Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ նախագահի արձագանքը՝ հայ ռազմագերիների վերադարձի պահանջով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հարցի մասին

Հունվար 25,2022 17:20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռների թիվը նվազել է, ներկայացված գանգատների թիվն՝ աճել:

ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոն ամենամյա ասուլիսի ընթացքում այս առիթով մանրամասնեց. «2021-ին դատարանը կայացրել է 36 հազար վճիռ: Վճիռների թիվն 8 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ: Մեծ պալատի վճիռների թիվը 428 է, որոնց թիվն աճել է նախորդ տարվա համեմատ: 2021-ին դատարանը վարույթ է ընդունել 44250 նոր գանգատ, իսկ 2020-ին այդ թիվը կազմել է 41.700»:

Խոսելով ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատների մասին՝ Ռոբերտ Սպանոն ասաց. «2020-ի վերջին եվրոպական դատարանին ներկայացված գանգատների թիվը եղել է 62 հազար, իսկ 2021-ի վերջին այդ թիվը դարձել է 70150»:

ՄԻԵԴ ներկայացված դիմումների թվով առաջատար է ՌԴ-ն՝ 17.013, երկրորդ հորիզոնականում է Թուրքիան՝ 15.251 դիմում: ՌԴ-ի կողմից ներկայացված դիմումները աճել են 24, Թուրքիայի կողմից ներկայացվածները՝ 30 տոկոսով: ՀՀ-ն այս ցուցակում 10-րդն է՝ քննության սպասող 1350 գանգատով, Ադրբեջանը 7-րդ տեղում է՝ 2100 գանգատով:

Ռոբերտ Սպանոն տեղեկացրեց՝ ՄԻԵԴ-ը որդեգրել է դիմումների ընդունման և քննության նոր ռազմավարություն՝ ավելի արագ ընթացակարգով դիմումների նույնականացում, այսպես կոչված ազդեցություն գործող դիմումների քննության առաջնահերթություն:

Նա մանրամասնեց. «Վճիռը կայացնելիս դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, թե այդ վճիռն ինչ ազդեցություն կարող է գործել տվյալ երկրի օրենսդրության և ընդհանրապես միջազգային իրավական դաշտի վրա»:

Ըստ ՄԻԵԴ-ի նախագահի՝ կոնվենցիոն համակարգը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Նա պարզաբանեց. «Պատճառը միջազգային իրավական դաշտում գոյություն ունեցող փոփոխություններն են: Կոնվենցիայի պահանջն է և միշտ եղել է այն, որ անդամ երկրները պետք է անցնեն օրենքի գերակայության ապահովման թեստը: Օրենքի գերակայությունն այժմ ավելի կենսական է, քան երբևէ: Եկեք չմոռանանք՝ աշխարհն առանց այս հիմնարար իրավունքների աշխարհ է, որն այլևս ազատ չէ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է Թուրքիայի կողմից ներկայացված դիմումների թվի աճի պատճառը, Եվրոպական դատարանի նախագահը պատասխանեց. «Պատճառը շատ պարզ է. ազգային մակարդակում գրանցված խախտումները հատկապես տարբեր պատճառներով դատապարտված անձանց նկատմամբ: Այդ խախտումները հետագայում գալիս հասնում են Եվրոպական դատարանին»:

Դիտարկմանը՝ Թուրքիան ճնշում է գործադրում դատարանի վրա, դրա համար էլ դատարանը թուրք լրագրողների նկատմամբ տեղի ունեցող ճնշումներին չի արձագանքում, Ռոբերտ Սպանոն այսպես արձագանքեց. «Դատարանը բազում նմանատիպ գործեր ունի, բոլոր այս գործերով քննություն իրականացնելն ու վճիռ կայացնելը շատ ժամանակ է պահանջում: Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ քննել գործերը: Այստեղ էլ գործում է որոշակի ռազմավարություն՝ օրինակ, կան գործեր, որտեղ տուժող կողմը շարունակում է գտնվել անազատության մեջ, և բնականաբար, այդ գործերին է առաջնահերթությունը տրվում, քան այն դեպքերում, երբ անձն արդեն գտնվում է ազատության մեջ, սակայն նրա իրավունքները խախտված են եղել, և նա որոշ ժամանակ գտնվել է անազատության մեջ»:

ՄԻԵԴ նախագահը շեշտեց՝ ՌԴ-ի կողմից դատարանին ներկայացված գանգատների 24 տոկոսը կապված է հավաքների ազատության իրավունքի խախտման հետ:

2021-ի ընթացքում ՄԻԵԴ-ը ՀՀ-ի վերաբերյալ կայացրել է 17 վճիռ, այս թիվը նվազել է 2019-ի համեմատ, երբ կայացվել է 41 վճիռ: ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ-ին ներկայացված 194 գանգատ մերժվել է դատարանի կողմից՝ համարվելով անընդունելի: 2021-ին ՀՀ իշխանություններին է ներկայացվել 36 դիմում, 2020-ին այդ թիվը կազմել է 38, 2019-ին՝ 63:

Aravot.am-ի փաստմանը՝ ՄԻԵԴ-ի վարույթում կան տասնյակ գործեր կան հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված, սակայն Ադրբեջանը շարունակում է լիարժեք չկատարել եվրոպական դատարանի՝ անհապաղ միջոց կիրառելու որոշումները: Նաև բացահայտվել էր գերեվարության ընթացքում անձի սպանություն, այն անձի, որը գտնվել է ՄԻԵԴ-ի պաշտպանության ներքո և հարցին՝ չե՞ք կարծում, որ սա լուրջ մարտահրավեր է Եվրոպական դատարանի համար և արդյոք դատարանը չի՞ պատրաստվում այս հարցն ուղարկել Նախարարների կոմիտե, ՄԻԵԴ նախագահն այսպես պատասխանեց. «Ցանկացած հակամարտություն լուրջ մարտահրավեր է դատարանի համար: Այս հակամարտությունը ևս շատ մեծ մարտահրավեր է դատարանի համար և՛ ռեսուրսների տեսանկյունից, որ մենք ունենք, և՛ նաև մարդկային ողբերգությունների տեսանկյունից»:

Ռոբերտ Սպանոն հայտնեց՝ 2020-ին, երբ իր բնորոշմամբ՝ այս հակամարտությունը նոր բռնկում ունեցավ, դրանից հետո դատարանն առնչվել է միջանկյալ միջոցի հետ: Այս առիթով պարզաբանեց. «Մենք դեռ շարունակում ենք Կոնվենցիայի 39-րդ հոդվածի՝ միջանկյալ միջոցի կիրառման հետ գործ ունենալ: Դատարանն արդեն կիրառել է այդ մեխանիզմը, Նախարարների կոմիտեին ևս հայտնել ենք այդ որոշման մասին: Սա այն ամենն է, որ դատարանը կարող է անել 39-րդ հոդվածի շրջանակներում: Մենք ունենք նաև անհատական դիմումներ, ինչպես նաև պետության կողմից ներկայացված գանգատներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31