Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում

Հունվար 25,2022 19:45

Այսօր «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, մինչ հիմնական փոփոխություններին անդրադառնալը, նախ ներկայացրեց այն տխուր իրավիճակը, որը կա մեր երկրում. «Մանկավարժական համալսարանում առաջինից 4-րդ կուրսերում միասին 7 հոգի է սովորում, որ դառնա ֆիզիկայի ուսուցիչ, 2018-ին դիմել է 4 հոգի, 2019-ին՝ 3, 2020-ին՝ 4: Քիմիայից պատկերն ավելի վատ է, մեկ հոգի դիմել է 2017-ին, մեկ հոգի՝ 2018-ին, մյուս տարիներին՝ 3-ական հոգի: Ամեն տարի շուրջ 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու ցանկություն է հայտնում ընդամենը շուրջ 500 հոգի: Ուսուցիչների գրեթե կեսը 50-ից բարձր տարիքի է, ինչը նշանակում է, որ առաջիկա տասնամյակում պետք է ուսուցչական համակարգի էական համալրում իրականացվի: Ամեն երկրորդ ուսուցիչը պետք է նոր մուտք գործի համակարգ, բայց որտեղի՞ց: Այսօր տարեկան ուսուցչական ավելի քան 700 տեղեր թափուր են մնում եւ չեն լրացվում, դժվարանում է ուսուցիչ գտնելը նույնիսկ քաղաքային դպրոցում: Ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը նույնիսկ 1 դրույք չի կազմում՝ 0,7 է»: Խնդիր է նաեւ 22 դասավանդվող ժամերով ուսուցչի աշխատաժամերի կառուցվածքը:

Անդրադառնալով կառավարման խնդիրներին՝ փոխնախարարն ասաց, որ տնօրենից պահանջում են լինել լավ վարչատնտեսական կառավարիչ, բովանդակային կառավարիչ, ուսումնական գործի լավ մասնագետ. «Հավաստագրման մեխանիզմով թե՛ գործող տնօրեններին, թե՛ համակարգ նոր մուտք գործողներին դնում ենք նույն վիճակում՝ պարտադրելով իրենց հաշվին անցնել վերապատրաստում, նույնիսկ եթե դրա կարիքը չկա, այնուհետեւ գրավոր եւ բանավոր քննական փուլեր՝ 5 տարին մեկ սահմանադրության եւ այլ օրենքների իմացություն ստուգելով: Դրանով անգիրի մշակույթն ենք առավել ամրապնդում այն մարդկանց մոտ, որոնք պետք է կոչված լինեն կառավարել դպրոցը: Զարգացման ծրագրերը վերածել ենք շինարարության ծրագրերի ՝ով ավելի լավ կփոխի դպրոցի դռներն ու լուսամուտը, նոր համակարգիչ կգնի, կամ կվերանորոգի ցանկապատը: Դպրոցական խորհուրդը դարձել է տարբեր շահերի սպասարկման խումբ: Ներառական կրթություն ենք ներդրել, բայց երեխաների մի մասին կոչում ենք ներառական երեխաներ՝ չնկատելով, թե ինչպես է այդ բառը դառնում պիտակ»: Շատ դպրոցներ հեռու են ներառական լինելուց, հատկացված գումարները չեն ուղղվում երեխայի համար պայմաններ ստեղծելուն, այլ՝ ստանդարտ ուսուցչի օգնականի հաստիք ներդնելու համար են ծախսում:

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ «այս դպրոցը հավելյալ քանդելու կարիք չի զգում»՝ նկատի ունենալով քննադատությունները, որ այս իշխանությունները քանդում են դպրոցը:

Հիմա առաջարկվում է դպրոցներին տալ մանկավարժական ինքնավարության, ստեղծագործականության մեծ պաշար՝ ձեւավորելու իրենց ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, գնահատման մոտեցումները. «Եթե ստեղծարար քաղաքացիներ ենք ակնկալում դպրոցի ավարտին, ապա դպրոցն ինքը պետք է լինի նման միջավայր: Սա է բովանդակային մոտեցման հիմնական ուղերձը»:

Փոխնախարարը խոսեց ուսուցիչների մասնագիտական զարգացման մասին ու ասաց, որ այն պետք է փոխկապակցվի վարձատրության հետ. «Ատեստավորման ձեւերը բազմազանեցվում են, վերապատրաստումները դրվում են՝ ըստ կարիքի, ոչ թե 5 տարին մեկ: Սա նշանակում է, որ սկսնակ ուսուցիչների պարագայում այդ վերապատրաստումները կարող են լինել ավելի հաճախ եւ այլ տրամաբանության մեջ, իսկ փորձառուներինը՝ ավելի քիչ հաճախականությամբ: Եթե հիմա նվազագույն դրույքաչափը 108.800 դրամ է, ապա առաջարկվում է քննարկել մինչեւ 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը: Ուսուցիչը կամավոր ատեստավորման համակարգով անցնելով՝ կարող է դրույքաչափն ավելացնել 50%-ով, այնուհետեւ որակավորման տարակարգի ձեւաչափով կարող է կրկնապատկել աշխատավարձը. «Հաշվարկներն արդեն արված են, որպեսզի կարողանանք ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձը դարձնել իրողություն, որը կարող է հասանելի լինել մեր ուսուցիչների զգալի ասին եւ տարեցտարի նաեւ բոլոր ուսուցիչներին»:

Ներառական դպրոցների ֆինանսավորման կարգը նույնպես փոխվելու է, անցում է լինելու նպատակային ֆինանսավորմանը, ինչը ենթադրում է 2 տրամաբանության մեջ. Մեկը՝ խելամիտ հարմարեցումներն ու միջավայրային փոփոխություններն են, մյուսը՝ այն ծառայություններն են, որոնք պետք է հասանելի լինեն երեխաներին դպրոցներում, մասնագիտական համակազմ:

Կառավարման համակարգում առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները, ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում. «Մենք չենք պատկերացնում, որ դպրոցում պետք է լինի 2 անձ: Դպրոցի վարչատնտեսական կառավարման գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցները: Այստեղ խոսքը կարող է գնալ նաեւ իրավաբանական անձի մասին: Դպրոցների գնումների, հաշվապահական եւ այլ գործառույթների մասով մասնագետներ կներառվեն: Իսկ տնօրենները եւ մանկավարժական աշխատակազմերը բովանդակային գործընթացի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31