Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանի սուր ելույթը՝ մեր երկրում անգրագիտության մասին. «Ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ եւ պարզ տեքստեր հասկանալ, չնայած գրաճանաչ է»

Հունվար 25,2022 19:07

Այսօր «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագիծը ու այն հիմնական փոփոխությունները, որոնք սպասվում են: Նա նախ ներկայացրեց այն տխուր իրավիճակը, որը կա այս բնագավառում ու նախապես զգուշացրեց, որ բաց է խոսելու. «Ներողություն, եթե խոսքս կհնչի կտրուկ, տեղ-տեղ ցավեցնող, տեղ-տեղ վրդովմունք կառաջացնի, բայց այս թեման կոմպրոմիս չունի: Մեզ մեղադրում են, որ փորձում ենք փոխել դպրոցը, քանդում ենք դպրոցը, եկեք հասկանանք՝ ո՞ր դպրոցի մասին է խոսքը: Դպրոցի ավարտին մնում ենք կիսամարդ կամ կիսաքաղաքացի՝ մեր չիրացվածությամբ: Այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով, կարող էինք ստանալ շուրջ 9 տարում: Ի՞նչ ենք անում մենք մեր երեխաների կյանքի այն 3 եւ ավելի տարիների հետ, որ վերցնում ենք դպրոցում ու տեղը ոչինչ չենք տալիս:

Մինչեւ 20 առարկա ենք անցնում միջին դպրոցում, ամեն առարկան այն կենտրոնն է, որի շուրջ պտտում ենք երեխային ու ամեն տարի ջերմեռանդությամբ խոսում ենք նոր առարկայի ներդրման մասին՝ մոռանալով, որ կարեւորը առարկաները չեն, երեխան է»: Անդրեասյանը մատնանշեց, որ 2015-ին մաթեմատիկայի եւ բնագիտության միջազգային հետազոտության մեր երկրի արդյունքով տարրական դպրոցի ավարտին ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ եւ պարզ տեքստեր հասկանալ, չնայած գրաճանաչ է: Ֆունկցիոնալ անգրագիտություն է սրա անունը, երբ կարծես գիտես տառերն ու թվերը, բայց դա անօգուտ գիտելիք է, որովհետեւ անգիր գիտելիք է՝ կիրառության չտանող, մտածելու չտանող: Օրինակ, գիտես, գումարել, բաժանել, բայց ամենապարզ մաթեմատիկական խնդիրը նկարագրող տեքստը չես հասկանում, որպեսզի պատկերացնես՝ ինչը ինչին գումարել կամ գուցե հանել: 2003-2015-ին Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը, սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական գիտելիքների անկարողության մասին»:

Անդրեասյանը մատնանշեց նաեւ ֆիզիկայի հիմնարար գիտելիքների բացակայության, հայոց լեզվի չիմացության մասին: Հայաստանը նաեւ 2019-ին է մասնակցել մաթեմատիկայի եւ բնագիտության միջազգային հետազոտությանը ու պարզվել է՝ ֆունկցիոնալ անգրագիտության ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են, բայց միեւնույն է, խնդիրներ շատ կան: Պաշտոնական ցուցանիշներն էլ տարբերվում են միջազգային հետազոտության արդյունքներից: Այսինքն, հնարավոր է սխալ գնահատականներ են դրել: Գնահատականը հաճախ կյանքի եւ մահու հարց է դառնում երեխայի, ծնողի համար:

Օրինակ, փոխնախարարը խոսեց այն մասին, որ երբ «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձել է կիսամյակի արդյունքով անբավարար գնահատված երեխաների հետ երկարօրյայի ժամանակ հավելյալ աշխատանք տանել, պարզվել է, որ այդպիսի երեխա չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31