Լրահոս
Օրվա լրահոսը

«25 տարի Մինսկի խումբը բա ի՞նչ էր անում, մուկ էր տշո՞ւմ»․ Արցախի մասին Փաշինյանի ստերը՝ ըստ Արմեն Աշոտյանի

Հունվար 25,2022 16:09

«Նիկոլ Փաշինյանը փորձում էր խաբել, որ ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը եղել է 92թ․-ին, եւ մենք դեռ այդ ժամանակվանից ենք ռումբեր տեղադրել Արցախի՝ հայկական մնալու համատեքստում։ Ինձ կարծես թե սա չպետք է վերաբերեր, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հիմա պետք է խոսեին նման զավեշտալի պնդումների մասին, բայց մենք վեր ենք այդ ներքաղաքական ճամբարների հետ խանդի տեսարաններ անելուց, որովհետեւ Արցախի հարցը բոլորինս է։ Նախորդ երեք նախագահների ժամանակ Արցախը հայկական էր եւ անկախ էր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պնդմանը, թե ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռեւս 1992թ․-ին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հասկանանք, թե որտեղ է Նիկոլը ժողովրդին գցում։ Նախ, չլուծված սահմանների խնդիր ունեցող երկրները գտնվում են միջազգային կազմակերպությունների անդամակցության մեջ։ Այդ անդամակցության համար կա պահանջ, որ պետք է ճանաչվի տարածքային ամբողջականությունը։ Սա պրոտոկոլային, դեկլարատիվ գործընթաց է, ոչ թե իրական-քաղաքական։ Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, բայց տարածքային վեճեր ունեն իրար հետ։ Կամ, Կիպրոսն ու Թուրքիան ԵԽ անդամ են, բայց տարածքային խնդիրներ ունեն։ Այսինքն, եթե 92թ․-ին ՀՀ-ն ու Ադրբեջանը մտել են ԱՊՀ, դա չի նշանակում, թե երկու երկրների միջեւ տարածքային խնդիրները լուծված են։ Երկրորդ․ Արցախի խնդիրն առնչություն չի ունեցել տարածքային ամբողջականության հետ, որովհետեւ ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ երբեք չի ունեցել տարածքային նկրտումներ։ Արցախի խնդիրը որպես տարածքային վեճ դիտարկելն ադրբեջանական քաղաքականություն է, որը հայր եւ որդի Ալիեւները 25 տարի ասում են։ Այսինքն, Նիկոլը կրկնեց Ադրբեջանի ղեկավարի թեզերը՝ Արցախի խնդիրը մատուցելով որպես տարածքային վեճ։ Արցախի ժողովրդի պայքարը խարսխված է ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա եւ առնչություն չի ունեցել տարածքային ամբողջականության հետ»,-շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։

Արմեն Աշոտյանը նաեւ պարզաբանեց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քանիցս ասել են, որ «մադրիդյան սկզբունքները» մի ամբողջականություն են, որում տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին առկա է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը․ «Եթե ՀՀ-ն, ինչպես Նիկոլն է ուզում հրամցնել, Արցախի հարցից ձեռքերը լվացել է 1992թ․-ին, 25 տարի Մինսկի խումբը բա ի՞նչ էր անում, մուկ էր տշո՞ւմ։ Պարզ չի՞, որ Արցախի խնդիրը չէր լուծվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերով, այլապես Մինսկի խումբ չէր ստեղծվի։ Պարզ է չէ՞, որ Նիկոլը, խնդիրը մատուցելով այսպես, խաբում է։ Բացի այդ, եթե հիմնարար սկզբունքները վատն են, ինչո՞ւ է Նիկոլը կառավարության ծրագրում գրել եւ համաձայնություն տվել դրանց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31