Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

107 տարատեսակ ճնշումներ եւ դատական գործեր՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ զեկույցը

Հունվար 25,2022 14:09

«2021 թվականը լրագրողների եւ լրատվամիջոցների համար շատ ծանր տարի էր, եւ դա պայմանավորված էր նախ եւ առաջ Հայաստանում շարունակվող խորը հասարակական-քաղաքական ճգնաժամով, որն առաջացել էր 44-ամյա Արցախյան պատերազմից հետո: Պետք է նաեւ հաշվի առնել այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, իսկ ընտրությունների ընթացքում սովորաբար սրվում է հասարակական-քաղաքական իրավիճակը եւ այդ ամենն անդրադառնում ԶԼՄ-ների ու լրագրողների աշխատանքի վրա: Հարձակումները լրագրողների վրա ահագնանում են»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2021թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:

«Արձանագրել ենք ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա ճնշումների, հարձակումների բազմաթիվ փաստեր: Շատ հատկանշական էր, որ զանգվածային գործողությունների ժամանակ ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլեւ նրանց համախոհները, այդ ցույցերի մասնակիցները որպես կանոն նույնականացնում էին լրագրողներին կամ ԶԼՄ-ին այն քաղաքական ուժի հետ, որի աջակցությամբ կամ հովանու ներքո այն գործում է: Եվ նաեւ այդ դրդապատճառով հարձակումներ էին իրականացվում: Ուղղակի անթույլատրելի էր այդ անհանդուրժողական մթնոլորտը, որ դրսեւորվում էր ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդեպ»,-ասաց ԽԱՊԿ նախագահը:

Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ 2021 թ առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել էր 18 բռնության դեպք, ինչը նախորդ տարվանից մի քանի անգամ ավելի է: Նա ընդգծեց, որ ֆիզիկական բռնության պատճառով տուժել է 20 լրագրող: Ասաց, որ այլ ճնշումներ եւս եղել են տարվա ընթացքում եւ եռամսյակի տվյալներով 107 տարատեսակ ճնշումների դեպքեր են արձանագրվել, գրանցվել սպառնալիքների, բռնության կոչերի, անվայելուչ վերաբերմունքի դեպքեր:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց նաեւ, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվն է աճել 2021-ին. «Իսկապես պետական մարմիններից շատ բարդ է ժամանակին եւ սպառիչ պատասխաններ ստանալը, երբ լրագրողները, ԶԼՄ-ները պաշտոնապես հայցում են այդ տեղեկատվությունը»:

Դատական գործերի թվին էլ անդրադարձ եղավ. «Ընդհանուր առմամբ 62 դատական գործ է եղել, որից 60-ը վիրավորանքի եւ զրպարտության հիմքով, իսկ 2-ը՝ այլ պատճառներով…Դատական վեճերի մասին խոսելիս՝ պետք է ասել, որ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով գործերի հոսքը 2021-ին շարունակվել է, այն 2020-ին նույնպես մեծ թիվ էր կազմում: 2021 թ ընդունվեցին վիրավորանքի եւ զրպարտության վերաբերող օրենսդրական փոփոխություններ, որոնք մտահոգություն առաջացրին լրագրողական հանրությունում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր գործընկեր կազմակերպությունների հետ ակտիվորեն փորձում էր հակազդել այդ ռեգրեսիվ օրինագծերին, ինչ-որ պահի դա հաջողության հասավ, սակայն իշխանություններն, այնուամենայնիվ, արեցին իրենց ասածը: Խոսքը մասնավորապես Ալեն Սիմոնյանի հեղինակած այն օրենքի մասին է, որով վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման վերին շեմերը եռապատկվեցին, բացի դրանից վիրավորանքի մի մասը անջատվեց՝ այսպես կոչված «ծանր վիրավորանք» ձեւակերպմամբ եւ քրեականացվեց, ինչը գնահատեցինք որպես հետընթաց, մինչդեռ 2010 թ. վիրավորանքն ու զրպարտությունը Հայաստանում ապաքրեականացվել էին, ինչը դիտարկվում էր որպես ժողովրդավարական հասարակությանը հարիր քայլ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31