Այսօր վերաքննիչ դատարանում պետք է քննվեր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ապօրինի կալանքի տակ պահելու բողոքը: Սակայն այն հետաձգվեց առանց նիստը հրավիրելու: Դատարանի շենքից դուրս գալով՝ Գառնիկ Իսագուլյանի շահերի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանը լրատվամիջոցներին փոխանցեց հետեւյալը. «Դատարանի շենքում հոսանք չկա եւ առանց մեզ դատարանի դահլիճ հրավիրելու, ընդհանրապես առանց մեր կարծիքը լսելու նշեցին, որ սույն դատական նիստը պետք է հետաձգվի, նշանակվի փետրվարի 3-ին: Մինչդեռ, մենք պնդելու էինք, որ հասարակ գրավոր արձանագրային կարգով կարելի էր դատական նիստը շարունակել, քանի որ անձը մնում է անազատության մեջ: Կապ եմ հաստատել գործավարի հետ: Ասում է, թե իրենք անպայման հոսանքի առկայության դեպքում են նիստ նշանակում:
Ակնհայտ է արդեն, որ ինքնաբացարկի հիմքերը գնալով ամրապնդվում են, որովհետեւ տվյալ դատավորը՝ Տիգրան Սիմոնյանը, ըստ լրատվության մեջ առկա տվյալների, նախկինում հայտնի է որպես ՔՊ-ական թեւը շարունակող քաղաքական հայտարարություններով հանդես եկող դատավոր եւ եղել է նախկինում փոխնախարար: Ուստի արդեն որեւէ ակնկալիք ես չունեմ»: Ապա հավելեց. «Այնպիսի մի երկրում ենք ապրում, որ վերաքննիչ բողոք ենք բերում՝ նիստ են նշանակում, բայց նույնիսկ դահլիճ չունեն: Արդեն ակնհայտ երեւում է՝ կոնկրետ այս դատավորներն ինչի համար են եւ ինչ նպատակ են հետապնդում»:
Հարցին, թե դատական նիստը հետաձգեցին մինչեւ փետրվարի 3-ը, որովհետեւ այդ օ՞րն է վերաքննիչ դատարանի շենքում հոսանքի մատակարարումը վերականգնվելու, Աննա Ծառուկյանը պատասխանեց. «Իրենց տրամաբանությամբ այդպես է ստացվում: Ինչպե՞ս կարելի է: Մարդն անազատության մեջ է գտնվում եւ վերաքննիչ բողոքի նպատակն էլ արդեն կորչում է, որովհետեւ արդեն լրանում է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոցի ժամկետը: Սա ակնհայտ ապօրինի հետապնդման շարունակություն է, որի վերաբերյալ կոնկրետ եվրոպական դատարանում ես հստակ արձանագրումներ անելու եմ բողոքի մեջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ