Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալները հետաքրքրված են կահույքագործությամբ, կոսմետոլոգիայով ու շինարարությամբ

Հունվար 25,2022 14:56

Ազատազրկված անձանց մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը, անձնական աճին, հետագայում նաև՝ վերասոցիալականացմանը և հասարակության մեջ վերաինտեգրվելուն նպաստում են նաև մասնագիտական ուսուցման դասընթացները:

«Այս դասընթացները կարեւոր են, որովհետեւ կան մի շարք ազատազրկված անձինք, որոնք հետաքրքրված չեն բարձրագույն կրթություն ստանալով, բայց գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ կարիք ունեն, որպեսզի իրենց մասնագիտական հմտությունները զարգանան, ինչը ոչ միայն կրթական պրոցեսի մեջ ներգրավելու, այլեւ որոշակի աշխատանքային հմտություններ ձեռքբերելու միջոց է»,- նշեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը «Մեդիա կենտրոնի»՝ «Գեղագիտական և կրթական ծրագրերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ:

«ՊՈԱԿ-ը ընդլայնել է քրեակատարողական հիմնարկների ցանկը, որտեղ իրականացվում են նման դասընթացները: Դրանք սկզբում միայն Աբովյան եւ Արմավիր ՔԿՀ-երում էին, այժմ նաեւ՝ այլ ՔԿՀ-երում: Մասնագիտական ուսուցման դասընթացները կազմակերպվում են նաեւ ՀԿ-ների կողմից: Այս առումով, բավականաչափ աշխատանքներ են կատարել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Գորիսի կանանց ռեսուրսային զարգացման կենտրոնը, վերջերս նաեւ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի դրամաշնորհի շրջանակում՝ երեք ՔԿՀ-ում:

«Դատապարտյալներին աշխատանքային պրոցեսում ներգրավելով՝ պատրաստել են ուսումնական սենյակներ, զարգացրել են իրենց հմտությունները: Այժմ այդ ուսումնական սենյակները ՔԿՀ-ներն օգտագործում են տարբեր կրթական միջոցառումներ իրականացնելու համար»,-հավելեց Նարե Հովհաննիսյանը:

Տեղեկացրեց, որ մեկ այլ նախաձեռնության շրջանակում երեք ՔԿՀ-ում հացաթխման դասընթացներ են կազմակերպվել, որպեսզի հետագայում այդ դասընթացներն անցած դատապարտյալներ կարողանան աշխատանք ունենալ:

Նարե Հովհաննիսյանի խոսքով, շատ կարեւոր է, որ տարբեր ՀԿ-ների իրականացրած ծրագրերի հետագա ֆինանսավորումը պետությունն իր վրա վերցնի:

Բանն այն է, որ մասնագիտական ուսուցման դասընթացները պարբերական և շարունակական բնույթ չեն կրում: Հասարակական կազմակերպությունները դասընթացները կազմակերպում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո համապատասխան ֆինանսավորում չեն ունենում դրանց պարբերականությունը և շարունակականությունն ապահովելու համար:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական և ուսումնական հարցերով տեղակալ, գիտական քարտուղար Մարտին Ալեքսանյանի խոսքով, իրենք անցյալ տարվա դեկտեմբերից ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-23 թթ ռազմավարությունից բխող մասնագիտացումներ են նախատեսել իրենց լիազորությունների շրջանակներում եւ կարիքի գնահատում իրականացրել ՔԿՀ-ներում, որպեսզի այնտեղ ներդնեն արհեստագործական կրթություն:

«Արդյունքները ստանալուց հետո կատարել ենք նախապատրաստական աշխատանքներ: Մի շարք մասնագիտությունների գծով կա բավականին շատ հետաքրքրություն: Այս պահին հետաքրքրությունը երկու՝ Աբովյան եւ Արմավիր ՔԿՀ-ներում է: Այլ ՔԿՀ-ներում եւս հետաքրքրություն կա, բայց մեր ռեսուրսների սղության պատճառով առայժմ այդ երկուսում ենք իրագործում ծրագիրը:

Շինարարական հմտությունների առումով ունենք բավականին մեծ հետաքրքրություն, որը նախատեսումն ենք անցկացնել Արմավիր ՔԿՀ-ում, կոսմետոլոգիական հմտությունների մասով ունենք հետաքրքրություն, որը Աբովյան ՔԿՀ-ում է, այն իր մեջ ներառում է ոչ բժշկական կոսմետոլոգիա, նույն ՔԿՀ-ում նախատեսում ենք իրականացնել դերձակի հմտությունների տրամադրում»,- հավելեց Մարտին Ալեքսանյանը: Ասաց, որ Արմավիրում ծրագրում են անցկացնել փայտամշակման եւ կահույքագործության դասընթացներ, ինչի համար համագործակցության հուշագիր են կնքել պրոբացիոն ծառայության հետ, որպեսզի իրենց աշխատանքը շարունակական լինի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31