Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասածների հիմքում Արցախի հանձնումը մարսելու եւ իր իշխանությունն անխոցելի դարձնելու միտումն է»․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 25,2022 15:14

«ԶՈւ արդիականացումն այլընտրանք չունի։ Այլ է խնդիրը, որ իրականում գործընթաց տեղի չի ունենում։ Հետպատերազմյան իրավիճակի երկու կարեւոր խնդիրներից էր ԶՈՒ վերականգնումը։ Մեր շուրջը նոր իրողություններ են, եւ ԶՈՒ արդիականացումն անխուսափելի է, մինչդեռ պատերազմից հետո բոլոր նախարարները հայտարարեցին, որ հայեցակարգ է մշակվում, բայց մեկ տարուց ավելի է, ինչ հայեցակարգ չկա։ ԶՈՒ բարեփոխումների իրականացման համար իշխանությունը որեւէ լուրջ բան չի անում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա առցանց մամուլի ասուլիսին՝ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի՝ ադրբեջանական լինելը․ «Նրա բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված։ Այն, ինչ նա ասում էր երեկ ու վերջին հայտարարություններում, կամ իրականությանը չի համապատասխանում կամ աղճատված է։ Նա հղում է անում մադրիդյան սկզբունքներին ու ասում, որ դրա հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, մինչդեռ սկզբունքները երեքն են՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ուժի սպառնալիքի չկիրառում։ Նա աղճատված թեզեր է ասում, նրա ասածների հիմքում դրված է Արցախի հանձնումը մարսելու եւ իր իշխանությունն անխոցելի դարձնելու միտումը։ Իսկ բանակցությունների փուլերն ու դետալները խեղաթյուրում է, կամ էլ դրանք չեն համապատասխանում իրականությանը»։

Ինչ վերաբերում է իշխանության մատնանշած՝ ՀՀ եւ Ադրբեջանի շփման գծից զորքերի հայելային հետքաշման առաջարկին, ապա Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ դա պետք է վերաբերի միայն Ադրբեջանին, որովհետեւ վերջինս է ներխուժել ՀՀ տարածք եւ օկուպացրել մեր տարածքները․ «Այդ տերմինն արդեն իսկ խնդրահարույց էր։ Մեր կողմից պետք է հստակ նախապայման դրվեր, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան։ Հակառակ դեպքում եթե հայելային հետքաշումը վերաբերում է ՀՀ-ին, ապա մենք կկորցնենք նաեւ մեծ թվով բնակավայրեր, որոնք մի փուլում կգտնվեն չեզոք գոտում, մեկ այլ փուլում՝ Ադրբեջանի ուղիղ վերահսկողության ներքո։ Խոսքը ոչ միայն Շուռնուխի կամ Որոտանի, այլեւ Տեղ գյուղի մասին է եւ ոչ միայն։ Նույնը վերաբերում է նաեւ Գեղարքունիքի հատվածին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31