Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ 49 միավոր, անփոփոխ է մնացել նախորդ տարվա համեմատ

Հունվար 25,2022 14:17

Կոռուպցիայի ընկալման 2021թ․ համաթիվը ցույց է տալիս կոռուպցիայի մակարդակների լճացած վիճակը վերջին տասնամյակում մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարության նահանջի համայնապատկերում

Աշխարհի 27 երկրներ գտնվում են իրենց պատմական նվազագույնի մակարդակում

Բեռլին, հունվարի 25, 2022 – 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ), որն այսօր հրապարակվեց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, ցույց է տալիս, որ կոռուպցիայի մակարդակները ողջ աշխարհով մեկ մնացել են անփոփոխ և վերջին 10 տարիներին երկրների 86 տոկոսը չի գրանցել ոչ մի առաջընթաց կամ, եթե գրանցել է, ապա՝ շատ փոքր։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի ԿԸՀ արդյունքները վեր է հանել այն օրինաչափությունը, որ այն երկրները, որոնցում խախտվում են քաղաքացիական իրավունքները, հետևողականորեն գրանցում են ԿԸՀ-ն ավելի ցածր արժեքներ։ Ինքնագոհությունը կոռուպցիայի դեմ պայքարում ավելի մեծածավալ է դարձնում մարդու իրավունքների խախտումները և խարխլում ժողովրդավարությունը՝ առաջ բերելով արատավոր շրջան։ Իրավունքների և ազատությունների ոլորտում նահանջը և ժողովրդավարության անկումը բերում են ավտորիտարիզմի, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիայի էլ ավելի բարձր մակարդակների հաստատմանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարում մարդու իրավունքների նկատմամբ «վատ չէր լինի, որ հարգվեին» մոտեցումն ուղղակի սխալ է։ Ավտորիտար մոտեցումները ոչնչացնում են անկախ զսպումները և հակակշիռները, և ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում կախման մեջ են դնում վերնախավերի քմահաճույքից։ Ազատ խոսքի և իշխանություններին հաշվետու դարձնելուն ուղղված քաղաքացիների համատեղ ջանքերի ապահովումը դեպի կոռուպցիայից ազատ հասարակություն տանող միակ մնայուն ճանապարհն է։» – նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն։

2021 թվականի ընդհանուր պատկերը

2021 թվականի ԿԸՀ-ն 0-ից (խիստ կոռումպացված) 100 (շատ մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները և տարածքներն ըստ նրանցում հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման։

Տասներորդ տարին անընդմեջ ԿԸՀ համաշխարհային միջինը մնում է անփոփոխ՝ հավասար 43-ի, և երկրների երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից ցածր են։

Համաթվի դասակարգման աղյուսակը 88-ական միավորով գլխավորում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, որոնք նաև Ժողովրդավարության համաթվի քաղաքացիական ազատությունների ամենաբարձր միավոր ունեցող 10 տոկոս երկրների շարքում են։
Սոմալին (13 միավոր), Սիրիան (13 միավոր) և Հարավային Սուդանը (11 միավոր) եզրափակում են ԿԸՀ դասակարգման աղյուսակը։ Սիրիան Ժողովրդավարության համաթվի քաղաքացիական ազատությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է վերջին տեղը (Սոմալին և Հարավային Սուդանը այդ աղյուսակում ընդգրկված չեն)։

27 երկրների, որոնց թվում Կիպրոսը (53 միավոր), Լիբանանը (24 միավոր) և Հոնդուրասը (23 միավոր) 2021 թվականի ԿԸՀ-ները գրանցել են այդ երկրների պատմական նվազագույն արժեքները։

Անցած տասնամյակի ընթացքում 154 երկրների ԿԸՀ արժեքները կամ նվազել են կամ չեն գրանցել զգալի առաջընթաց։

2012 թվականի համեմատ, 23 երկրներում արձանագրվել է ԿԸՀ զգալի նահանջ, ներառյալ այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան (73 միավոր), Կանադան (74 միավոր) և ԱՄՆ-ն (67 միավոր)։ Վերջինս առաջին անգամ դուրս է մնացել աշխարհի ամենաբարձր ԿԸՀ ունեցող 25 երկրների ցանկից։

25 երկրներ էապես բարելավել են իրենց ԿԸՀ-ն, ներառյալ Էստոնիան (74 միավոր), Սեյշելյան կղզիները (70 միավոր) և ՀԱՅԱՍՏԱՆԸ (49 միավոր)։

Յուրաքանչյուր երկրի ԿԸՀ արժեքը և դրա փոփոխությունները, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի համար վերլուծությունը տե՛ս 2021 ԿԸՀ էջը։

Կոռուպցիան, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը

Կոռուպցիայի դեմ պայքարի թուլացման և լճացման պայմաններում, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը հարվածի տակ են։ Եվ դա պատահական համընկնում չէ։ Կառավարությունների կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարության իրավիճակն էլ ավելի վատթարացնելու նպատակով COVID-19-ի համավարակի շարունակական չարաշահումն ապագայում ողջ աշխարհում կարող է բերել կոռուպցիայի իրավիճակի էլ ավելի կտրուկ վատթարացման։

2012 թվականի համեմատ ԿԸՀ նշանակալի անկում արձանագրած 23 երկրներից 19-ը նահանջ են արձանագրել նաև քաղաքացիական իրավունքների իրենց համաթվերում։ Ավելին, 2020 թվականին կատարված իրավապաշտպան ակտիվիստների սպանության 331 փաստագրված դեպքերի (տե՛ս frontlinedefenders.org ) 98 տոկոսը տեղի է ունեցել այն երկրներում, որոնց ԿԸՀ արժեքը 45-ից ցածր էր։

Ֆիլիպինների ԿԸՀ-ն շարունակեց 2014 թվականից սկսված իր անկումը՝ 2021 թվականին իջնելով մինչև 33-ի։ Միաժամանակ 2016 թվականին երկրի նախագահ ընտրված Ռոդրիգո Դուտերտեն շարունակում էր ճնշել միավորվելու ազատությունը և խոսքի ազատությունը։ Այս երկիրն ունի նաև իրավապաշտպան ակտիվիստների սպանությունների բացառիկ բարձր ցուցանիշ՝ 2020 թվականին այնտեղ սպանվել է 20 ակտիվիստ։

Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը ճնշում էր քաղաքական այլախոհներին, լրագրողներին և նույնիսկ առողջապահության ոլորտի աշխատողներին։ Այս երկրի ԿԸՀ-ն վերջին տասնամյակի ընթացքում էապես նվազել է՝ 2021 թվականին իջնելով իր նվազագույն արժեքին (14 միավոր)։

Մալին հայտնվել է քաղաքական, ինստիտուցիոնալ և անվտանգային ճգնաժամում՝ այդ թվում վերջին 10 տարիներին երկրում կատարված երեք ռազմական հեղաշրջումները։ Նրա ԿԸՀ նվազել է՝ հասնելով 29 միավորի։ Միաժամանակ, անկում է ապրում նաև Մալիի քաղաքացիական ազատությունների համաթիվը և շարունակվող ռազմական հակամարտությունը խարխլում է պետական կառավարման գործառույթները՝ հանգեցնելով կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների արատավոր շրջանի։

Նույնիսկ ժողովրդավարական որոշ երկրներում վերջին տասնամյակում գրանցվել է նահանջ միաժամանակ կոռուպցիայի դեմ պայքարում և մարդու իրավունքների ոլորտում։ Լեհաստանի քաղաքացիական ազատությունների համաթիվը նվազել է և միաժամանակ նվազել է նաև վերջինիս ԿԸՀ-ն՝ ընկնելով մինչև 56 միավորի այն պայմաններում, երբ իշխանությունները ճնշում են իրավապաշտպան ակտիվիստներին՝ կիրառելով վիրավորանքի մասին օրենքները և խստիվ սահմանափակելով մամուլի ազատությունը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին հարգել իրենց հակակոռուպցիոն և մարդու իրավունքներին առնչվող պարտավորությունները և ողջ աշխարհի մարդկանց՝ միավորվել փոփոխությունների պահանջի շուրջ։

«Ավտորիտար համակարգերում, որոնցում կառավարությունը, գործարար ոլորտը և լրատվամիջոցները վերահսկվում են մի քանիսի կողմից, սոցիալական շարժումները մնում են իշխանության վրա հսկողության վերջին միջոցը։ Հենց ուսուցիչների, խանութպանների, ուսանողների և այլ շարքային քաղաքացիների իշխանությունն է, որն ի վերջո կհանգեցնի իշխողների հաշվետվողականությանը։» – նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիկսոնը։

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։

ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը․ ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։

Ծանոթագրություններ
Վերջին 10 տարիներին նահանջ են ապրել հետևյալ երկրները․ ԱՄՆ, Ավստրալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բոտսվանա, Գվատեմալա, Թուրքիա, Լեհաստան, Լիբանան, Լիբերիա, Լյուքսեմբուրգ, Կանադա, Կիպրոս, Հարավային Սուդան, Հոնդուրաս, Հունգարիա, Մալի, Մոնղոլիա, Նիկարագուա, Չիլի, Սենթ Լյուսիա, Սիրիա, Վենեսուելա և Ֆիլիպիններ։

Վերջին 10 տարիներին էական առաջընթաց են ունեցել հետևյալ երկրները․ Անգոլա, Ավստրիա, Աֆղանստան, Բելառուս, Գայանա, Եթովպիա, Էստոնիա, Թիմոր-Լեստե, Իտալիա, Լատվիա, Կոտ դ՛Իվուար, ՀԱՅԱՍՏԱՆ, Հարավային Կորեա, Հունաստան, Մյանմա, Մոլդովա, Նեպալ, Չինաստան, Պարագվայ, Սեյշելյան կղզիներ, Սենեգալ, Վիետնամ, Տանզանիա, Ուզբեկստան և Ուկրաինա։
Հետևյալ 27 երկրները 2021 թվականին գրանցեցին իրենց ամենացածր արդյունքը սկսած 2012 թվականից․ Ավստրալիա, Բելգիա, Բոտսվանա, Դոմինիկա, Էսվատինի, Թաիլանդ, Թուրքիա, Իսրայել, Լեհաստան, Լեսոտո, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Կոմորյան կղզիներ, Հարավային Սուդան, Հոնդուրաս, Հունգարիա, Մոնղոլիա, Նիգեր, Նիգերիա, Նիդերլանդներ, Նիկարագուա, Շվեյցարիա, Սերբիա, Սլովենիա, Վենեսուելա և Ֆիլիպիններ։

Լրացուցիչ վերլուծություն հասանելի է այն երկրների համար, որոնք Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից ճանաչվել են որպես դիտարկելու համար կարևոր, ներառյալ Քաթարը (63 միավոր) և Հնդկաստանը (43 միավոր)։

Տվյալների ամբողջական բազան և մեթոդաբանությունը ներբեռնելի են։ Տե՛ս նաև ԿԸՀ 2021 թվականի զեկույցը, որում ներառված են նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլի առաջարկությունները։

ԿԸՀ 2021 թ. Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների արդյունքները

Հայաստանի ԿԸՀ 2021 թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ (49 միավոր), իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար էր 3.50-ի): Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։

2021թ․-ի ԿԸՀ-ի Հայաստանի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս սույն փաթեթի «2021 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները» նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ՝ 2020 թվականին։ Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2022 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2021թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2020թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2021թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2021 թ-ի հրապարակումը (VDEM) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2020թ. հրապարակումը (WEF):

Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ․-ից մինչև 2021թ. ընկած ժամանակահատվածում:

Գծապատկեր 1.

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020 թ.-ին Հայատանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը):

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ինչպես և նախկինում, ներառված է Արևելյան ԵվրոպաԿենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ:

Աղյուսակ 1-ում բերված է Արևելյան Եվրոպա –Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2021թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը:

Աղյուսակ 1.

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2021թ․ ԿԸՀ արժեքները

 

Ինչպես երևում է աղյուսակից, տարածաշրջանի19 երկրների շարքում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս տարածաշրջանում Հայաստանը, զիջում է միայն իր հարևան Վրաստանին, որի ԿԸՀ 2021թ. արժեքն է 55 (համաշխարհային դասակարգման աղյուսակում կիսում է 45-ից 48-րդ տեղերը):

Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր):

Գծապատկեր 2-ում ներկայացված են Հայաստանի և հարևան երկրների ԿԸՀ 2012-2021 թթ. արժեքները:

Գծապատկեր 2.

Ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021 թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է (82-ից 84-րդ տեղեր), Ռուսաստանինը՝ 29 (136-ից 139-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 27 (144-ից 146-րդ տեղեր), իսկ Ղազախստանինը` 37 միավոր (102-ից 104-րդ տեղեր):

Գծապատկեր 3-ում բերված են Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ԿԸՀ 2012-2019 թթ. արժեքները:

Գծապատկեր 3

Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31