«Հիշեցնեմ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը խորհրդարանում, երբ բարձրաձայնում էր, որ Արմեն Սարգսյանն ունի քաղաքացիության խնդիր։ Իշխանափոխությունից հետո իր կողմից որեւէ անդրադարձ չեղավ այդ հարցին։ Արմեն Սարգսյանը ոչ միայն քաղաքացիության խնդիր ուներ, ինչը մատնանշում էր Նիկոլ Փաշինյանն ու ինչի մասին նա լռեց 2018թ․-ից հետո, այլեւ այլ դրվագներով այլ քաղաքացիությունների հետ կապված խնդիր է ունեցել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարական տալու համատեքստում մամուլում բարձրաձայնվում է նրա՝ ՀՀ քաղաքացիություն ունեցած չլինելու կասկածը։
«Այստեղ հանցակից է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ փաստերով իմացել է ու չի խոսել այդ մասին։ Դրանով եմ պայմանավորում, որ երեկ իր հարցազրույցի ժամանակ նա փորձեց շրջանցել այդ թեման։ Փաշինյանը հանցակից է Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված խնդրին, որովհետեւ իմացել է եւ լռել։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հստակ ակնարկեց, որ նախագահի թեկնածուն պետք է լինի իր կուսակիցը։ Առաջադրելու է իր հավատարիմ մարդկանցից մեկին։ Սա ասում եմ՝ ելնելով բուհերի կուսակցականացված լինելու վերաբերյալ իր ձեւակերպումից»,-հավելեց պատգամավորը։
Ագնեսա Խամոյանի խոսքով․ «Երեկ Նիկոլ Փաշինյանը նաեւ գաղտնազերծեց, որ վերջին պահին է իմացել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Ընդդիմությունն այս հարցով անգամ տեխնիկապես չի հասցրել քննարկում ունենալ, բայց մեր մոտեցումն այն է, որ չենք կարող անմասն մնալ այս գործընթացից, բայց թեկնածու առաջադրելու հետ կապված քննարկում չի եղել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ