Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական կարևոր նշանակությունը ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում. Արթուր Ավետիսյան

Հունվար 25,2022 17:12

Օրերս հայտարարվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի բաժնետիրական ընկերության միջև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին:

Ուշադրության է արժանի «էներգաբլոկներ» ձևակերպումը և այդ համատեքստում ողջունելի է նաև ՀԱԷԿ գլխավոր տնօրենի դիտարկումը, որ նոր ատոմակայանը հզորությամբ չպետք է զիջի գործողին: Նա նաև նշել է, որ չի բացառվում ավելի հզոր կայանի` 1200 ՄՎտ գումարային հզորությամբ երկու բլոկների կառուցումը:

Նման հզորությամբ կայանի կառուցումն իմաստ կարող է ունենալ, եթե արտադրված էլեկտրաէներգիան մատակարարվի (վաճառվի) Թուրքիային, հնարավոր է նաև Ադրբեջանին: Առաջին հայացքից դա կարող է տնտեսական լուրջ օգուտներ ենթադրող ծրագիր լինել, ինչը բավականին վիճելի է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Պետք չէ նաև մոռանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը տարիներ ի վեր հետևողական քաղաքականություն են վարել Հայաստանում գործող ատոմակայանի փակման ուղղությամբ՝ մեծաթիվ ռեսուրսներ ծախսելով դրա համար: Իրենց այդ դիրքորոշումը հիմա ևս գոյություն ունի՝ անգամ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» բացման քաղաքականության առկայության պարագայում:

Հանուն արդարության պետք է նշել, որ նախկինում դիտարկվում էր շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցման հնարավորությունը, սակայն 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումից հետո նշյալ ծրագիրը մնաց զուտ գաղափարի մակարդակում: Արդյունքում դրանից հետո որևէ իրական առաջընթաց չարձանագրվեց նոր ատոմակայանի կառուցման հարցում:

Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին նման «ընդառաջ քայլ» կանեն, եթե բավարարվեն իրենց պահանջները: Իսկ դա ենթադրում է գրեթե անվերականգնելի վնաս հայկականության կենսական շահերին: Ուստի որևէ տնտեսական «օգուտներ» չեն կարող փոխհատուցել այդ վնասը:

Ցանկացած երկրում նոր ատոմակայանի կառուցումն առաջին հերթին իր մեջ կրում է քաղաքական, ապա՝ տնտեսական բաղադրիչ: Ինչի մասին վկայում է նաև Ռոսատոմի ներկայացուցչի հայտարարությունը, որ նոր ատոմային էներգաբլոկների կառուցումը կարևոր է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր հարաբերությունների հետագա զարգացման համար:

Բազմիցս նշվել է նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական կարևոր նշանակությունը ՀՀ անվտանգության ապահովման համար: Ուստի ողջունելի է նման հուշագրի ստորագրումը, ինչը, տարիներ անց, առաջին քայլն է ուղղված նոր ատոմակայանի կառուցմանը:

Հուսով եմ, որ այս ամենը չի մնա հուշագրի մակարդակում և հետևողական ու շարունակական գործնական քայլեր կարվեն այդ ուղղությամբ՝ առաջնահերթություն տալով 500-600 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցմանը: Իսկ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի:

Արթուր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Էներգետիկ անվտանգության փորձագետ,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31