Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել»․ Արծվիկ Մինասյան

Հունվար 25,2022 12:50

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՀ  նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահի թեկնածու առաջադրելու առնչությամբ քննարկումների փուլում է։ «Մի քանի չափանիշներ նկատի ունենալով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կասենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ նախագահը պետք է ներդաշնակ գործի կառավարության եւ ԱԺ-ի հետ՝ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր իր իսկ իշխանությանը․ «Ակնհայտ է, որ այդ խոսքում չկա հիմնական միտքը եւ նպատակադրումը, որն առկա է եւ պետք է՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նա պետք է ապահովի սահմանադրությամբ ամրագրվածի լիարժեք իրականացումը»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հետեւյալ դիրքորոշումը հայտնեց․ «Վտանգավոր էր Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումը, որ գործադիր եւ նախագահական ինստիտուտների միջեւ ներդաշնակեցում պետք է լինի։ Եթե հանրամատչելի ասենք, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը նախագահ է ուզում տեսնել մեկին, որը որեւէ առարկություն չի անի որեւէ հարցի հետ կապված, այսինքն՝ ոչ մի խոչընդոտ չի ստեղծի նոր խնդիրների դեպքում, կլինի լուռ եւ անհաղորդ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախագահի թեկնածուների ցանկում շրջանառում են Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի անունները․ ընդդիմությունը դիրքորոշում ունի՞։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Մանրամասներն առաջիկայում կասենք, առաջարկում եմ այլ թեմաների անցնել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31