկել՝ ըստ ենթակայության»:

Նախագահող դատավորը, լսելով երկու կողմերին, գնաց խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31