«Փոքր մարդիկ ինքնություն չեն ունենում, չեն կարող որեւէ ազգի կրողը լինել, արժեհամակարգ ունենալ, դրա համար էլ ինքը անկեղծ ասում է, որ մերժում է հայկական արժեքները, իր թիմակիցները նույնպես… Իրենց համար սա երկիր չէ, խաղահրապարակ է, որտեղ եկել են երեխեքով խաղ անեն, գնան, ոչինչ, որ արդյունքում երկիր է կորչում»,- «Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Ասաց, որ առողջական խնդիրների պատճառով որոշ ժամանակ տանն անցկացնելով՝ հետեւել է քաղաքական գործընթացներին, խորհրդարանի աշխատանքին, տարբեր ասուլիսներ դիտել ու կրկին իր համար նոր բացահայտումներ արել:
«Էն որ ասում են՝ Ալիեւն ասում է Երեւանն է իմը, Սեւանն է իմը, Ալիեւն էլ է ձեռ առնում արդեն իրեն, արդեն իրենն է ամեն ինչ, քանի որ նման թիմ ունի Հայաստանում: Եվ այդ խեղկատակությունները, որ արվում են, իբր բանակցություններ եւ այլն, ընդամենը մոլորեցնելու համար են…Հիշում եմ մի ժամանակ ոմանք թուրքական դրոշ էին վառում, ոմանք՝ ռուսական, սա եկավ ու հայկական դրոշը վառեց: Առերեւույթ չի այրել, բայց դա վառած է, եւ մոլորյալները առայժմ տաքանում են դրոշի կրակի շուրջ, հետո ամբողջությամբ մոխիր կդառնա, նոր կհասկանան, թե ինչի շուրջ էին հավաքվել»,-ցավով նշեց Խաչիկ Մանուկյանը:
Նա ասաց, որ որեւէ կերպ չի կարող պատկերացնել, թե ինչ թմբիրի մեջ է ժողովուրդը, որ կարողացավ հեշտ գնալ երկրի ու անձերի զոհաբերման. «Գուցե արդեն արմատից էր պոկված, գուցե արդեն այդ արժեքների կրողը չէինք, գուցե իսկապես շեղվել էինք, եւ մեր արյունն արդեն ինքնությանը չի ծառայում, բայց գիտական մտքերն ասում են, որ հայի գենը հզոր է, պահպանվել է դարերով, եւ պիտի որ թույլ չտար նման սրիկայություններ, դավաճանություն, թշնամանք, բայց արի ու տես, որ եղավ եւ շարունակվում է»:
Կարդացեք նաև
Բանաստեղծն ափսոսանք հայտնեց, որ այդ ամենն ուղղորդվում է նաեւ մշակութային դաշտի ավերումներով, ինչը մարդկանց հնարավորություն չի տալիս վերադառնալ իրենց նախահիմքին, արմատներին, ոգեղենությանը. «Բոլորովին վերջերս հրաժեշտ տվեցինք Ռազմիկ Դավոյանին, ես հասկացա, որ սրանք այնքան են օտարվել մշակութային արժեքներից, որ Դավոյանի նման մեծությանն անգամ փորձեցին արհամարհել, բայց իրենք Դավոյանի ստվերի տակ են մնալու եւ հիմա էլ այդ ստվերի տակ են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ