Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ե՞րբ է հանդուրժվելու

Հունվար 25,2022 20:02
politex

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Պոլիտեխնիկում տիրող իրավիճակի, ռեկտոր Գ.Վարդանյանի և նրա ձևավորած թիմի գործողությունների վերաբերյալ մի շարք հրապարակումներ եղել են։

Դեռևս ռեկտորի տեղակալ եղած ժամանակահատվածում Գ.Վարդանյանի անմիջական ենթակայության տակ են եղել համալսարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումներ, որոնց հիմնական գործունեությունը միտված են եղել միայն Վարդանյանին գովերգելուն և անձնական գովազդին։ Ներկայացնում ենք խոստացված որոշ դրվագներ այս ռեկտորի նախկին և ներկա «քաջագործությունների», նրա ղեկավարած թիմի ֆինանսական խախտումների վերաբերյալ։

Անդրադառնանք միայն մի քանիսին․

Համալսարանի կայքը գնահատելով անմխիթար, Պոլիտեխնիկին անհարիր, դեռևս ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը մի խումբ ընկեր-համախոհների հետ ձեռնամուխ եղավ համալսարանի կայքի «բարեփոխմանը», ինչի համար համալսարանական միջոցներից նրանց վճարվեցին զգալի գումարներ։ Սկսած 2016թ.-ից պարզվեց, որ Հայաստանի թիվ 1 տեխնոլոգիական բուհի IT մասնագետների ունակությունները չեն բավարարում կայքի ընթացիկ սպասարկումն իրականացնելու և դա կատարվում է ինչ-որ անհատ-ընկերների կողմից, տարեկան որոշակի գումարի դիմաց։ Պոլիտեխնիկի IT ոլորտից Գոռի «կողմնակիցները» կարող ե՞ն արդյոք բացատրել այս ֆենոմենը։

Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրելով համալսարանի տարեկան գնումների պլանը պարզվում է, որ Գ.Վարդանյանի համակարգման ոլորտում գտնվող ուսանողական սննդի համալիրի համար անհրաժեշտ սննդի անվանացանկը 2017թ.-ից առ այսօր, ձեռք է բերվել գործող օրենքի կոպիտ խախտումներով՝ առանց մրցույթի, մեկ անձից գնումների միջոցով, ծախսելով տարեկան առնվազն 20 մլն. ՀՀ դրամ։ Մինչդեռ 2017թ.-ին ընդունված ՀՀ գնումների մասին օրենքի և ՀՀ կառավարության որոշման համաձայն, անհրաժեշտ էր տարեկան գնումների պլանում ըստ տողերի, CPV կոդերին համապատասխան ներառել գնման ենթակա բոլոր ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը։

2021թ. համալսարանի Հանքավանի ճամբարում կազմակերպված «Միասնության ուժը» միջոցառման մասնակիցների սննդի ապահովման գործընթացը ևս իրականացվել է ուսանողական սննդի համալիրի միջոցով, կրկին մեկ անձից գնումով։

Ճիշտ է, այս անգամ փորձել են մրցույթ կազմակերպել, սակայն այնպիսի գներ են առաջադրել, որ հայտարարված մրցույթին որևէ տողով ոչ-մի հայտ չի ներկայացվել։ Այս ամենի վրա համալսարանի ղեկավարությունը աչք է փակել և չի իրականացվել որևէ հսկողական գործառույթ պատասխանատու ստորաբաժանման նկատմամբ։ Ընդհանրապես կարծում ենք, որ «ուսխորհրդական» նմանօրինակ միջոցառումների, գիտաժողովների կազմակերպման և ընթացքի, մասնակիցների իրական թվի,  նրանց գրանցման և հաշվառման վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություն, հետագա խախտումները բացառելու համար։

Գ․Վարդանյանի համակարգմանը հանձնված համալսարանի մարզադահլիճները տարիներ շարունակ տարբեր կազմակերպությունների և անձանց տրամադրվում են վարձակալությամբ, խախտելով պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով համալսարանին տրամադրված անշարժ գույքի վարձակալության կարգը, ինչպես նաև չի կատարվում վճարվող դրամական միջոցների պատշաճ ձևակերպում և հաշվառում՝ առանց ՀԴՄ կտրոնի տրամադրման։ Հարց է առաջանում նաև, թե ինչպես են իրականացվում սպասարկող անձնակազմի և հատկապես այդ աշխատանքներում ընդգրկված ուսանողների ձևակերպումն ու աշխատանքի վարձատրությունը։

Նախկին ռեկտորի թեթև ձեռքով համալսարանի ընդունող հանձնաժողովը նույնպես հանձնվեց նրա կառավարմանը և վերածվեց նրա ղեկավարությամբ մշտական հաստիքներով շուրջ տարի գործող կառույցի։ Ակնհայտ է, որ առնվազն տարվա կեսը այդ հանձնաժողովը մատնված է պարապության։ Ով կարող է բացատրել, այդ հանձնաժողովի գործառույթները ընդունելությունների ավարտից մինչև հաջորդի սկիզբը ընկած ժամանակահատվածում, ինչի համար են վարձատրվում այդ մարդիկ։ Ով կարող է գնահատել ծախսվող գումարների և ընդունելության արդյունավետությունը, նկատի ունենալով որ ընդունող հանձնաժողովներ նախկինում էլ են ձևավորվել, գործել են ընդունելությունների ժամանակահատվածում, գրանցել են ոչ պակաս արդյունքներ, ծախսելով անհամեմատ պակաս գումարներ։

Եվ վերջապես ինչով բացատրել, նույն Գ․Վարդանյանի իրազեկությամբ, գուցե հանձնարարությամբ Պոլիտեխնիկի կայքում Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ «ընտրված» Գ.Թորոսյանի չհիմնավորված, պարբերական, աշխատավարձի պահպանմամբ, երկարաժամկետ «գիտական» գործուղումները ԱՄՆ, երբ բոլորին հայտնի է բացակայությունների իրական շարժառիթը՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու նպատակով պարբերական այցերը։

Ոմանք մեր հրապարակումները փորձում են ներկայացնել «հնի» ու «նորի», «տարեցի» և «երիտասարդի» առճակատման արդյունք։ «Թողեք երիտասարդները աշխատեն» և նմանատիպ բառախաղ-արտահայտությունների հեղինակներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք՝ սա լավ էլ սերտել է իր նախորդ «տարեցի» վատ փորձը և չունենալով այլ փորձառություն, պարզապես չի կարող իրականացնել որևէ բարեփոխում։ Սրանք կարող են միայն հրապարակային, ցուցադրական հուշագրեր ստորագրել, շենքերի արտաքին պատեր լվանալ, սաղարթախիտ ծառերը արմատախիլ անել և սալապատել տեղը՝ լանդշաֆտի դիզայն անվան տակ։

Դե ասեք թվարկածից որն է դրական ազդում ուսման որակի բարձրացման, գիտական կամ տեխնոլոգիան առաջընթացի վրա։

Կարծում ենք, որ նշված առերևույթ խախտումները պետք է անհանգստացնեն իրավասու մարմիններին նշված դեպքերի անհապաղ ուսումնասիրության կազմակերպելու համար։

 

 Արամ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31