Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փուլում պետք չէ խոսել Հայաստան զորք մտցնելու կամ ռազմական օգնություն տրամադրելու մասին. Նիկոլայ Բորդյուժան ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ի աջակցության մասին

Հունվար 25,2022 16:25

Այսօր Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժային հարցրին՝ ի՞նչ է կարծում, Հայաստանը ո՞ր դեպքում կարող է հույս դնել ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքմանը, որը տեսանք Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություների ժամանակ: Հարցը հնչեցրեց Հայաստանի լրագրողը՝ նշելով, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լինում են մարտական բախումներ եւ մահանում են մարդիկ:

Ի պատասխան պարոն Բորդյուժան ասաց՝ խորապես իմանալով Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ այն ամենն՝ ինչ կապված է դրա հետ, չի ուզում խոսել այն ռեակցիայի մասին, ինչպիսին եղավ Ղազախստանում. «Այսօր ես կխոսեի Հայաստանի եւ Ադրբեջանի ճանաչված սահմանները վերականգնելու աջակցության անհրաժեշտության մասին: Իսկ դա նշանակում է՝ համատեղ խմբեր ձեւավորել, ստանալ նյութեր արխիվներից՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնության, տարբեր տարիների քարտեզներ, եւ ելք փոխադարձ որոշումներով: Առաջին հերթին՝ խոսքը սահմանագծման մասին է, որը միանգամից կբացառի հարցերը՝ կապված զինված հակամարտության եւ կրակահերթերի հետ: Եվ հաջորդը սահմանազատումը»:

Նա հիշեցրեց, որ նման խմբեր ձեւավորվել են Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի սահմանները ճշգրտելիս, որտեղ նույնպես կային վիճելի տարածքներ, սակայն լուծումները գտնվել են ոչ թե զինված հակամարտությունների միջոցով, այլ՝ դիվանագիտական ճանապարհով: «Այդ ամենով պետք է շատ լուրջ զբաղվել, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է իր միջնորդական եւ ոչ միայն միջնորդական ծառայությունները՝ այդ թվում պատրաստակամ է տրամադրել պատմական նյութեր, քարտեզներ՝ պաշպանության նախարարության արխիվից, որը կօգնի հայ-ադրբեջանական խմբին, որը կզբաղվի սահմանագծման եւ սահմանազատման հարցերով»,-ասաց Նիկոլայ Բորդյուժան: Ապա շարունակեց. «Ես չեմ կարծում, որ այս փուլում պետք է խոսել, կամ մշակել այնպիսի հարցեր՝ ինչպիսիք զորքեր մտցնելն է, կամ՝ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը: Այն այսօր արվել է՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը, ինչը հանդիսանում է կայունության երաշխիքը»:

Պարոն Բորդյուժայի խոսքով, ինքն ուշադիր հետեւում է այդ գործընթացներին եւ նույն կերպ նեղսրտում է. «Չէ՞ որ Հայաստանի սահմաններին կայուն էր իրավիճակը»:

Խոսելով Ղազախստանում ստեղծված իրավիճակի եւ այնտեղ զորամիավորումներ ուղարկելու անհրաժեշտության մասին, Նիկոլայ Բորդյուժան հատուկ ուշադրություն հրավիրեց Ղազախստանի նախագահի գործողություններին, որոնք, նրա բնորոշմամբ՝ շատ մտածված էին. «Խաղաղապահների համար նրա հարցումը ժամանակին էր: Խորապես համոզված եմ, որ, եթե լիներ դանդաղում, եթե այդ հարցումը 2-3 օր ուշ լիներ, ապա, շատ ավելի մեծ կլինեին զոհերի քանակը եւ ավերածություններից տնտեսական շատ ավելի մեծ վնասներ կկրեր Ղազախստանն ու վարչական կառույցները: Այս ամենում գլխավորը Ղազախստանի նախագահ Տոկաեւի գործողություններն էին»:

Գրիգորի Ռապոտան

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Գրիգորի Ռապոտանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը նույնպես գործեց շատ օպերատիվ, եւ նրա ստորաբաժանումները բարձր համախմբվածություն ցուցաբերեցին.

«Կարեւորը Ղազախստանում չեղան մարտական գործողություններ: ՀԱՊԿ-ը դա մի երկիր չէ, մի քանի երկրներից է կազմված, հատկապես որ այնտեղ որոշումները կոնսեսուսով են կայացվում: Եթե կողմերից մեկը դեմ լիներ՝ դա անհնար կլիներ կազմակերպելը»: Սակայն, ըստ Գրիգորի Ռապոտանի, հարցն այն է՝ ի՞նչ է լինելու հետո եւ ապագայում նման իրադարձությունների կրկնության հավանականությունը մեծ հարցեր է առաջացնում. «Սրա մասին պետք է լրջորեն մտածել»:

Հարցին ի պատասխան՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները որքանո՞վ էին վտանգ ներկայացնում հարեւան երկրների համար Գրիգորի Ռապոտանն ասաց, որ այդ վտանգն ակնհայտ էր. «Ղազախստանը Եվրասիական տնտեսական միությունում կարեւոր եւ առանցքային երկրներից մեկն է, նաեւ՝ ՀԱՊԿ-ում եւ կայունության խաթարումն ու այդ վարակի տարածումը հարեւան երկրներ անխուսափելի էր»:

Նիկոլայ Բորդյուժան էլ համոզված է, որ Ղազախստանում անկայունությունը կբերեր Կենտրոնական Եվրասիական տարածաշրջանում անկայունության. «Իսկ, եթե հաշվի առնենք ոչ կայուն Աֆղանստանը եւ այն քնած ահաբեկչական բջիջները, որոնք կան Կենտրոնական եվրասիական տարածաշրջանի երկրներում, դա կարող է ունենալ ոչ միայն լուրջ հետեւանքներ Կենտրոնական եվրասիական երկրների համար, այլեւ՝ Չինաստանի եւ Ռուսաստանի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31